Վտանգի տակ է դրված ազգի գենոֆոնդը


Վտանգի տակ է դրված ազգի գենոֆոնդը

  • 21-02-2012 21:02:51   | Հայաստան  |  Հասարակություն

Հայ ազգային կոնգրեսը ողջունում է Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում հանրային շահերի պաշտպանության համար համախմբված բնապահպանների պայքարը եւ իր պատրաստակամությունն է հայտնում մաս կազմելու բնապահպանական նախաձեռնություններին` հասարակության առջեւ ծառացած էկոլոգիական հիմնախնդիրները լուծելու համար: Այս մասին նշվում է ՀԱԿ-ի բնապահպանական հարցերով հանձնաժողովի փետրվարի 21-ի հայտարարության մեջ: «Միաժամանակ, կարեւորելով գրագետ էկոլոգիական քաղաքականության առկայությունը եւ էկոլոգիական խնդիրների լուծման հարցում համակարգված մոտեցումների անհրաժեշտությունը, Հայ Ազգային Կոնգրեսի բնապահպանական հարցերով հանձնաժողովը հանրության քննարկմանն է ներկայացնում էկոլոգիական քաղաքականության հայեցակարգի նախագիծը, որը հասարակական քննարկումների արդյունքում կարող է լրամշակվել եւ դրվել Կոնգրեսի ծրագրային քաղաքականության հիմքում»: Ըստ հայտարարության հեղինակների, ստեղծված իրավիճակում էկոլոգիական հիմնախնդիրները առաջացրել են հրատապ եւ հիմնովին փոփոխությունների անհրաժեշտություն: «Այսօր Հայաստանում շահագործվում են հանրային սեփականություն համարվող հարյուրավոր հանքավայրեր, որոնցից ստացվող գերշահույթները, սակայն, մտնում են իշխանության բուրգի գագաթին կանգնած մի քանի ավազակապետերի գրպանը: Ունենալով խոպանչու հոգեբանություն` վարչախումբը ուղղակիորեն հարձակվել է հանրությանը պատկանող բոլոր բնական պաշարների վրա` հաջորդ սերունդներին թողնելով միայն աղտոտված, ապրելու համար ոչ պիտանի շրջակա միջավայր: Հանքավայրերին հարակից տարածքներում բնակչության օրգանիզմը թունավորված է ծանր մետաղներով, ինչի հետեւանքով մարդիկ կորցնում են իրենց առողջությունը` դրա դիմաց չստանալով արդարացի փոխհատուցում: Անոմալ ծնունդները դարձել են սովորական երեւույթ, վտանգի տակ է դրված ազգի գենոֆոնդը»: ՀԱԿ-ի հանձնաժողովը նշում է, որ երկրի տնտեսությանը պատճառվող վնասի չափով հատկապես անթույլատրելի է Թեղուտի հանքավայրի շահագործումը, ինչի հետեւանքով ամբողջովին ոչնչացվելու է Թեղուտի անկրկնելի էկոհամակարգը` պետության տնտեսական հաշվեկշռից հանելով զարգացման հսկայական պոտենցիալ ունեցող մի ամբողջ տարածաշրջան: Սոցիալական խնդիրների լուծման պատրվակով բացահայտ թալանի է ենթարկվելու սերունդներին պատկանող հարստությունը` բնությանը պատճառելով անհամաչափ վնաս: Տեղի բնակչության սոցիալական խնդիրները կարող են լուծվել տարածքի բնառեսուրսներին համարժեք տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմամբ` առանց շրջակա միջավայրին անհամաչափ վնաս պատճառելու: Ըստ ՀԱԿ-ի հանձնաժողովի, նույնչափ անթույլատրելի են նաեւ Ամուլսարի, Հրազդանի եւ այլ տարածքների ու հանքավայրերի այդօրինակ շահագործումը: «Հասարակության կարիքներին անհաղորդ իշխանությունները իրենց հատուկ գավառականությամբ շարունակում են քաղաքային այգիների եւ պուրակների «սրճարանացումը», հանրային կանաչ գոտիների հաշվին անճաշակ շինությունների կառուցումը, ինչի հետեւանքով անճանաչելիորեն աղավաղվել է Երեւանի ճարտարապետական տեսքը: Օրենսդրական անհեթեթ փոփոխություններ կատարելու, գործադիր իշխանության մարմինների կողմից անօրինական որոշումներ ընդունելու միջոցով ամեն կերպ «օրինականացվում» է հանրային կանաչ տարածքները մասնավոր բիզնես պրոյեկտի վերածելու գործելաոճը»,- ասվում է հայտարարության մեջ: ՀԱԿ-ը հավելում է, որ ստեղծված իրավիճակի լուծումը տեսնում է միայն համակարգային փոփոխությունների միջոցով: «Գործող վարչախումբը շահագրգռված չէ արժանապատիվ ու բարեկեցիկ հասարակություն ձեւավորման հարցում: Հակառակը, նրանց պետք է ունենալ նվաստացված, ճորտացված, աղքատ բնակչություն, որը կարող է մտածել միայն արվա հացը վաստակելու համար եւ իրենց համար «ավելորդ» խնդիրներ չի ստեղծի նաեւ բնապահպանական հարցերում, չի պայքարի անտառների կամ պուրակների ոչնչացման, շրջակա միջավայրի ավերման դեմ: Ուստի, հանցավոր ռեժիմից օր առաջ ձերբազատվելը նաեւ Հայաստանի բնության եւ էկոլոգիական առողջացման միակ հնարավորությունն է»,- ասվում է հայտարարության մեջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն