ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը կմասնակցի "EUROSTUDENT" նախագծի հինգերորդ կոնսորցիումի աշխատանքներին


ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը կմասնակցի "EUROSTUDENT" նախագծի հինգերորդ կոնսորցիումի աշխատանքներին

  • 16-05-2012 15:21:02   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ "EUROSTUDENT" նախագծի միջազգային համակարգող թիմի ղեկավար Դոմինիք Օրրը ստորագրել են երկկողմ պայմանագիր, որի շրջանակում այլ եվրոպական երկրների հետ Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի բարձրագույն կրթության բնագավառում ուսանողների սոցիալական եւ տնտեսական պայմանների, ուսուցման ձեւերի եւ եղանակների, ինչպես նաեւ միջազգային շարժունությունն ուսումնասիրող հետազոտության աշխատանքներին: Ծրագիրը Բոլոնիայի գործընթացի համատեքստում հնարավորություն կընձեռի իրականացնել ազգային բարձրագույն կրթությ ան չափանիշների համեմատական ուսումնասիրություն վերոնշյալ հարցերով եւ համադրել ստացված տվյալները Բոլոնիայի անդամ երկրների տվյալների հետ: "EUROSTUDENT"-ը ստեղծվել է 1999 թվականին` նպատակ ունենալով աջակցել Բոլոնիայի բարեփոխումներին եւ նպաստել Եվրոպական Բարձրագույն Կրթական Տարածքի ստեղծմանը: Ընդհանուր առմամբ Կոնսորցիումի աշխատանքներին կմկասնակցի 30-ից ավելի երկիր, եւ "EUROSTUDENT" ծրագրին մասնակցելու հրավեր են ստացել նաեւ Խորհրդային Միության նախկին այն երկրները, որոնք պատրաստ են ժամանակակից գիտահեն հասարակարգում բարելավել բարձրագույն կրթության ընդհանուր մակարդակը եւ այն հասանելի դարձնել հասարակության տարբեր խավերի ուսանողների համար: "EUROSTUDENT" նախագիծն իրականացվելու է 2012-2015 թվականներին, իսկ դրանից հետո կարող է շարունակվել կողմերի համաձայնության դեպքում: "EUROSTUDENT" նախագծի հինգերորդ կոնսորցիումին մեր երկրի մասնակցության համար կձեւավորվի ազգային թիմ, որն ըստ արդեն հաստատված ժամանակացույցի կապահովի ծրագրի արդյունավետ իրականացումը: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մասնակցությունը "EUROSTUDENT" հինգերորդ կոնսորցիումի աշխատանքներին հնարավորություն կընձեռի ստեղծել ուսանողների մշտադիտարկման չափելի մեխանիզմներ եւ գործիքներ, ինչպես նաեւ կապահովի ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման շրջանակի ընդլայնումը եւ ակտիվ համագործակցությունը Բոլոնիայի պայմանագիրը ստորագրած այլ անդամակից երկրների հետ: "EUROSTUDENT" հինգերորդ կոնսորցիումի իրականացման ժամկետները համընկնում են մեր երկրի կողմից Բոլոնիայի Քարտուղարության պարտականությունները (2012-2015 թվականներին) կատարելու հետ, եւ այն կհանդիսանա լրացուցիչ հնարավորություն Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքներն առավելագույնս նպատակաուղղված եւ բովանդակալից ձեւով կազմակերպելու եւ իրականացնելու համար:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ