Լրացավ աստղագիտության խոշորագույն մասնագետ Բենիկ Թումանյանի ծննդյան 95-ամյակը


Լրացավ աստղագիտության խոշորագույն մասնագետ Բենիկ Թումանյանի ծննդյան 95-ամյակը

  • 02-05-2012 11:47:21   | Հայաստան  |  Հասարակություն

Մայիսի 1-ին լրացավ հայ աստղագետ, աստղագիտության պատմության մեր խոշորագույն մասնագետ Բենիկ Եսայու Թումանյանի ծննդյան 95-ամյակը: Ծնվել է 1917թ. Լոռվա Դսեղ գյուղում: 1940-ին ավարտել է ԵՊՀ ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, 1941-1945-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1957-ից մինչեւ կյանքի վերջ ղեկավարել է Երկրի արհեստական արբանյակների դիտման Երեւանի կայանը եւ ԵՊՀ աստղադիտարանը: 1970-ից` ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր: Երկար տարիներ դասավանդել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, 1972-ից` պրոֆեսոր: 1974-1980 թթ. եղել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը: Գիտական աշխատանքները նվիրված են աստղագիտության պատմությանը: Նրա հայ աստղագիտության պատմությունն ամփոփող երկհատորյակը /1964, 1968/ ընդգրկում է աստղագիտական մտքի զարգացումը Հայաստանում` հնագույն ժամանակներից մինչեւ 20-րդ դարի առաջին քառորդը եւ արժանացել է Բնագիտության եւ տեխնիկայի պատմության ԽՍՀՄ ազգային կոմիտեի դիպլոմին: Ուսումնասիրել է տոմարի պատմությունը /մենագրություն` 1972/, երկրակենտրոն եւ արեւակենտրոն ուսմունքների տարածման էվոլյուցիան Հայաստանում /մենագրություն` 1973/, ինչպես նաեւ հետազոտել է գալակտիկական աստղակույտերի տեսանելի եւ իրական բաշխվածությունն ըստ տիպերի: Հրապարակել է բազմաթիվ գիտական աշխատանքներ, ինչպես նաեւ բազմաթիվ դասագրքերի եւ գիտահանրամատչելի գրքերի հեղինակ է: Մասնավորապես, Լ.Վ. Միրզոյանի հետ համատեղ գրել է “Աստղագիտություն” համալսարանի ուսանողների համար դասագիրքը /1978/: 1980-ին արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը: Մատենադարանի ձեռագրերի ուսումնասիրմամբ ստեղծած կարեւոր աշխատությունների համար պարգեւատրվել է Մեսրոպ Մաշտոցի հուշամեդալով: Պարգեւատրվել է նաեւ Խաչատուր Աբովյանի եւ Կոպեռնիկոսի հուշամեդալներով: Բենիկ Թումանյանը վախճանվել է 1980թ. փետրվարի 10-ին Երեւանում` չիրականացված թողնելով բազմաթիվ ստեղծագործական նախաձեռնություններ: Հայկական աստղագիտական ընկերություն Թումանյան Բ.Ե – Երկրի արհեստական արբանյակները, Երեւան, Հայպետհրատ, 1958, 114 էջ: Թումանյան Բ.Ե – Հայկական նորահայտ աստղագիտական սարք, Երեւան, Հայպետհրատ, 1958թ., 31 էջ: Թումանյան Բ.Ե – Երկրակենտրոն եւ արեւակենտրոն համակարգերը Հայաստանում, Երեւան, 1962, 1973: Թումանյան Բ.Ե – Հայ աստղագիտության պատմություն, Երեւան, հ. 1, 1964, հ 2, 1968: Թումանյան Բ.Ե – Տոմարի պատմություն, Երեւան, 1972: Թումանյան Բ.Ե, Միրզոյան Լ.Վ. – Աստղագիտություն (դասագիրք համալսարանի ուսանողների համար), Երեւան, ԵՊՀ հրատ., 1978թ., 338 էջ: Թումանյան Բ.Ե – Հետաքրքրաշարժ հարցեր աստղագիտությունից, Երեւան, Լույս, 1978, 92 էջ: Թումանյան Բ.Ե – Հայ աստղագիտության պատմությունից, Երեւան, ԵՊՀ հրատ., 1985, 286 էջ: Թումանյան Բ.Ե – Օրվա մասերի բաժանումը հին եւ միջնադարյան Հայաստանում, Երեւան, ԵՊՀ հրատ., 1990, 37 էջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն