Արմեն-Կլոդ Մութաֆյան. «Հայ լինելը ճակատագիր է...»

01-02-2012 14:35:26   | Հայաստան  |  Նշանավոր հայեր
Փարիզի Կլամարե արվարձանում վաղուց ի վեր հիմնավորվել է մեծ ու համերաշխ հայկական համայնք: Այնտեղ ժամանակին գտնվում էին հայկական թերթերի խմբագրություններ, հայկական արհեստանոցներ, քաղաքական կուսակցությունների կենտրոնակայաններ, նույնիսկ հայկական գրախանութ: Հավանաբար այդ պատճառով էլ շատերն առ այսօր Կլամարը անվանում են ,հայկական Փարիզե : Փարիզյան այդ արվարձանում 1942 թվականին ծնվեց հայ ականավոր մաթեմատիկոս ու պատմաբան Արմեն (Կլոդ) Մութաֆյանը: Նա ԵՊՀ պատվավոր դոկտոր է, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ: Արմեն (Կլոդ) Մութաֆյանը 1965 թվականին ավարտել է Փարիզի հարավային համալսարանը` մաթեմատիկոսի մասնագիտությամբ: Տարբեր բուհերում, ըստ որում` ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ ԱՄՆ-ում, Կուբայում, Մեքսիկայում եւ Հայաստանում մաթեմատիկայի դասավանդմանը նա նվիրել է ավելի քան քառասուն տարի: Մաթեմատիկայի բնագավառում նրա հիմնական ուսումնասիրությունները նվիրված են Գալուայի տեսությանն ու գծային հանրահաշվի խնդիրներին: Ուրեմն ինչպե՞ս հայտնվեց այդ կայացած, հաջողակ եւ ըստ որում հայտնի ու երեւելի մաթեմատիկոսը պատմության թավուտներում: Մաթեմատիկայի եւ պատմության միջեւ, ինչպես ասում են` ,սարեր ու ձորերե կան: Որպես կանոն, պատմաբաններն այնքան էլ լավ չեն վերաբերվում մաթեմատիկային, իսկ մաթեմատիկոսներն անտեսում են պատմությունը: Այդ երկու գիտությունն էլ ճշգրտություն է սիրում, բայց պատմության մոտ դա, ցավոք, այնքան էլ լավ չի ստացվում: Ինչ վերաբերում է Կլոդ Մութաֆյանին, ապա այստեղ դեպքն առանձնահատուկ է: Նա իր հաշիվներն ունի պատմության հետ: Հավանաբար, դա հենց այն դեպքն է, երբ ընդունված է ասել. բախտը չէր ժպտա, եթե չլիներ դժբախտությունը: Այդ դժբախտությունը Ցեղասպանությունն էր, որը միշտ առկա էր նրա կյանքում, նրա կենսագրության մեջ, հոր ու մոր խոսակցություններում, որը հնչում էր հայկական թախծոտ երգերում ու կարդացվում հայերի նույնքան թախծոտ աչքերում, որով սկսվում ու ավարտվում էր նրա յուրաքանչյուր օրը… ,Ցեղասպանության ժամանակ,- պատմում է Կլոդը, հայրս` Զարեն, ութամյա տղա է եղել: Նրանց ողջ ընտանիքը կոտորել են, իսկ ինքը ողջ է մնացել, որովհետեւ մեռած են համարել… Հետո նրան գտել էին դիակների կույտի տակ եւ ուղարկել ամերիկյան մանկատուն: 1923 թվականին ամերիկացիները հարյուր որբ երեխա ընտրեցին ու օգնեցին նրանց կրթություն ստանալ Իտալիայում: Հայրս էլ նրանց մեջ էր. գեղանկարչություն էր սովորում Միլանում եւ հետագայում դարձավ նկարիչե: Ցեղասպանության զոհ էր նաեւ մայրը` Հայկուհին, թեեւ նրա բախտը քիչ ավելի էր բերել, քան հորը: Նա ընտանիքի հետ հայտնվել էր մահվան դատապարտված հայերի շարասյան մեջ, որոնց զինված պահակազորով տանում էին սիրիական Դեր-Զոր անապատ: Նա նույնպես հրաշքով խուսափեց մահից: Թուրքի յաթաղանը խլեց Հայկուհու հոր ու հինգ եղբայրների կյանքը. այն ժամանակ տղամարդկանց սպանում էին անկախ տարիքից, նույնիսկ երեխաներին: Դպրոցում Կլոդ Մութաֆյանը լրջորեն տարված էր գրականությամբ, ինչպես նաեւ անտիկ ու միջնադարյան պատմությամբ: Նրան հեշտությամբ էին տրվում լատիներենն ու հին հունարենը: 1977 եւ 1978 թվականներին նա այցելեց պատմական հայրենիք` նախնիների երկիրը: Այդ ուղեւորությունները, գիտնականի խոստովանությամբ, տակնուվրա արեցին հոգին, անսասան տեղ գրավեցին մտքերում ու երեւակայության մեջ: Նրա համար դա հայտնություն էր. տեսնել Անին, Աղթամարը, եկեղեցիների ավերակներն ու հատկապես Կիլիկիայի միջնադարյան ամրոցները… ,Դրանք պարզապես ցնցեցին ինձե,- խոստովանում է գիտնականը: ,Ես պարզապես հմայված էի Կիլիկիայով,- շարունակում է Կլոդ Մութաֆյանը,- սիրահարվեցի նրան առաջին հայացքից… Սիրահարվեցի արտասովոր ամրոցներին, դրանք հայոց պատմության ահռելի ժամանակաշրջանի վկաներն էին: Այդ պատմության մեջ կային բոլորը` եւ՜ թուրքերը, եւ՜ բյուզանդացիները, եւ՜ ռոմանական ժողովուրդները, այսինքն ֆրանկները` իրենց խաչակրաց արշավանքներով, այնտեղ կային եւ՜ մոնղոլները, եւ՜ արաբները… Եվ այդ ամենի կենտրոնում` հայե՜րըե : Այդ հետաքրքրությունից ծնվեցին պատմագիտական հետազոտություններ` նվիրված Մերձավոր Արեւելքի միջնադարյան շրջանի խնդիրներին, Կիլիկիայի հայկական պետության պատմությանը, մշակույթին, աշխարհաքաղաքական ու դիվանագիտական դերին, Արցախի պատմության խնդիրներին… Դրան նախորդեցին ուսումը Փարիզի մանկավարժական ինստիտուտում, բյուզանդագիտության խնդիրների խոր ուսումնասիրությունը Սորբոնի համալսարանում, գիտահետազոտական բազմամյա աշխատանքը, որի արդյունքներն ընդհանրացվեցին եւ հաջողությամբ պաշտպանվեցին դոկտորական ատենախոսությամբ: Կիլիկիայի հայկական պետության պատմությունը, Կլոդ Մութաֆյանի համոզմամբ, ինչ-որ չափով հայ ժողովրդի համառոտ պատմությունն է: Դարեր շարունակ Հայաստանը գտնվել է մուրճի ու զնդանի միջեւ. Հռոմի եւ պարթեւների, Բյուզանդիայի ու արաբների, Օսմանյան կայսրության եւ Պարսկաստանի… Իսկ Կիլիկիան կայսրությունների խաչմերուկում էր: Հենց այդպես էլ վերնագրել է գիտնականն իր երկհատոր աշխատությունը: Այնտեղ խոսվում է ոչ միայն հայկական Կիլիկիայի, այլեւ կիլիկյան ողջ պատմության մասին` անտիկ ժամանակներից մինչեւ մեր օրեր: Կլոդ Մութաֆյանի շնորհիվ Ֆրանսիան եւ առաջին հերթին` ֆրանսահայերը իմացան Ցեղասպանության եւ Արցախի ազգային ազատագրական շարժման մասին ողջ ճշմարտությունը: Մութաֆյանի գրչին են պատկանում նաեւ Հայկական հարցի մասին գիտահանրամատչելի գրքույկներ: Երբ Կլոդ Մութաֆյանին հարցնում են, թե հե՞շտ է արդյոք իր համար հայ լինելը, նա պատասխանում է. ,Ես այստեղ` Ֆրանսիայում ներկայացնում եմ երկու մշակույթ: Հայ լինելն ու, ասենք, ֆրանսիացի լինելը միանգամայն տարբեր բաներ են: Կարող ես հայ լինել ծագումով, ազգանունդ կարող է ,յանե վերջավորությունն ունենալ, բայց դա դեռ չի նշանակում, թե հայ ես: Հայ լինելը փորձություն է, ճակատագիր: Դա փորձություններով լի դժվարին ճակատագրի ընտրություն է: Ֆրանսիայում դու ստանում ես ֆրանսիական քաղաքացիություն, ֆրանսիական անձնագիր: Եվ հայի ճակատագիրն ընտրելու համար պիտի քեզ հայ զգասե : Կլոդ Մութաֆյանի համոզմամբ, հայի ճակատագիր ընտրելու համար պարտադիր չէ ծագումով հայ լինել: Կա հայագետ գիտնականների փայլուն համաստեղություն (Ժան Պիեռ Մաե, Բեռնար Ուտիե, Շառլ դե Լամբերտրի, հայր Ռենու եւ ուրիշներ), որոնք ծագումով հայ չլինելով` ընտրել են Հայաստանը, հայոց պատմությունն ու մշակույթը: Նրանք ընտրել են հայկական ճակատագիրը, Հայաստանն ու հայագիտությունը դարձել են նրանց ողջ կյանքի գործը: Դրանից ավելի ի՞նչ կարող է լինել: Գուրգեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Նոյյան տապան - Հայերն այսօր 27.08.2009
 


Նոյյան տապան   -   Նշանավոր հայեր
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից