Բակո Սահակյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը հանրապետության Նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով


Բակո Սահակյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը հանրապետության Նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով

  • 11-04-2012 17:46:05   |   |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 11-ին այցելել է Ասկերանի շրջան եւ մասնակցել Իվանյան գյուղի մոտակայքում կազմակերպված ծառատունկին: Այնուհետեւ Նախագահն ուղեւորվել է Մարտակերտ շրջկենտրոն եւ մասնակցել շրջվարչակազմի ընդլայնված նիստին` նվիրված 2011թ. շրջանում իրականացված աշխատանքներին: Զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Լեւոն Չալյանը, համայնքների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները եւ այլ պատասխանատուներ: Նախագահն իր խոսքում նշել է, որ առանձնակի ուշադրություն է դարձվում Մարտակերտի շրջանի զարգացմանը` հաշվի առնելով նրա հսկայական ներուժը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ շրջանում նախատեսված մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացումը նոր որակ կհաղորդի ինչպես Մարտակերտի, այնպես էլ ամբողջ հանրապետության առաջընթացին: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Հանդիպման վերջում Նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, այդ թվում` առաջիկա նախագահական ընտրություններում իր մասնակցությանը վերաբերող հարցին: Բակո Սահակյանը նշել է, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը հանրապետության Նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով` ինքնաառաջադրման կարգով, քանի որ չի հանդիսանում որեւէ կուսակցության անդամ: Իր այս որոշումը Նախագահը բացատրել է այն հանգամանքով, որ պատասխանատվություն է զգում ավարտին հասցնել այն բոլոր ծրագրերը, որոնք սկսել է իր պաշտոնավարման այս հինգ տարիների ընթացքում: Երկրի ղեկավարը չափազանց կարեւորել է ժողովրդի` որպես իշխանության գերագույն կրողի վստահությունը եւ ընդգծել, որ միայն նման վստահության շնորհիվ է հնարավոր լուծել մեր հանրապետության առջեւ ծառացած հրատապ խնդիրները, իրականացնել Արցախի շենացմանն ուղղված բոլոր ծրագրերը:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն