Մեկնարկեց ուսանողների և շրջանավարտների համար նախատեսված կարիերայի օրը
17-05-2012 13:19:16 | Հայաստան | Հասարակություն
Մայիսի 17-ին Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում (ԵԿՏԱ) առաջին անգամ մեկնարկեց ուսանողների եւ շրջանավարտների համար նախատեսված կարիերայի օր, որի հովանավորն էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագիրը:
«Կառուցիր քո ապագան այսօր» կարգախոսը կրող կարիերայի օրն ուղղված էր երիտասարդների զբաղվածության աջակցմանը եւ նրանց հմտություններն աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելուն: «Այս միջոցառումը կնպաստի Ակադեմիայի կրթության ինտեգրմանն աշխատաշուկային, ինչպես նաեւ փոխադարձ համագործակցության ձեւավորմանը եւ զարգացմանը»,- նշեց Ակադեմիայի ռեկտոր Ա. Ավետիսյանն իր բացման խոսքում:
Կարիերայի օրվան մասնակցում էին 30 առաջատար գործատուներ, ովքեր ներկայացնում էին տնտեսության տարբեր ոլորտներ` բանկային, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, դեղագործական, լրատվական ոլորտները: Միջոցառմանը ներկա էին նաեւ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության, Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր երիտասարդներին տրամադրեցին մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն:
«ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի Աշխատուժի զարգացման բաղադրիչի հիմնական առաքելությունն է նպաստել Հայաստանի աշխատուժի մրցունակության բարձրացմանը` որակյալ աշխատուժի առաջարկի եւ պահանջարկի արդյունավետ համադրմանն ուղված միջոցների շնորհիվ»,- նշեց ծրագրի ղեկավար Ալեքսանդր Բաբինովը: «Մեր ծրագիրն աջակցում է Հայաստանի կրթական հաստատություններին մասնավոր հատվածի հետ երկխոսություն եւ փոխշահավետ համագործակցություն ծավալելու գործում»,- հավելեց նա:
Մասնակից գործատուներն ուսանողներին եւ շրջանավարտներին ներկայացրեցին իրենց կազմակերպություններում առկա աշխատանքի եւ աշխատանքային պրակտիկայի հնարավորությունները:Երիտասարդներին հնարավորություն ընձեռվեց տեղում մասնակցելու ինքնակենսագրականի մշակման եւ մասնագիտական հարցազրույց անցնելու ուսուցողական դասընթացներին: