Տեղի է ունեցել խորհրդաժողով՝ նվիրված Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին


Տեղի է ունեցել խորհրդաժողով՝ նվիրված Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին

  • 16-02-2012 17:24:58   | Իրան  |  Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 15-ին Թեհրանի պետական համալսարանում ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության, ԻԻՀ ԱԳՆ ԱՊՀ եւ սահմանակից երկրների գլխավոր վարչության, Թեհրանի համալսարանի Կովկասագիտության ուսումնասիրությունների կենտրոնի եւ Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի` «Հուսկի» մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդաժողով` նվիրված Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցել են ԻԻՀ մեջլիսի ներկա եւ նախկին պատգամավորներ, ԻԻՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, Թեհրանի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, իրանահայ համայնքի անդամներ եւ լրագրողներ: Խորհրդաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նա շնորհավորել է ներկաներին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 20-ամյակի կապակցությամբ: Այնուհետեւ ելույթներով հանդես են եկել ԻԻՀ ԱԳՆ ԱՊՀ եւ սահմանակից երկրների գլխավոր վարչության պետ Մոհամմադռեզա Մորշեդզադեն, Թեհրանի համալսարանի պրոռեկտոր Աբդոլռեզա Սեյֆը, ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, Թեհրանի համալսարանի Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, ԻԻՀ մեջլիսի նախկին պատգամավոր տիկին Էլահե Քուլայեն, Իրան-Հայաստան առեւտրի տան նախագահ Լեւոն Ահարոնյանը, ՀՀ-ում ԻԻՀ նախկին դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին: Ելույթ ունեցողները բարձր են գնահատել երկու բարեկամ եւ հարեւան երկրների 20-ամայա հարաբերությունները` նշելով, որ բազմաբնույթ համագործակցությունը եւ համատեղ ծրագրերի իրականացումը հասել է գործնական եւ փոխշահավետ բարձր մակարդակի, ինչը ներկայումս արագ եւ վերընթաց զարգացում է ապրում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացվեց ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Գառնիկ Բադալյանի «Հայաստան-Իրան հարաբերությունները 20 տարեկան են» գիրքը: Սեմինարի շրջանակներում տեղի է ունեցել իրանահայ գրող, բանաստեղծ եւ թարգմանիչ Խաչիկ Խաչերի արեւմտահայ բանաստեղծ Զահրատի բանաստեղծությունների պարսկերեն թարգմանված ժողովածուի շնորհանդեսը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play