Ռաջաբ Սաֆարով.«Իրանի դեմ պատերազմի դեպքում Հայաստանի կողմից չեզոք քաղաքականություն որդեգրելը սխալ կլինի»


Ռաջաբ Սաֆարով.«Իրանի դեմ պատերազմի դեպքում Հայաստանի կողմից չեզոք քաղաքականություն որդեգրելը սխալ կլինի»

  • 02-03-2012 12:29:44   | Իրան  |  Վերլուծություն

Հայկական կողմը մտահոգվում է, որ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կարող են վնաս հասցնել մեծ ճիգերի գնով ձեւավորված տնտեսական եւ էներգետիկ կապերին: Եվրամիության կողմից կիրառված պատժամիջոցների հետեւանքով Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը սպառնում է հայ-իրանական միլիարդավոր դոլարների արժողության էներգա-տրանսպորտային նախագծերի իրականացմանը, ընդհուպ մինչեւ շրջափակում: Իրադրությունը բարդացավ հատկապես հունվարի 12-ին, երբ Իսրայելը մեղադրեց իրանական կողմին Վրաստանում իր դիվանագետներից մեկի մեքենան պայթեցնելու անհաջող փորձը ձեռնարկելու մեջ: Եվրոպական Միությունն իր հերթին Իրանի վիճահարույց միջուկային ծրագրի պատճառով երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների շրջանակներում հունվարի 23-ին արգելեց այնտեղից նավթ ներմուծել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով Թուրքայի եւ Ադրբեջանի հետ բարդ հարաբերությունների եւ Վրաստանից ունեցած ծանր կախվածության պայմաններում, որի տարածքով է իրականցվում հայաստանյան բեռնա/ուղեւորափոխադրումների մեծ մասը, երկրից հարավ տեղակայված Իրանը այլընտրանքային ուղի է հանդիսանում, որը կապում է Հայաստանն արտաքին աշխարհի հետ: Քրիստոնեական Հայաստանի եւ Իսլամի շիա ուղղությունը դավանող Իրանի միջեւ հարաբերությունները զարգացան ԽՍՀՄ փլուզումից հետո, եւ երկու երկրները մի շարք համաձայնագրեր են ստորագրել միլիարդավոր դոլարների արժողության տնտեսական եւ ենթակառուցվածքային համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ: Երկու երկրների քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրերի են ճանապարհորդում ոչ միայն հարեւան պետությունում առեւտրի իրականացման, այլ նաեւ զբոսաշրջության նպատակով: Ներկայում Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը իրականացվում է միայն Վրաստանի տարածքով: Իրանի հետ կապող երկաթգծի շինարարության նախագիծը, որը մասնագետների գնահատմամբ արժե մոտավորապես 2 միլիարդ դոլար, եւ որին Հայաստանի իշխանությունները առաջնահերթ նշանակություն են տալիս, թույլ կտա էներգառեսուրսների եւ այլ ապրանքների փոխադրման այլընտրանքային ուղի ստեղծել: Հայաստանը եւ Իրանը մի շարք համատեղ էներգետիկ նախագծեր են իրականացնում, այդ թվում`Իրան-Հայաստան նավթատարի եւ նավթի վերամշակման գործարանի կառուցումը, որը թույլ կտա ոչ միայն իրանական նավթային գործարանների արտադրանքը ներմուծել (բենզին եւ դիզելային վառելանյութ), այլ նաեւ Պարսից ծոցի երկրներից նավթային արտադրանքը տեղափոխել նախ իրանական Թավրիզ քաղաքը, իսկ այնտեղից`Երասխ: Երկու երկրները նաեւ ծրագրում են սահմանամերձ Արաքս գետի վրա Հարավային Կովկասի ամենահզոր հիդրոէլեկտրակայանները կառուցել, որոնցից յուրաքանչյուրը տարեկան շուրջ 793 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա պետք է արտադրի: Նախատեսվում է նաեւ բարձր լարման երրորդ էլեկտրագծի կառուցումը, որի շնորհիվ արտադրվող էներգիայի ընդհանուր հզորությունը կկազմի 1200 ՄՎտ: «Արդեն ակնհայտ է, որ Իրանի դեմ կիրառված տնտեսական պատժամիջոցները անգամ առանց ռազմական գործողությունների իրականացման ուղղակի սպառնալիք են հանդիսանում հայ-իրանական տնտեսական նախագծերի համար: Պետք է հաշվի առնել այն փաստը, որ այս բոլոր նախագծերը, որոնք Իրանը պատրաստվում է իրականացնել Հայաստանում, հենց Թեհրանի կողմից են ֆինանսավորվում, օրինակ`Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների, բարձր լարման էլեկտրագծի եւ երկաթուղու կառուցումը: Իրանի ֆինանսական հնարավորությունները ակնհայտորեն սահմանափակվում են պատժամիջոցների հետեւանքով, իսկ սա կհանգեցնի Հայաստանի հետ համատեղ նախագծերի դադարեցմանը», - ասում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, Իրանի հարցերով փորձագետ Սեւակ Սարուխանյանը: Նրա խոսքերով, այս ամենը սպառնում է ոչնչացնել վերջին տասը տարիների ընթացքում ձեւավորված հայկական էներգետիկ համակարգը`հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ողջ էներգետիկ քաղաքականությունն ուղղված էր Ռուսաստանից եւ տրանզիտային մենաշնորհային գոտի հանդիսացող Վրաստանից մատակարարվող գազամատակարարմանը այլընտրանք ստեղծելու համար: Հայաստանի էներգետիկայի նախարարության տվյալներով`2011-ին էլեկտրաէներգիայի արտադրության 15 տոկոս աճ է գրանցվել նախորդ տարվա համեմատությամբ, որից 12 տոկոսն ուղղված է Իրանի հետ իրականացվող «գազ`էլեկտրաէներգիայի փոխարեն» նախագծի շրջանակներում իրականացվող էլեկտրաէներգիայի արտահանմանը: 2006-ին կառուցված Իրան-Հայաստան գազատարը նախատեսված է բոլոր անկանխատեսելի իրադրությունների դեպքում Հայաստանը բնական գազով ապահովելու համար: «Հայաստանի էներգետիկ արտահանումների ողջ քաղաքականությունը կենտրոնանում է Իրանի վրա, որը մեզանից էլեկտրաէներգիա է գնում գազի փոխարեն: Արդյունքում`մենք կվերադառնանք 90-ականների վիճակին, երբ գազի մատակարարումն իրականացվում էր միայն Վրաստանից, իսկ ատոմակայանի փակման դեպքում մենք ամբողջությամբ կախվածության մեջ կհայտնվենք Վրաստանից», - կանխատեսում է Սարուխանյանը: Փորձագետները նշում են, որ Իրանի հետ սահմանը Հայաստանի համար այլընտրանքային է, եւ պատերազմական դրության դեպքում այդ սահմանի փակումը կարող է քայքայիչ ազդեցություն ունենալ երկրի տնտեսության համար: «Թուրքիայի հետ սահմանը փակ է, հաշվի առնելով Ռուսաստանի եւ Վրաստանի բարդ հարաբերությունները, Վրաստանը կարող է դիմել մենաշնորհային մեխանիզմների օգտագործմանը, որից հետո Հայաստանը կհայտնվի շրջափակման մեջ», - ասում է տնտեսական գիտությունների թեկնածու, Երեւանի պետական համալսարանի դասախոս Կառլեն Խաչատրյանը: «Իրանը Հայաստանի համար կարեւոր առեւտրային գործընկեր է: 2011-ին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կազմեց 323,4 միլիոն դոլար`աճելով 13,6 տոկոսով, ինչի արդյունքում Իրանը վերջին 4-5 տարվա ընթացում չորրորդ տեղում է հայտնվել ապրանքաշրջանառության ծավալով: Ավելացել է զբոսաշրջիկների քանակը, իրանցիները նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել Հայաստանում: Իշխանությունները պատրաստ են կրկնակի մեծացնել այս ցուցանիշները մոտակա 2-3 տարիների ընթացքում, սակայն պատժամիջոցների կիրառման պայմաններում մեր հնարավորությունները սահմանափակվում են, իսկ պատերազմի ընթացքում ենթակառուցվածքները կոչնչացվեն», - ասում է ԵՊՀ դասախոս Կառլեն Խաչատրյանը: Հայ եւ իրանցի պաշտոնյաներն իրենց հերթին հույս ունեն, որ բոլոր նախագծերը կշարունակվեն: «Իրանում ստեղծված իրադրությունը լուրջ ազդեցություն չի ունենա երկու երկրների տնտեսական հարաբերությունների, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսության վրա որպես այդպիսին, քանի որ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ միշտ էլ խնդիրներ են եղել, սակայն լուծվել են բանակցությունների միջոցով», - ասում է Հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն`Երեւանն Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության` խաղաղ բանակցությունների միջոցով լուծման կողմնակիցն է: Հայաստանում Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը իր հերթին հավատացնում է, որ վերջերս Իրանի շուրջ զարգացող իրադարձությունները որեւէ բացասական ազդեցություն չեն ունենա հայ-իրանական հարաբերությունների վրա: «Մենք միշտ էլ եղել ենք եւ կլինենք մեր հայ ընկերների կողքին, եւ այս մասին են վկայում Իրանի եւ Հայաստանի նախագահների բարձրաստիճան փոխադարձ այցերը: Մենք ունենք բազում տնտեսական նախագծեր, որոնք շարունակում ենք իրականացնել», - հայտարարել է դեսպանը: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը 2011 թվականի մարտին այցով մեկնել էր Իրան, իսկ նույն թվականի դեկտեմբերի վերջին Երեւան այցելեց Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Այնուամենայնիվ, քաղաքական վերլուծաբանների կարծիքով`Իրանում հնարավոր պատերազմը կարող է լրջորեն ապակայունացնել տարածաշրջանը տեղական հակամարտությունների վերսկսման առումով`խախտելով անկայուն զինադադարը, որը հաստատվել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ: «Բաքուն կփորձի դիմել ղարաբաղյան հակամարտության ուժային լուծմանը, եթե Արեւմուտքը ռազմական գործողություններ սկսի Իրանի դեմ: Չպետք է անտեսել Ադրբեջանի կողմից Ղարաբաղում պատերազմ նախաձեռնելու հավանականությունը, քանի որ սա միանգամայն հնարավոր է», - ասում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով`պատերազմի հետեւանքով մեծաթիվ իրանցի փախստականների հոսքը կարող է ուղղվել Հայաստան: «Արեւմուտքը դեռեւս պատրաստ չէ Իրանի վրա ռազմական ճնշում գործադրել, եւ պատերազմի հեռանկարը անիրատեսական է թվում`հաշվի առնելով ԱՄՆ-ի նախապատրաստությունները նախագահական ընտրություններին, սակայն տեսականորեն Հայաստանը կարող է դառնալ այն երկիրը, որտեղ տեղի կունենան ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունները», - ասում է Կիրակոսյանը: Ժամանակակից Իրանի ուսումնասիրման կենտրոնի գլխավոր տնօրեն, ռուս փորձագետ Ռաջաբ Սաֆարովի խոսքերով`Իրանի դեմ պատերազմի դեպքում Հայաստանի կողմից չեզոք քաղաքականություն որդեգրելը սխալ կլինի, երկրին անհրաժեշտ է ակտիվորեն պաշտպանել սեփական շահերը: «Հայաստանը եւ Ռուսաստանը պետք է Իրանի շուրջ ստեղված իրադրության խնդիրը արտահերթ քննարկման դնեն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում, քանի որ այդ իրավիճակն անմիջականորեն անդրադառնում է այդ երկու պետությունների շահերի վրա», - կարծիք է հայտնել Սաֆարովը «??? ???????»-ի կողմից կազմակերպված «Մեծ Կովկասը» պատժամիջոցների եւ սպառնալիքների լծի ներքո. Իրանի գործոնը» թեմայով Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ: Նաիրա Մելքումյան (ազատ լրագրող) Կովկասյան լրատու # 630
Նոյյան տապան  -   Վերլուծություն