ՀՅԴ «Շանթ» ուսանողական միությունը դատապարտում է անհանդուրժողականության դրդմամբ կատարված հանցագործ արարքը
17-05-2012 10:44:37 | ԱՄՆ | Հասարակություն
Հայ Յեղափոխական Դաշնակցության «Շանթ» ուսանողական միությունը մայիսի 16-ին Լոս Անջելեսում հանդես է եկել ատելության եւ անհանդուրժողականության դրդմամբ օրերս Երեւանում կատարված հանցագործ արարքը դատապարտող հայտարարությամբ:
Հայտարարության մեջ միությունն անհանգստություն է հայտնում Երեւանի գիշերային ակումբներից մեկը («ՆՏ»- DIY ակումբ) հրդեհելու կապակցությամբ եւ խստորեն դատապարտում այդ արարքը, որի կատարողները գործել են անհանդուրժողականության եւ համասեռամոլների հանդեպ ատելության զգացումով:
Նկատելով, որ որոշ անհատներ եւ խմբեր, ձերբակալված ամբաստանյալների ենթադրական կուսակցական առնչությունները վկայակոչելով, փութացել են մեղադրանքներ հնչեցնելու Հայ Յեղափոխական Դաշնակցության դեմ, «Շանթ»-ի հայտարարությունն ընդգծում է, որ այս հանցագործությունը եւ դրան տոն տվող մտայնությունը հակասում է ՀՅԴ ծրագրային սկզբունքներին եւ գաղափարներին, որոնք միմիայն պաշտպանում են անհատի ազատությունները եւ դատապարտում են ու մերժում ամեն տեսակի խտրականություն, չարաշահում, ցեղապաշտական կամ անհանդուրժողական ցանկացած վերաբերմունք: