Կ.Ավագյան.«Հայոց սպարապետն իր կյանքով և գործունեությամբ օրինակ պետք է լինի երիտասարդների համար»


Կ.Ավագյան.«Հայոց սպարապետն իր կյանքով և գործունեությամբ օրինակ պետք է լինի երիտասարդների համար»

  • 05-03-2012 12:51:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մամուլի հաղորդագրություն Հրաձգության մրցաշար` նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան Մարտի 4-ին ՀՀ Պաշտպանության նախարարության` Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել էր հրաձգության մրցաշար` նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան: Մրցաշարին մասնակցում էին ՀՀԿ Արարատի մարզի տարածքային կազմակերպության շուրջ 100 երիտասարդներ եւ նույն մարզի ավագ դպրոցների աշակերտներ: Մեկնարկից առաջ մասնակիցները ճանաչողական շրջայցով եղան նաեւ Վ.Սարգսյանի ռազմական ինստիտուտի թանգարանում, այնուհետեւ ծանոթացան ինստիտուտի ողջ կառուցվածքին: Մրցաշարը անցկացվեց «Մենամարտ» մարզասարքի միջոցով, իսկ հաղթողները որոշվեցին` խփված թիրախների քանակով: Հաղթողներին եւ մրցանակակիրներին շնորհվեցին համապատասխան կարգի պատվոգրեր, իսկ 3 լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները պարգեւատրվեցին նաեւ հուշանվերներով: Հատկանշական էր, որ մասնակիցների մեջ շատ էին նաեւ աղջիկները, ովքեր չէին զիջում խիզախությամբ եւ կրակելու վարպետությամբ: Միջոցառման նպատակն էր բարձրացնել երիտասարդների ընդհանուր մարզառազմական մակարդակը եւ բարձր պահել հայրենասիրական ոգին: Ինչպես նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը շարունակում է ռազմահայրենասիրական միջոցառումների շարքը` նվիրված Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին: Այդ շարքում առանձնահատուկ է ուշադրությունը ահրաձգության մրցաշարի հանդեպ` նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան, քանի որ յուրաքանչյուր հայորդի պետք է տիրապետի զենքից օգտվելու հնարքներին: «Միջոցառումը կկրի շարունակական բնույթ նաեւ այլ մարզերի ուսանողների եւ ավագ դպրոցների աշակերտների համար: Մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ` բանակ-հասարակություն կապը ամրապնդելու համար: Եվ պատահական չէ, որ միջոցառումների հիմքն է Վ.Սարգսյանի ծննդյան օրը, որովհետեւ հայոց սպարապետը իր կյանքով եւ գործունեությամբ օրինակ պետք է լինի մեր երիտասարդների համար», - հավելել է Կ.Ավագյանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն