Հայ եւ պարսիկ մտավորականներն նշեցին «Պայման»-ի 15-ամյակը


Հայ եւ պարսիկ մտավորականներն նշեցին «Պայման»-ի 15-ամյակը

  • 22-02-2012 13:52:29   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ահաւասիկ սրանից 15 տարիներ առաջ իրանահայ մամուլի կեանքում մի նոր էջ բացւեց: Թէեւ իրանահայութեան մօտ թերթ հասկացութիւնն ունի գրեթէ դարաւոր անցեալ, բայց ոչ այն տպագիր մամուլը, որը հային պարսկերէն լեզւով ծանօթացնի իր իրանցի հայրենակիցներին: Այս անհրաժեշտութիւնից ելնելով՝ 15 տարիներ առաջ ծնունդ առաւ «Պայման» եռամսեան: «Պայման»-ի 15-ամեակը այն առիթն էր, որ երէկ երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում համախմբել էր հայ եւ պարսիկ մտաւորականներին, պետական այրերին, որոնք ինչ-որ ձեւով առնչակից են եղել «Պայման»-ին: Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնած միջոցառմանը բացման խօսքով եւ ինչու չէ նաեւ հաղորդավարութեամբ ելոյթ ունեցաւ Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, որը տարիներ շարունակ իր ուսումնասիրական յօդւածներով նեցուկ է հանդիսացել «Պայման»-ին: Միջոցառմանը ներկաներին խօսք ուղղեց «Պայման»-ի 10 տարիների խմբագիր Արմինէ Առաքելեանը, որը կարեւորութեամբ անդրադարձաւ «Պայման»-ի այն առաքելութեանը, որ ներկայացնում է հայ եւ պարսիկ ժողովուրդների մշակութային ընդհանրութիւնները: Նա իր գնահատանքի խօսքն ուղղեց բոլոր նրանց, ի մասնաւորի Թ. Հ. Թեմական խորհըրդին՝ յատկացւող նպաստի համար, եւ «ՀՈՒՍԿ»-ին, որի աջակցութեամբ է հրատարակւում «Պայման»-ը: Միջոցառմանը արտայայտւեց իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան Կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատու Սաիդ Թաղաւին, որը շնորհաւորելով «Պայման»-ի 15-ամեակը՝ անդրադարձաւ «Պայման»-ի տարիների արտօնատէր հանգուցեալ դոկտ. Լեւոն Դաւթեանի անխոնջ ջանքերին: Հանդիսութեանը բանախօսեց «Բոխարա» մշակութային հանդէսի գլխաւոր տնօրէն Ալի Դեհբաշին, որը կարեւորեց այն հանգամանքը, որ «Պայման»-ի նիւթերը ինքնուրոյն բնոյթ կրելով՝ ուսումնասիրութիւնների համար լաւագոյն աղբիւր են: Օրւայ բանախօսներից էր նաեւ Իսլ. խորհըրդարանի գրադարանի Փաստաթղթերի բաժնի տնօրէն դոկտ. Թաթարին: Նա կարեւորութեամբ անդրադառնալով պատմական փաստագրական նիւթերի անհրաժեշտութեանը՝ նշեց «Պայման»-ի նման դերակատարութիւնը եւ «Պայման»-ին նւիրեց տւեալ բաժնի հրատարակած նոր գրքի առաջին հատորը՝ «Իրանի Ազգային խորհրդարանում հայերը եւ հրեաները»: Հանդիսութեանը ներկաներին իր խօսքն ուղղեց «Պայման»-ի հիմնադիրներից ճարտ. Ալբերտ Աճեմեանը, որը հակիրճ տողերով անդրադարձաւ «Պայման»-ին ծնունդ տւող պայմաններին եւ երախտագիտական խօսքերով արտայայտւեց հանգուցեալ դոկտ. Լեւոն Դաւթեանի անվերապահ ջանքերի մասին: Միջոցառմանն արտայայտւեց Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելեանը, որն անդրադարձաւ «Պայման»-ի այն դերին, որով հայը իր բոլոր կողմերով ներկայացւում է պարսկալեզու հասարակութեանը: Օրւայ առիթով արտայայտւեցին «ՀՈՒՍԿ»-ի վարչութեան պատասխանատու Սուրիկ Աբնուսեանը եւ «Պայման»-ի ներկայի պատասխանատու տնօրէն Վարդան Վարդանեանը: Յիշեալ ամեակի նշման գեղարւեստական ծրագրի դերակատարներ՝ Մայիս Մատթէոսեանը (դաշնամուր), Վրէժ Մելիքեանը (սաքսիֆոն), Նորիկ Ղարաբէգեանի երգեցողութեամբ կատարեցին երաժշտական կտորներ՝ թէ՛ Կոմիտասից, եւ թէ՛ Մոհամմադ Նուրիից, որը ապացուցում էր հայ-իրանական մշակութային սերտ կապերը: Վերջում Թեմական խորհրդի ատենապետ Էդւարդ Բաբախանեանի, «Պայման»-ի պատասխանատու տնօրէն Վարդան Վարդանեանի, «Պայման»-ի հիմնադիրներից Ալբերտ Աճեմեանի ձեռամբ յուշանւէրներ յանձնւեցին «Պայման»-ի խմբագրական կազմի անդամներին: Նշելի է, որ սրահում կազմակերպւել էր «Պայման»-ի 56 համարներից ցուցահանդէս, իսկ ծրագրի աւարտին՝ հիւրընկալութիւն: «ԱԼԻՔ» օրաթերթ
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play