Ալեքսանդր Մանասյան. Ադրբեջանն է ֆաշիստ եւ ցեղասպանածին պետություն


Ալեքսանդր Մանասյան. Ադրբեջանն է ֆաշիստ եւ ցեղասպանածին պետություն

  • 04-04-2012 15:35:51   | Հայաստան  |  Քաղաքական



Ղարաբաղյան հակամարտության կարգավորման 20-ամյա պատմության մեջ եւ առայսօր բանակցային սեղանին դրված չէ խնդրի իրավական փաթեթը: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի մամուլի սրահում լրագրողների հետ ապրիլի 4-ի հանդիպմանը նշեց «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ-ի նախագահ, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը: Ըստ քաղաքագետի, 1991թ. եւ դրանից առաջ Արեւմուտքը որոշում էր ընդունել հետխորհրդային տարածքում գոյացած նորանկախ պետությունները ճանաչել նախկին միութենական հանրապետությունների սահմաններում: Այդ էր պատճառը, որ անտեսվեց 1990թ. ապրիլի 3-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից ընդունված օրենքը, ըստ որի եթե միութենական հանրապետությունը դուրս է գալիս Խորհրդային Միության կազմից, ապա դրա կազմում գտնվող ինքնավար կազմավորումները իրավունք ունեն ինքնուրույն որոշելու իրենց կարգավիճակը՝ ընդհուպ մինչեւ անկախ պետության ստեղծումը: Արեւմուտքի այդ դիրքորոշումը ընդունելի է դարձել նաեւ Ռուսաստանի համար, որն իր կազմում ուներ տասնյակ ինքնավար կազմավորումներ եւ Ադրբեջանի կազմից Լեռնային Ղարաբաղի դուրս գալը կարող էր նախադեպ դառնալ նաեւ սեփական կազմավորումների համար: Հայաստանը նույնպես համաձայնեց Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ եւ նահանջ կատարեց Հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդի 1989թ. դեկտեմբերի 1-ին ընդունած համատեղ որոշումից: Արդյունքում Արցախը ստիպված էր առաջ անցնել Հայաստանից եւ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Ալեքսանդր Մանասյանը գտնում է, որ հակամարտության կարգավորման գործընթացը գնացել է խնդրի քաղաքական լուծման ճանապարհով: Այդուհանդերձ Արեւմուտքը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրն ունի իրավական կողմ՝ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի կողմից առաջարկված բոլոր կարգավորման առաջարկություններում նշվում են միջազգային իրավունքի նորմեր՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքները: Ա.Մանասյանը համամիտ չէ այն պնդումների հետ, թե այդ սկզբունքները հակասում են իրար: Իրականությանը չեն համապատասխանում նաեւ այն պնդումները, թե տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա է ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ: Քաղաքագետը գտնում է, որ եթե բանակցությունների սեղանին դրվեր խնդրի կարգավորման իրավական փաթեթը, շատ բաներ կլուծվեին: Նա նկատեց, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը մի քանի անգամ ճանաչվել է, այդ թվում՝ վերոհիշյալ 1990թ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ, ուստի այսօր այդ ճանաչված իրավունքը պետք է հարգվի: « Ադրբեջանը լավ է իմանում, որ իրավական փաթեթը դեռ սեղանին չի լինի, դրա համար էլ նույնպես բղավում է, որ պահանջում ենք, որպեսզի խնդիրը լուծվի իրավական դաշտում, լավ իմանալով, որ այդ իրավական փաթեթը իր դեմ է»,- ասաց Ալեքսանդր Մանասյանը: «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ-ի նախագահը համոզված է, որ ղարաբաղյան խնդիրն ունի պարզ լուծում, «մեղքը ոչ թե խնդրինն է, այլ մոտեցմանն է»: Կամաց-կամաց խնդիրը, ըստ Ա.Մանասյանի, սկսում են կապել՝ եւ Ադրբեջանը առաջին հերթին, տարածաշրջանային խնդիրների հետ՝ Իրանի, Թուրքիայի, Սիրիայի շուրջ իրադարձությունների շրջանակում: «Ադրբեջանը ամեն ինչ կանի, որպեսզի հրահրի Եվրոպային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին մեր խնդիրները կապել այլ խնդիրների հետ, որպեսզի ինքը կարողանա ծառայություն մատուցել Արեւմուտքին, ԱՄՆ-ին, Եվրոպային կամ Ռուսաստանին»,- նկատեց քաղաքագետը: Ըստ Ա.Մանասյանի, բանակցային գործընթացի ձգձգման արդյունքներից է նաեւ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի առաջընթացը. եթե սկզբնական շրջանում Ադրբեջանը հանգիստ նստում էր բանակցության սեղանի շուրջ եւ համաձայն էր, որպեսզի ԼՂ ներկայացուցչի հետ դեմ առ դեմ բանակցություն վարի, ապա այսօր նա իր պահվածքը կոշտացրել է: Նախօրեին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հոխորտանքների պատճառն այն է, որ «Ալիեւը տեսնում է, որ չի հաջողվում Մինսկի խմբի շրջանակներում վճռական բեկում մտցնել հօգուտ Ադրբեջանի»: Ա.Մանասյանը գտնում է, որ ԱԺ պատգամավորները այլ պատասխան պետք է տային՝ «դեմ չենք, որ խնդիրը քննարկվի իրավական փաթեթի հիմքի վրա, եւ տեսնենք, թե ով է զավթիչը՝ Հայաստանը, թե՞ Ադրբեջանը», ինչը չարվեց: «Ֆաշիստական երկիրը ինքն է հենց, պետք է ասեին, բանտարկված ժողովուրդներին՝ լեզգիներ, թաթեր, թալիշներ, ուդիներ, հարցրեք, թե ով է ֆաշիստը»: Ալեքսանդր Մանասյանը գտնում է, որ ԼՂ խաղաղ կարգավորման ներկա ձեւաչափը շատ կայուն եւ այս փուլում ձեւաչափի որեւէ փոփոխություն անհնարին է: Նա միաժամանակ գտնում է, որ քարոզչական ճակատում հայկական իշխանությունները պասիվ են, դրա հետեւանքն է Խոջալույի շուրջ ադրբեջանցիների բարձրացրած աղմուկը: Ուստի, ըստ նրա, անհրաժեշտ է միջազգայնացնել ադրբեջանահայության ցեղասպանության հարցը, դրա մեկ դրվագը Մարաղան է. «Չենք խոսում, որ Ադրբեջանը ցեղասպանածին պետություն է: Դա երեւում է նաեւ Խոջալուի դեպքերի օրինակի վրա. Ադրբեջանցիները անտեր-անտիրական մեսխեթցի թուրքերին կոտորել են մեզ վրա բարդելու համար, այն հաշվարկով, որ բողոքողներ չեն լինելու, ադրբեջանցիներին նախապես ապահով դուրս են բերել Խոջալուից»: Ադրբեջանցիների կողմից ներկայացվող նկարներն էլ Կոսովոյից, Իրաքից, Թուրքիայից են, ինչը բացահայտվել է, եւ նրանք խայտառակվել են:
Նոյյան տապան  -   Քաղաքական