Զավեշտալի ներկայացում, թե՞ Ռուսաստանի ազդեցությունն ի ցույց դնելու նպատակով ծրագրված նենգ դավադրություն


Զավեշտալի ներկայացում, թե՞ Ռուսաստանի ազդեցությունն ի ցույց դնելու նպատակով ծրագրված նենգ դավադրություն

  • 26-03-2012 17:59:21   | Հայաստան  |  Վերլուծություն
Երեւանի կենտրոնում գտնվող ընդարձակ գրասենյակում առաջինն աչքի է զարնում Վլադիմիր Պուտինի`պատից պատ փակցված դիմանկարը: Մյուս պատերին էլի պաստառներ են` Ռուսաստանի նախկին վարչապետի` այժմ արդեն նորընտիր նախագահի տարբեր տարիքի լուսանկարներով` սկսած դպրոցական հասակից մինչեւ մեր օրեր, նրա կյանքի ու գործունեության մասին տեղեկատվություն, մեջբերումներ նրա հանրահայտ խոսքերից: Սա Ռուսաստանի նախագահական ընտրություններից առաջ`փետրվարի 2-ին Երեւանում բացված «Պուտին» ակումբն է: Ակումբը կարող էր սովորական համարվել Ռուսաստանում, սակայն հայկական իրականության մեջ աննախադեպ երեւույթ է: Հիմնադիրներն ասում են`ակումբը մի վայր է, որտեղ հաջողության գաղտնիքը փնտրող երիտասարդները կարող են գտնել իրենց հարցերի պատասխանները` Պուտինի անցած ուղին ուսումնասիրելով: Ակումբը դեռ անդամներ չունի, բայց կարող են անդամակցել բոլոր ցանկացողները: «Այս մարդու մեջ տեսնում ենք լիդերին, ով իր ասածի տերն է ցանկացած ոլորտում»,- ասում է ակումբի ղեկավար Արարատ Ստեփանյանը: Նա ասում է, որ իր գաղափարն էր «Պուտին» ակումբ հիմնելը, ինչի համար դիմել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանին: Նա էլ ընդառաջել է: Նիկողոսյանը բնակվում է Մոսկվայում: Նա հայտնի գործիչ չէ, թեեւ ֆեյսբուքում իր անձնական նկարներից մեկի վրա գրված է` «հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունն ամրապնդող հասարակական գործիչ»: Հայաստանը տնտեսական եւ քաղաքական սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, սակայն քաղաքական գործչի`այն էլ օտարազգի գործչի պատվին ակումբ բացելու գաղափարը վրդովեցրել է շատերին: Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Քաղաքագիտության եւ պատմության ամբիոնի վարիչ, Քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանը ակումբը համարում է «օտարի հանդեպ ստորաքարշության դրսեւորում»: «Թող ազգային հայ գործիչներից մեկի անունով բացեին, օրինակ` առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի: Իսկ եթե «Պուտին» է, ապա նույն տրամաբանությամբ պետք է նաեւ «Օբամա», ինչու ոչ` նաեւ «Ահմադինեժադ» ակումբ բացել»,- ասում է քաղաքագետը: Իշխանական օղակները եւս հակասական վերաբերմունք ունեն ակումբի նկատմամբ: Հայաստանում իշխող` Հանրապետական կուսակցությունը, որը սերտ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, ձեռնպահ մնաց մեկնաբանություններից, իսկ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պատասխանելով ակումբի ստեղծման մասին ֆեյսբուքյան իր էջի հարցին, գրել է. «Դա յուրաքանչյուր մարդու ընտրության հարց է: Ես չէի անդամակցի նման ակումբի»: Թե´ նախընտրական, թե´ հետընտրական որեւէ շրջանում Հայաստանում երբեւէ չի եղել քաղաքական նման ակումբ: «Պատահական չէ, որ այս ակումբը ստեղծվեց ՌԴ նախագահական ընտրությունների շեմին` նպատակ ունենալով ակտիվացնել հայաստանյան քաղաքական դաշտի ռուսամետ ուժերին»,- բացատրում է Քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Քաղաքական տեսության ամբիոնի դասախոս Աբրահամ Գասպարյանը` ավելացնելով, որ պուտինյան ակումբի ստեղծումը Հայաստանում չողջունեց եւ ոչ մի քաղաքական ուժ»: Ակումբի բացման լուրը մեծ, բայց բացասական արձագանք գտավ ֆեյսբուք սոցիալական ցանցում: «Արմքոմեդի» հումորային նախագծի ներկայացուցիչներն էլ ծաղրեցին նախաձեռնությունը: Մի խումբ բլոգերներ, ակտիվ քաղաքացիներ, Արմքոմեդի նախագծի հեղինակների մասնակցությամբ բացեցին այլընտրանքային «Պուտին» ակումբ, որի ամբողջ բացման արարողությունը ծաղր ու հեգնանք էր, բացման խոսքով հանդես եկողների ձեռքում ռուսական օղիով լի բաժակներ եւ թթու վարունգներ էին: Այս միջոցառումը լայն արձագանք գտավ մամուլում, եւ շատ լրատվամիջոցներ հումորը չհասկանալով, գրել էին այս միջոցառման մասին, լուրջ նյութեր: «Արմքոմեդի» նախագծի ներկայացուցիչ Սերգեյ Սարգսյանն ասում է, որ «Պուտին» ակումբի հեգնական տարբերակի ստեղծման նպատակը իրականի իսկությունն ի ցույց դնելն էր: «Նպատակն էր հնարավորինս լայն ցուցադրել «իրական» ակումբի աբսուրդությունը, քծնանքը եւ ընդհանրապես դրա նվաստացուցիչ բնույթը մեր երկրի համար: Հայերի համար տհաճ ապտակ էր այլ երկրի քաղաքական գործչի պաշտամունքի կենտրոնի բացումը, այն էլ` հայ երիտասարդության անունից,- ասում է Սարգսյանը:- Կարծում եմ` նպատակին հասանք, եւ երիտքծնողների ակումբը տապալվեց»: Սարգսյանը նշում է, որ պատրաստ են հեգնանքի ողջ խստությամբ արձագանքել գլուխ բարձրացրած ցանկացած նմանատիպ երեւույթի: Այնուամենայնիվ, Իսկական «Պուտին» ակումբի հիմնադիրները պատրաստվում են մեկական «Պուտին» ակումբ բացել Հայաստանի յուրաքանչյուր մարզկենտրոնում: Հաջորդը կլինի Արարատի մարզում: Ակումբի հիմնադիր, միջազգային հարաբերությունների մասնագետ Արարատ Ստեփանյանը նշում է, որ ակումբը քաղաքականությամբ երբեւէ չի զբաղվելու: Նրա խոսքերով`ակումբում քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունները, երիտասարդները ներկայացնելու են երկու երկրների համագործակցությունը զարգացնելու`իրենց գաղափարները: «Պուտին» ակումբը առաջինն ու միակն է ողջ ԱՊՀ տարածքում: Ակումբին անդամագրվելու կարգ չկա, քննարկումների մասին տեղեկատվությունը տարածում են, ով հետաքրքրված է, մասնակցում է: Ցանկացողները կոնտակտային տվյալ են թողնում, որ հետագայում իրենց տեղեկացնեն իրենց նախընտրած թեմատիկայով միջոցառումների մասին: Երեւանյան ակումբում գործունեության մեկ ամսվա ընթացքում իրականացվել է երեք թեմատիկ քննարկում ԱՊՀ երկրները երրորդ տասնամյակում երիտասարդների աչքերով, Եվրասիական միության հեռանկարը հայ երիտասարդների աչքերով եւ Հասարակական կազմակերպությունների դերը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում: Բոլոր երեք քննարկումներին էլ մասնակցել է 20-ամյա Արման Ղուկասյանը` «Ինտերնացիոնալ» շարժման հայաստանյան ներկայացուցիչը: Լսելով ակումբի մասին` հետաքրքրվել է գաղափարով: Վերջինս նշում է, որ ակումբում ընդգրկվել է, քանի որ այն ազատ հարթակ է կարծիքների, գաղափարների ներկայացման համար. «Սովորաբար քննարկումների համար վայր գտնելը գումար արժե, իսկ այս պարագայում, եթե հետաքրքիր գաղափար ունես, կարող ես ակումբի տարածքն օգտագործել»: Ղուկասյանը հավաստիացնում է, որ Պուտինի երկրպագու չէ եւ նման ձեւաչափով ակումբ կայցելեր նաեւ, եթե այն այլ գործչի անուն կրեր: Ակումբին էլ դրական է վերաբերվում. «Ոչ մի վատ բան չեմ տեսնում, մինչ օրս միայն կլոր սեղաններ են կազմակերպել»: Վերլուծաբանների կարծիքով`«Պուտին» ակումբի բացումն արտացոլում է Հայաստանի`արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռությունը պահպանելու ձգտումը: Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության եւ Ադրբեջանի հետ ունեցած թշնամանքի պատճառով, Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են, եւ Ռուսաստանը համարվում է երկրի հիմնական տնտեսական գործընկերը ու անվտանգության երաշխավորը: Տնտեսական առումով Ռուսաստանը Հայաստանի անփոխարինելի գործընկերն է: Հայաստանում ներդրումների առյուծի բաժինը Ռուսաստանինն է` հատկապես կապի, էներգետիկայի, բանկային ու երկաթուղային ոլորտներում: 2011-ին հայ-ռուսական առեւտրաշրջանառության ծավալը հասավ աննախադեպ`1 միլիարդ դոլարի: Քաղաքագետ Գասպարյանը առանձնացնում է Հայաստանի` ՀԱՊԿ անդամակցությունը, քանի որ այդ ձեւաչափում հայ-ռուսական հարաբերությունները մեծ թափով են զարգանում: 2011-ին Հայաստանը հարստացրել է իր զինանոցը ռուսական սպառազինությամբ: Քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ու Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի դասախոս Նարեկ Գալստյանը ասում է` իզուր չէ, որ հայ-ռուսական հարաբերությունները բնորոշվում են որպես ռազմավարական-դաշնակցային: «Բնորոշումը անվերապահ կլիներ, եթե ՌԴ-ն`ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցը, քանիցս ռազմական սպառազինություն վաճառած չլիներ իր ռազմավարական դաշնակից, ՀՀ-ի հետ փաստացի պատերազմի մեջ գտնվող պետությանը՝ Ադրբեջանին»,-ասում է Գալստյանը: Էներգետիկ ոլորտում հայ-ռուսական գործակցության նոր փուլի մասին հայտարարեց «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Նիկոլայ Սպասսկին` 2011-ի հոկտեմբերին` ԱՊՀ երկրների միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովի 12-րդ նիստից հետո: Ռուսաստանը այդ հայտարարությամբ հաստատեց Հայկական ԱԷԿ-ի նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ֆինանսավորումը: Աբրահամ Գասպարյանը կարծում է, որ «Տնտեսական ենթակառուցվածքների, մասնավորապես` էներգետիկայի ու կապի ոլորտում ռուսաստանյան ազդեցությունը սահմանափակում է արտաքին ճակատում պաշտոնական Երեւանի մյուս հնարավորությունների օգտագործումը, թեեւ այժմ փորձեր են անում`եվրաբարեփոխումների ճանապարհով քայլ առ քայլ հեռանալ ռուսական ավտորիտար ավանդույթներից ու քաղաքական մշակույթից:»: Ակումբի գաղափարին դեմ լինելով` քաղաքագետ Շիրինյանը դեմ չէ հայ-ռուսական հարաբերություններին եւ դրանց առավել ամրապնդմանը: Նրա կարծիքով` «Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ունենա ռուսական շեշտադրում` պահպանելով բազմավեկտոր ուղղվածությունը: Այնուամենայնիվ, քաղաքագետները կասկած չունեն, որ անկախ Կրեմլում ղեկավարի փոփոխությունից, Ռուսաստանյան ազդեցությունը, ըստ նրանց, կլինի մշտական: «Որքան էլ ժխտենք, միեւնույն է, Ռուսաստանը իր ազդեցությունն ունի Կովկասում: Ու եթե հանկարծ կորցնի իր ազդեցությունը, ապա վակուումը կլցվի թուրքական ազդեցությամբ, ինչպես Վրաստանի եւ Ադրբեջանի պարագայում, ինչը Հայաստանի համար ձեռնտու չէ»,- ասում է Շիրինյանը` շեշտելով, որ պատմության դասերը հաշվի առնելով` Հայաստանը միշտ պետք է զգուշավոր լինի Ռուսաստանի գործընկերության հարցում: Արփի Հարությունյան եւ Հայկուհի Բարսեղյան "Կովկասյան լրատու"
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play