Իրանական ճգնաժամը մեծ սպառնալիք է հանդիսանում Հարավային Կովկասի համար
02-03-2012 12:28:38 | Իրան | Վերլուծություն
Երկրների հարաբերությունները Թեհրանի հետ տարբեր են, սակայն բոլորը հավասարապես խոցելի են հակամարտության սրման դեպքում
Կովկասյան լրատու # 630
Հարավային Կովկասը երբեւէ հետխորհրդային ժամանակաշրջանում այնքան մեծ ուշադրության չի արժանացել համաշխարհային գերտերությունների կողմից, որքան այս պահին: Իրանական միջուկային ճգնաժամը սպառնում է ապակայունացնել վիճակը Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում: Հակասությունների սրման պարագայում, տարածաշրջանն ականատես կլինի պատերազմների, հանցավորության, անապականության եւ աղքատության տարածմանը:
Վերջին տարիներին Իրանի հետաքրքրությունը Վրաստանի նկատմամբ մեծապես աճել է, ինչին նաեւ նպաստել է երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցումը:
Թեհրանի քաղաքական եւ տնտեսական դերը Հայաստանում առավել նշանակալի է`պայմանավորված այն հանգամանքով, որ վերջինիս մեկուսացման մեջ է գտնվում. Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանները փակ են, այդ պատճառով Երեւանը բարեկամական հարաբերությունների տեսանկյունից մեծ ընտրություն չունի:
Այնուամենայնիվ, Իրանի համար ամենահամեղ պատառը էներգետիկ պաշարներով հարուստ նրա հյուսիսային սահմանակից հարեւանն է`Ադրբեջանը: Ահա այստեղ է Իրանը կենտրոնացրել իր ջանքերը: Իրանը, որտեղ միլիոնավոր էթնիկական ադրբեջանցիներ են ապրում, եւ որը Իսլամի շիա ուղղությունն է դավանում, ակտիվ գործունեություն է ծավալել Ադրբեջանում 1991 թվականից`տարածելով իր կրոնական արժեքներն ադրբեջանական բնակչության շրջանում, որտեղ նույնպես գերակշռում են շիաները:
Անկախացումից ի վեր, Ադրբեջանը փորձել է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել, քանի որ բոլոր կողմերից երկրին սպառնալիքներն են հետապնդում, սակայն միեւնույն ժամանակ`հնարավորություններ են ընձեռնվում: Այնուամենայնիվ, սա թույլ է տվել Ռուսաստանին եւ Իրանին ընդլայնել իրենց ազդեցությունը Ադրբեջանի քաղաքականության վրա: Այսպես, Թեհրանը կարող է դիմել կրոնական խմբավորումների օգնությանը`ադրբեջանական կառավարության վրա ազդելու համար:
Իրանն Ադրբեջանի աշխարհիկ համակարգն իրական սպառնալիք է համարում: Իրենք`իրանցիներից շատերը, կնախընտրեին ապրել ադրբեջանական վարչակարգին նման կառավարական համակարգում, չնայած այստեղ տարածված կոռուպցիային, անօրինությանն ու աղքատությանը, քան իրենց սեփական երկրում:
Դժբախտաբար, Ադրբեջանում քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների ջախջախման պայմաններում ազատ տարածություն է ստեղծվել իրանամետ խմբավորումների զարգացման համար, քանի որ իշխանությունները ոչնչացրել են ընդդիմության բոլոր ներքին տարատեսակները, որոնք կարող էին սպառնալ նրանց իշխանական մենաշնորհին: Մի շարք փորձագետներ այն կարծիքին են, որ Իրանին հաջողվել է լայնամասշտաբ հետախուզական ցանց ստեղծել Ադրբեջանում:
Ադրբեջանն արեւմտյան նավթային ընկերությունների համար կարեւոր կենտրոն է համարվում. այն տարանցիկ երկիր է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների մատակարարումների համար եւ սերտ, սակայն միաժամանակ կեղծ քաղաքական ու տնտեսական հարաբերություններ է պահպանում Իսրայելի հետ:
Իրանի`հետզհետե ավելի ագրեսիվ դարձող վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ Արեւմուտքի հետ արագ զարգացող հարաբերություններին վերջ տալու փորձ է: Այն առնվազն ցանկանում է ապահովել Բաքվի չեզոք դիրքը, եթե Վաշինգտոնը պատերազմ սկսի:
Իրանցի քաղաքական գործիչների կտրուկ հայտարարություններն Ադրբեջանի հասցեին, այդ թվում`«Մոսսադ»-ի գաղտնի գործակալներին աջակցելու եւ իր տարածքը նրանց տրամադրելու վերաբերյալ մեղադրանքները, նպատակ ունեն ստիպել, որպեսզի Բաքուն չափազանց զգույշ լինի արտաքին ուժերին աջակցություն տրամադրելու հարցում: Ակնհայտ է, որ եթե իսկապես պատերազմ սկսվի, Ադրբեջանը, տարածաշրջանի մյուս բոլոր երկրների պես, մեծապես կտուժի:
Տնտեսական շրջափակման հետեւանքով կմեծանա իրանցիների հոսքը դեպի այս երեք հարավկովկասյան երկրներ, իսկ հակամարտությունը կարող է այս զանգվածային արտագաղթը հումանիտար աղետի վերածել: Ադրբեջանում, որտեղ արդեն իսկ մեծաթիվ ղարաբաղյան փախստականներ կան, կարող են այս անգամ հարյուր հազարավոր գաղթականներ հայտնվել Իրանից:
Իրանի տնտեսական շրջափակման հետեւանքով ամենից շատ կորուստներ կկրի Հայաստանը, քանի որ այն սերտ առեւտրա-տնտեսական հարաբերությունների մեջ վերջինիս հետ, սակայն տարածաշրջանի բոլոր երեք երկրներին էլ անխուսափելիորեն մաքսանենգության`այդ թվում հերոյինի ապօրինի շրջանառության ծավալների սարսափելի աճ է սպասվում: Տարածաշրջանում գործող կազմակերպված հանցավոր խմբավորումներում Իրանի ներգրավվածությունը եւս կմեծանա:
Իսլամիստները, անկասկած, առավել ակտիվ կսկսեն գործել եւ կարող են տարածաշրջանում թիրախային հարձակումներ կազմակերպել:
Ռազմական գործողությունների հավանականությունը նույնպես չպետք է բացառել: Ի տարբերություն Իրանի գլխավոր հակառակորդների`ԱՄՆ-ի եւ Իսրայելի, Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը ռազմական առումով թույլ են, ինչի հետեւանքով այս երեք երկրները կարող են կարճատեւ, հեշտ հաղթանակ խոստացող պատերազմի թիրախ թվալ, որը թույլ կտա այսպիսով ամրապնդել Իրանում հասարակական աջակցության մակարդակը:
Հնարավոր է, որ երեք երկրների ժողովուրդները, օգտվելով ստեղծված անկայուն իրադրությունից, կփորձեն ավելի մեծ քաղաքացիական ազատություններ պահանջել, սակայն այս դեպքում պետություններն ավելի խորը ճգնաժամի մեջ կհայտնվեն:
Հետեւաբար, զարմանալի չէ, որ հարավկովկասյան երեք երկրների իշխանությունները չեն շտապում արձագանքել Իրանի շուրջը ծավալվող միջազգային զարգացումներին: Չէ՞ որ սպառնալիքի տակ հենց իրենց ապագան է հայտնվել:
Արաստան Օրուջլուն «Արեւելք-Արեւմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավարն է Բաքվում: