Գարեգին Բ-ն Էդուարդո Էռնեկյանին շնորհել է «Սուրբ Էջմիածնի Ասպետ» շքանշան


 

Գարեգին Բ-ն Էդուարդո Էռնեկյանին շնորհել է «Սուրբ Էջմիածնի Ասպետ» շքանշան

  • 17-05-2011 13:18:55   | Հայաստան  |  Հասարակություն
 Հովվապետական այցով Բուենոս Այրեսում գտնվող Գարեգին Բ-ին Արգենտինայի նախագահական նստավայրում` Վարդագույն տանը, երեկ ընդունել է երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես Կիրշները: Արգենտինայի նախագահը բարձր էգնահատել հայերի դերը երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում, ինչը, ըստ նրա, ամենալավ կամուրջն է հանդիսանում հայ - արգենտինական հարաբերությունների հետագա զարգացման համար: Գարեգին Բ-ն իր երախտագիտությունն է հայտնել Արգենտինայի ղեկավարին հայ համայնքի հանդեպ ջերմ վերաբերմունքի համար եւ հույս է հայտնել, որ երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ հարաբերությունները էլ ավելի կամրապնդվեն: Նույն օրը Կաթողիկոսը Բուենոս Այրեսի «Ավենիդա» դահլիճում տեղի ունեցած մշակութային հանդիսության ժամանակ «Սուրբ Էջմիածնի Ասպետ» շքանշանն է շնորհել արգենտինահայ գործարար եւ բարեգործ, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ American International Airports ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին: Գարեգին Բ-ն ընդգծել է, որ Էռնեկյանը բազմաթիվ բարեգործություններ է արել Հայ եկեղեցու միջոցով ու նաեւ անուրանալի ներդրում ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Հաղորդում է «Ազատությունը»: Հաղորդվում է նաեւ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հարցազրույց է տվել արգենտինական La nacion հեղինակավոր օրաթերթին: Վեհափառ հայրապետը, մասնավորապես, ասել է, որ հայ ժողովրդի այսօրվա գերագույն նպատակներից մեկն է, որ աշխարհը ընդունի, որ Ղարաբաղում հայ ժողովուրդը իրավունք ունի ազատորեն ապրելու: Նա ասել է, որ վերջին տարիներին հայ ժողովրդի ձայնը աշխարհում ավելի լսելի է դարձել, հատկապես` երբ տեղի են ունեցել այլ ցեղասպանություններ: Անդրադառնալով աշխարհում տեղի ունեցող ցեղասպանություններին եւ պատերազմներին` Վեհափառ Հայրապետը ընդգծել է, որ խաղաղությունը չի կարող պարտադրվել, այն տեւական չի լինելու` եթե հիմնված չլինի արդարության եւ ճշմարտության վրա:
Նոյյան տապան  -   Հասարակություն