Վարդան Ասցատրյան.Աշխարհասփյուռ հայության միավորման անհրաժեշտությունը


Վարդան Ասցատրյան.Աշխարհասփյուռ հայության միավորման անհրաժեշտությունը

  • 20-04-2012 11:11:12   | Հայաստան  |  Վերլուծություն
Աշխարհի ներկայիս բազմաբեւեռության միջանկյալ ժամանակաշրջանում տեղի են ունենում քաղաքակրթական բնույթի հակամարտություններ, որոնց զուգընթաց ձեւավորվում է նաեւ աշխարհի գլոբալացումը: Դրանք ենթադրում են հոգեւոր-մշակութային առճակատումներ եւ հավանական էքսպանսիաներ։ Նման գործընթացներում հաղթական կամ գոնե շահեկան դիրքեր կարող են գրավել միայն համակարգված գործունեություն ծավալող ազգերը: Իսկ չկողմնորոշված ու սպասողական դիրքերում գտնվողները, ի վերջո, դառնում են այլոց ազդեցության առարկա: Այս համատեքստում կարեւորվում է նաեւ այն հարցը, թե ներկայիս պայմաններում արդյոք տվյալ ազգն ունի որոշակիորեն ձեւավորված քաղաքակրթական հայեցակարգ, եւ մրցունակ են արդյոք դրա իրագործման նրա կարողությունները: Հայկական քաղաքակրթության կրիչներ հանդիսացող հայ անհատներն ու առանձին խմբերը տարբեր ժամանակներում եւ զանազան բնագավառներում ցուցաբերել են իրենց ակնառու հաջողությունները: Սակայն դարեր շարունակ կորցրած լինելով պետականությունը, այդ թվում նաեւ իշխանական համակարգը` հայերը գործնականում հնարավորություն չեն ունեցել իրենց քաղաքակրթությունը դրսեւորել քաղաքական մակարդակով, չնայած որ հայոց բնօրրանը եղել է աշխարհի շահերի մշտական բախման կիզակետում: Այս հանգամանքը տեւականորեն եւ էապես կաշկանդել է Հայության բնական զարգացումը քաղաքական ոլորտում ու հնարավորություն չի տվել անհրաժեշտ փորձառություն ձեռք բերել: Մեր ժամանակներում սա էական բացթողում է, եւ աշխարհում տեղի ունեցող գործընթացներում սեփական ինքնուրույն դիմագիծը դրսեւորելու եւ դիրքերն ամրապնդելու համար անհրաժեշտ է հնարավորին չափ արագ վերացնել այն: Այս ճանապարհին խիստ կարեւորվում են սեփական ինքնության եւ դրանից բխած հայկական քաղաքակրթական արժեքների ճանաչողությունը (հայկական քաղաքակրթության բնութագրումը) եւ ներկա պայմաններում դրանց կիրառումը կյանքում, այսինքն` առկա մարտահրավերներին տրվելիք պատասխանների` հոգեւոր-գաղափարական հայեցակարգի եւ դրա կենսագործման արդիական մեխանիզմների մշակումը: Հայկական քաղաքակրթական արժեքների իրագործման հետ է կապված մեկ այլ անհրաժեշտություն` ազգային ռեսուրսների հանրագումարն ու համակարգումը: Այստեղ, կարծում եմ, ակնհայտ է հոգեւոր-գաղափարական հայեցակարգի առաջնահերթությունը, որը բնական պայման կլինի մարդկային անհրաժեշտ ռեսուրսները հավաքելու համար, իսկ դրա բացակայության պայմաններում դժվար է ռեսուրսների հանրագումարն իրականացնելը, եւ կարելի է միայն մասնակի քննարկման առարկա դարձնել այն: Ազգային ռեսուրսների հանրագումարը Աշխարհասփյուռ Հայության ու նրա ռեսուրսների միավորման գործն ակնհայտորեն հանդիպում է Հայության տարբեր հատվածների զգալի խոչընդոտ առաջացնող լեզվական, կրոնական-դավանական եւ մշակութային արմատացած տարբերակումներին, որոնք գործնականում հակադրության առիթ են լինում: Հետեւաբար, միավորման հեռագնա ծրագրերի կառուցման համար կարիք կա պարզելու առկա իրավիճակը եւ լրջորեն ուսումնասիրելու այն: Իհարկե, Հայության մեծագույն մասը, թեկուզ անվանապես, իրեն նույնականացնում է որպես Հայաստանյայց Առաքելական եկեղեցու (այսուհետ` Հայոց եկեղեցի) անդամ կամ հետեւորդ, սակայն առկա է նաեւ տարակրոն ու տարադավան հայության զգալի զանգված: Սույն խնդիրն ակնառու է հենց ՀՀ տարածքում եւ առավել զգալի է դառնում, երբ այս տարածքն ընդլայնվում է հայկական սփյուռքի հատվածներով: Այստեղ մասնավոր ուշադրության առարկա է դառնում Օսմանյան կայսրության կողմից XIX-XXդդ. իրականացված ցեղասպանության հետեւանքով Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի տարածքում մահմեդականացված (քրդացված ու արաբացված) հայության մնացորդը, որի ներկայացուցիչները վերջին շրջանում վկայում են այդ մասին: Ստեղծված իրավիճակում ոլորտն ուսումնասիրողներն առաջարկում են Հայության հատվածների միավորման համար որպես հիմք ընդունել հայկական ծագումը, որը, սակայն, չի կարող բավարար պայման լինել միավորման համար: Որպես հավելյալ պայման է առաջարկվում հայկական ինքնագիտակցություն կրելը, որը, կարծես թե, սկզբունքորեն ընդունելի է մեծամասնության համար: Եթե դա այդպես է, ապա որպես հաջորդ քայլ պետք է սահմանել «հայկական ինքնագիտակցության» բոլոր բնութագրիչները: Սույն սահմանումը տալիս հարկ է հաշվի առնել նաեւ իրեն հայ համարող անձի կրոնադավանական պատկերացումները: Այս առումով, կարծում եմ, ՀՀ տարածքից դուրս գտնվող հայերի պարագայում կարեւոր հանգամանք է նաեւ հայոց ազգային շահերը Սփյուռքի տարածքների այլազգի կենտրոնների շահերից գերակա ճանաչելու գործնական պատրաստակամությունը: Կրոնի դերը Ինչպես վերը նշեցինք, ինքնության խիստ կարեւոր եւ անխուսափելի բնութագրիչ է արժեքային համակարգը, որն առաջնորդում է բոլոր հավաքականություններին եւ կարգավորում նրանց առօրյա կենսակերպը: Արժեքային համակարգն անխուսափելիորեն ներառում է նաեւ կրոնադավանական պատկերացումները եւ դրանից բխող սկզբունքներն ու նորմերը: Տվյալ համատեքստում պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն փաստին, որ ազգը գոյություն չունի առանց իր կենդանի հիշողության, առանց իր անցյալի, որ Հայաստան աշխարհը ժառանգությունն է մեր նախնիների, եւ յուրաքանչյուր սերունդ պետք է ստացված ժառանգությունը (թե՛ նյութական եւ թե՛ հոգեւոր ու մշակութային) զարգացնի ու փոխանցի հաջորդ սերնդին: Իսկ զանազան պատճառներով այն ավելացնելու հնարավորության բացակայության կամ անկարողության դեպքում պետք է առնվազն այն անշփոթ ու անխառն կերպով փոխանցի սերունդներին: Այդ ժառանգության էական մասն է հոգեւորը, որի կրող հաստատությունը հազարամյակներ շարունակ եղել է Հայոց եկեղեցին: Չպետք է մոռանալ, որ Հայության անցյալի հետ մեզ կապող, պահպանված եւ անընդհատաբար փոխանցված միակ հայկական հաստատությունը Հայոց եկեղեցին է, որի կոչումն է մեր ազգը հասցնել իր ապագա հանգրվանին: Արտաքին տարբեր ազդակների հետեւանքով Հայության որոշ հատվածներ սկսեցին հոգեւոր այլ ժառանգություն որդեգրել միայն վերջին 3 հարյուրամյակների ընթացքում: Կրոնական իրավիճակի դիտարկման ընթացքում չենք կարող անտեսել այն կարեւոր հանգամանքը, որ անցյալ դարում աշխարհով մեկ իր հաղթարշավն էր տոնում սեկուլյարիզացիան: Դրա դրսեւորումներից էր նաեւ «կրոնի սեփականաշնորհումը», որի հետեւանքով մարդու հասարակական գոյությունը քայքայվեց հանրային եւ մասնավոր ոլորտների, եւ կրոնը մղվեց մասնավոր ոլորտ` վերածվելով անհատի մասնավոր գործի: Կրոնը վերածվեց մասնավոր հանրային ծառայություններից մեկի, եւ ի հայտ եկավ «կրոնների շուկան», որի հետեւանքով անհատի մեջ սպառողական վերաբերմունք զարգացավ կրոնների նկատմամբ. մարդը սկսեց կրոնական ավանդությունները դիտարկել որպես ապրանք եւ այն գնահատել «ինչ կարող է դա տալ ինձ» սկզբունքով: Այսինքն՝ ընդհանուր առմամբ այլեւս ոչ թե կրոնն է թելադրում մարդուն ինչպիսին լինել, այլ մարդը` կրոնին: Այսպիսով վերացվեց կրոնի ավանդական միավորիչ դերը. այն փոխարինվեց քաղաքացիական նորմերով... Այսուհանդերձ, կարծում ենք, որ Հայության միավորման խնդիրն ուսումնասիրելիս չպետք է տուրք տալ ներկայիս սեկուլյար հայեցակարգին եւ անտեսել կրոնի իրական ավանդական դերը, այլ ըստ հարկի հաշվի առնել այն: Ըստ 19-րդ դարի իտալացի փիլիսոփա, պետական ու քաղաքական գործիչ Վինչենցո Ջոբերտիի՝ «Բոլոր ժամանակներում եւ ամենուր քաղաքացիական կարգերը ծնունդ են առել քրմականից, քաղաքներն առաջացել են տաճարներից, օրենքները բխել են պատգամախոսություններից, ...ժողովրդի դաստիարակությունը եւ մշակույթը` նրա կրոնից...»: Այս մասին են վկայում նաեւ Ալ.Բերդյաեւը, Մ.Մյուլլերը, Լ.Ֆեյերբախը եւ շատ ու շատ այլ հեղինակավոր մտածողներ: Պետք է նկատի ունենալ նաեւ, որ ներկայումս պոստսեկուլյարիզմի պայմաններում վերանայվում է սեկուլյար հայեցակարգի հիման վրա կառուցված կրոն հասկացությունը, այսինքն՝ դադարում են ուղղափառությունը, կաթոլիկությունը, բողոքականությունը (բացի իր ուլտրալիբերալ հոսանքներից) եւ իսլամը որպես կրոններ դիտել: Դրանք վերստին սկսում են դիտարկվել որպես աշխարհայացքներ եւ ապրելակարգեր, որպես այլընտրանքային արժեքային աշխարհներ ոչ միայն միմյանց, այլեւ հենց սեկուլյարիզմի նկատմամբ: Սեկուլյարիզմը սկսել է կորցնել իր` որպես չեզոք գործիքների միջոցով կրոնական եւ գաղափարական տարբեր համակարգերի համագոյակցությունը կարգավորող համակարգի, կարգավիճակը: Այս պայմաններում աշխարհում եւս առաջացել է այդ աշխարհայացքների հնարավոր համագոյակցության հարցը, որոնց միասնությունը մինչեւ օրս ապահովվում է բացառապես ձեւական, բայց` ամենեւին ոչ չեզոք նորմերով: Իրավիճակը ՀՀ-ում Ներկայումս ՀՀ-ում առկա են 67 գրանցված եւ բազմաթիվ չգրանցված կրոնական կազմակերպություններ: Գրանցված կազմակերպությունների մեծագույն մասը բողոքականներն են, որոնց հաջորդում են, այսպես կոչված, նոր կրոնական շարժումները` եհովականներ, մորմոններ, կրիշնայականներ եւ այլն: Թեեւ ՀՀ-ում դեռեւս գոյություն չունի կրոնական պատկանելության պաշտոնական վիճակագրություն, սակայն տարբեր փորձագետների եւ ուսումնասիրողների տվյալների համաձայն, հետեւորդների թվով մեծագույնը Հայոց եկեղեցին է, որին հաջորդում են հայ կաթոլիկները, բողոքականները եւ նոր կրոնական շարժումների հետեւորդները: Բողոքականների եւ նոր կրոնական շարժումների հետեւորդների թիվը մոտ 4% է, սակայն վերջիններս խիստ ակտիվ ու անգամ ագրեսիվ գործունեություն են ծավալում ՀՀ-ում, անցած 20 տարիների գործունեության արդյունքում կարողացել են իրենց ենթակառուցվածքները (մանկապարտեզ, դպրոց, բուհ, համայնքներ եւ այլն) հաստատել երկրում: ՀՀ-ում հիմնականում միջկրոնական ու միջդավանական խաղաղ մթնոլորտ է տիրում: Երկրի բնակչության մոտ 3%-ը կազմող ազգային փոքրամասնությունների մի մասի ունեցած ազգային, կրոնական հաստատությունների նկատմամբ Հայությունն անկեղծ հանդուրժողականությամբ է վերաբերվում, եւ երբեւէ դրանք աղանդ չեն համարվել: Սակայն ինքնության սպառնալիքով եւ ագրեսիվ գործունեությամբ պայմանավորված՝ ակնհայտ դժգոհություն կա բողոքական կազմակերպությունների մեծ մասի եւ նոր կրոնական շարժումների նկատմամբ, որն ակնհայտ է քաղաքացիների դիմում-բողոքներից եւ ԶԼՄ արձագանքներից: ՀՀ բողոքականները թեեւ հաճախ են շեշտում, որ Հայոց եկեղեցին ընդունում են որպես մայր եկեղեցի, սակայն ներքին շրջանակներում շարունակ քննադատում են «մայր եկեղեցին»: Այդ հակասությունը վերջին տարիներին դուրս է գալիս ներքին շրջանակներից եւ դրսեւորվում բացահայտվող հակադրությամբ: Սա վկայությունն է այն բանի, որ կրոնադավանական տարբերակումները զանազան դրդապատճառներով հակամարտության առիթ են դառնում հենց ՀՀ-ում: Ուշագրավ է, որ ՀՀ-ում մինչեւ օրս չի ձեւավորվել միջդավանական եւ առավել եւս՝ միջկրոնական երկխոսության մթնոլորտ: Այն բացակայում է անգամ բողոքական հարանվանությունների միջեւ. միայն վերջին շրջանում, այն էլ սեփական շահերի պաշտպանությունից դրդված, սկսեցին միավորմանն ուղղված քայլեր անել: Իսկ նոր կրոնական շարժումներն ընդհանրապես այլ կրոնների ու դավանանքների մերժողականությամբ են հանդես գալիս: Հայությունն այսօր կանգնած է համաշխարհային լուրջ մարտահրավերների առջեւ, այնինչ հայ մարդը չունի դրանց վերաբերյալ իր ավանդական դավանանքից բխող պատասխանները, վարքի համարժեք նորմեր, այդ նորմերի կազմակերպված կիրառում, գաղափարական առաջարկություններ, ձեւավորվող օրենսդրությունն իրականում առնչություն չունի հիշյալ նորմերի եւ ազգային գաղափարախոսության հետ: Սա ենթադրում է Հայոց եկեղեցու վարդապետության տեսանկյունից առկա մարտահրավերների ու խնդիրների վերլուծում եւ գնահատում, սոցիալական դոկտրինի անհապաղ մշակում: Ընդհանուր իրավիճակը Սփյուռքում Այլալեզվության եւ այլադավանության հարցը Սփյուռքի տարածքներում ուսումնասիրողները գործնականում կրոնադավանական եւ լեզվական ասիմիլյացիայի ենթարկված կամ նման տարբերություններ ունեցող հայ հավաքականությունները դասակարգում են որոշակի հայտանիշներով եւ տալիս որոշակի ուշագրավ եզրահանգումներ: Այսպես` այլալեզու եւ ոչ քրիստոնեական դավանանք ունեցողները գրեթե իսպառ կորցնում են հայկական ինքնագիտակցումը, ինչպես, օրինակ` սիրիահայ արաբացած-իսլամացած հսկա զանգվածը (մոտ 500-700 հազար մարդ), այլալեզու, սակայն քրիստոնեական այլ հոսանքի դավանանքն ընդունած հայ հավաքականությունների պարագայում միայն հատուկ քաղաքականության իրագործման դեպքում կարող է հնարավոր դառնալ նրանց հայկական ինքնության վերադարձը, այլալեզու, սակայն Հայոց եկեղեցու դավանանքը պահպանածները պահպանել են նաեւ հայկական ինքնագիտակցությունը եւ զարթոնքի ավելի մեծ հնարավորություն ունեն (օրինակ` Սիրիայի Հակուբիե գյուղը): Ուշագրավ է մեկ այլ դիտարկում եւս. այլալեզու հայերի մեջ դիտվում են այդ լեզուն կրող ազգության ինքնագիտակցության առանձին դրսեւորումներ, սակայն դրանք կարող են վերանալ, եթե նրանք հայտնվեն դասական հայկական միջավայրում: Հետեւաբար, այստեղ խիստ կարեւոր դերակատարում ունի նաեւ դասական հայկական միջավայրը կամ հայկական ինքնությանը համապատասխան ապրելակերպը: Կարեւոր է նաեւ հետեւյալ եզրահանգումը. հայկական մայր զանգվածից դավանանքային օտարումը լայն դուռ է բացում լեզվական եւ առհասարակ ազգային օտարման առջեւ, իսկ լեզվական օտարումը (Սիրիա-Լիբանան) առավել արագացնում է դավանանքային-ազգային օտարումը: Ամփոփում Իրավիճակի ընդհանուր վերլուծությունը հուշում է, որ հայեցի ինքնագիտակցություն ունեցող անհատների ու հավաքականությունների միավորման ճանապարհին կարող են ծագել որոշակի խնդիրներ, եւ անհրաժեշտ կլինի տարբերակված մոտեցումներ մշակել քրիստոնեության այլ հոսանքներին պատկանողների, նոր կրոնական շարժումների հետեւորդների եւ միանգամայն այլ կրոն դավանողների նկատմամբ: Առկա մարտահրավերներին տրվելիք հոգեւոր-գաղափարական պատասխանների եւ դրանց կենսագործման արդիական մեխանիզմների մշակմանը զուգահեռ՝ որպես առաջնահերթ խնդիր պետք է համարել նաեւ` հայկական վառ ինքնագիտակցություն եւ ազգային գործունեություն ծավալելու գործնական մղում ունեցող անհատների եւ հավաքականությունների միավորման գործընթացի կազմակերպումը, հայկական ինքնագիտակցության թույլ ընկալում ունեցող կամ կրոնադավանական այլ պատկերացումներից դեռեւս չհրաժարված անձանց ու հավաքականությունների հետ մերձեցնող ծրագրերի շարունակական իրականացումը: Այս խնդիրը լուծելու ճանապարհին պետք է մշակել եւ ըստ պայմանների կիրարկել վերինտեգրման (վերակերպման) համապատասխան ծրագիր: Այն պետք է ունենա հայկական ինքնագիտակցության տարբեր աստիճաններ եւ գործողությունների պատրաստակամության տարբեր մակարդակներ ունեցող խմբերին վերաբերող մասեր: Միաժամանակ, անհրաժեշտ է նպաստավոր ու խթանիչ պայմաններ մշակել, որոնք, իրենց հերթին, կարող են նրանց մեջ վերակերպվելու ցանկություն եւ կամք առաջացնել` վերադառնալու իրենց արմատներին, հաղորդվելու առաքելական դավանանքի հետ, սովորելու հայոց լեզուն եւ գործածելու այն առօրյայում, քաղաքական առումով նվիրվելու Հայաստանի պետական շահերին: Սույն խնդիրն, իհարկե, նոր չէ, եւ անցյալ դարի սկզբներին դրա լուծմանը հասնելու մի կարեւոր մոտեցում է շարադրել հայ լուսավոր գործիչներից մեկը: Այդ մոտեցումն առավել ուշագրավ է նրանով, որ հեղինակը Հայոց եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներից է` Տրապիզոնի Գարեգին եպիսկոպոսը: Նա գրում է. Հայաստանյայց եկեղեցին, իբրեւ մի կրոնական ընկերակցություն, ներկայացնում է նաեւ հոգեւոր մի ընտանիք: Եվ որպես այդպիսին այն ունի իր սեփական Տունը: Մեկ է Եկեղեցին իր բարոյական կառույցով, բայց բազում են տաճարները՝ նյութական կառույցները: Այս Տնից ներս եւ դուրս կան զավակներ, որոնք ամենքն էլ հարազատ են: Տանն ապրողները հավատարիմներն են այն օրենքներին ու կանոններին, որոնցով տունը կառավարվում եւ պահում է իր ներքին ներդաշնակությունը: Տնից դուրս մնացողները՝ զանազան խմբեր, աղանդներ կամ պանդուխտներ, առանց կորցնելու իրենց որդիական հանգամանքը, զրկվում են այն առանձնաշնորհներից, որոնք վայելում են ներսինները: Բոլոր դեպքերում՝ ճիշտ չէ Տնից դուրս մնալը՝ ինչպիսին էլ որ լինեն Տնից օտարանալու չքմեղանքները կամ պատճառները: Չէ՞ որ դրանից Տունն է անշքանում: Այս անշքացման պատասխանատվությունն ընկնում է նույնքան ներսի անտարբերների վրա, որքան եւ՝ դրսի դժգոհների: Գարեգին Տրապիզոնցին այսպես է ամփոփում Հայոց Տան ներքին խաղաղության պահպանման մասին իր բանաձեւը. «Հայաստանյայց այս տան մեջ չկա, եւ չպետք է լինի, հավատաքննություն: Պատշաճ է սակայն, որ տան ոգին, նրա բարոյական հիմքը կազմեն նաեւ ոգին ու հիմքը յուրաքանչյուր տնեցու անհատական նկարագրի»1: Կառաջարկեի սույն մոտեցմանն ավելացնել նաեւ քրիստոնեական եկեղեցում ընդունված (Օգոստինոս Երանելու հեղինակած) հետեւյալ հանրահայտ սկզբունքը. «Միություն կարեւորում, ազատություն երկրորդականում եւ սեր ամեն բանում»: Վարդան Ասցատրյան ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ «Նորավանք» ՀԿ
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play