Միջոցառում՝ նվիրվրած Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ


Միջոցառում՝ նվիրվրած Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ

  • 20-02-2012 12:25:43   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Չկայ եւ ոչ մի իրաւական հիմք մի ամբողջ ժողովրդի ապրելու իրաւունքը անտեսելով՝ համեմատել այն խօսքի ազատութեան սկզբունքի հետ»: «ԱԼԻՔ» - Փետրւարի 18-ին Սասուն քաղաքամասի «Նայիրի» սրահում տեղի ունեցաւ միջոցառում՝ Ֆրանսիայի սենատում ցեղասպանութիւնների փաստի ժխտումը քրէականացնող օրինագծի ընդունման առիթով: Ձեռնարկին, որ նոյն քաղաքամասում գործող չորս քոյր՝ «Հայ կին» միութեան կից «Արմենուհի», Ս. Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցասէր կանանց, Փերիոյ Կրթասիրաց եւ Հ. Մ. «Սիփան» միութիւնների նախաձեռնութիւնն էր, ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Գէորգ Վարդանեանը, Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը եւ դեսպանութեան աշխատակազմը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչները, հոգեւոր հայրեր եւ լեփ-լեցուն դահլիճով հանդիսատես: Ձեռնարկը մեկնարկւեց օրւայ հաղորդավար Նայիրի Շիրւանեանի բացման խօսքով, ապա ցուցադրւեց «Եւրոնիւզ»-ից տեսագրւած սենատի տւեալ որոշումը քննարկող եւ Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող տեսաֆիլմը, որին յաջորդեց օրւայ բանախօս իրաւաբան դոկտ. Աիդա Յովհաննիսեանի ելոյթը: Բանախօսը ծանրանալով սենատի ընդունած բանաձեւի եւ ցեղասպանութիւնը ժխտելու, ինչպէս նաեւ շահարկւող խօսքի ազատութեան սկզբունքի վրայ, իր տեսակէտը հիմնաւորեց ժողովրդին մատչելի լեզւով. «Չկայ եւ ոչ մի իրաւական հիմք մի ամբողջ ժողովրդի ապրելու իրաւունքը անտեսելով՝ համեմատել այն խօսքի ազատութեան սկզբունքի հետ»: Այսպիսով՝ բանախօսը հիմնաւորեց, որ տւեալ երեւոյթը ոչ միայն չի անտեսում մարդու այդ ամենահիմնական իրաւունքը, այլ երաշխաւորում է այդ ազատութեան գոյութիւնը՝ յարգելով միւսների նոյնանման իրաւունքները: Բանախօսի ելոյթին յաջորդեց Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Գէորգ Վարդանեանի նոյնպէս դիպուկ ելոյթը, որով նա շեշտելով Ցեղասպանութեան ամեակների նշելու կարեւորութիւնը՝ յուշեց, որ յեղափոխութեան յաղթանակից առ այսօր իրանահայութիւնը միշտ էլ առիթ է ունեցել Եղեռնը յիշատակելու իր կազմակերպած ժողովրդական ցոյցերի միջոցով, որի ժամանակ Իրանի իշխանութիւնը ստանալով թուրքական կողմի բողոքներն ու դժգոհանքով հանդերձ՝ արտօնել եւ առիթ է ընձեռել՝ շարունակելու յիշատակման այդ արարողակարգը: Վերջին խօսքն ասելու առիթը տրւեց Իրանում Հայաստանի դեսպան Գ. Առաքելեանին, որն իր շնորհակալական խօսքն ուղղեց միջոցառման կազմակերպիչներին եւ ներկայ ժողովրդին եւ յայտնեց, որ ինքը նոյնպէս շնորհակալական նոտա է յղել Իրանում Ֆրանսիայի դեսպան Բրունօ Ֆուշերին: Միջոցառումն աւարտւեց Հայաստանի կոնսերւատորիայի շրջանաւարտ Լեռնիկ Հայրապետեանի կատարմամբ՝ «Դլէ եաման»-ով: Ծրագրի ընթացքում նա եւս երկու դասական ոճի երգերի կատարմամբ ոգեւորեց ներկաներին: Գեղարւեստական բաժնի մաս կազմեցին նաեւ՝ Հերմինէ Օրոջեանը եւ Նարբէյ Հաթամեանը՝ Գ. Էմինից եւ Պ. Սեւակից ասմունքներով: «ԱԼԻՔ» օրաթերթ 19 փետրւարի 2012 թ.
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը