Տխուր պատմություն Վարագավանքից


Տխուր պատմություն Վարագավանքից

  • 02-06-2012 11:52:27   | Թուրքիա  |  Վերլուծություն

Ամեն տարի մայիսից, երբ սկսվում են մեր զբոսաշրջությունները, ես անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նորից տեսնելու մեզ համար այնքան սիրելի, իսկ ինձ համար արդեն հարազատ դարձած սրբավայրերը: Դրանցից ես միշտ կարեւորել եմ Վարագա վանքը, որովհետեւ, այն կործանումից փրկվել է մեր եւ բոլոր հայ տուրիստների նվիրատվությունների շնորհիվ: Սա Վասպուրական աշխարհի պաշտելի սրբավայրերից մեկն է: Գտնվում է Վանից արեւելք, Վարագա լեռան հարավային ստորոտում: Վարագավանքը հիմնվել է 10-րդ դարի վերջերին: 1860-ական թվականներին այս վանքը նշանավոր դարձավ Խրիմյան Հայրիկի օրոք, որը այստեղ հիմնեց տպարան, բացեց գիշերօթիկ ժառանգավորած դպրոց, հրատարակեց ?Արծիվ Վասպուրականի? ամսագիրը: Բայց, ցավոք, հայերի համար կարեւոր այս հոգեւոր կենտրոնը այսօր էլ գտնվում է անմխիթար վիճակում է: Վանքը պահելու սրբազան պարտականությունը իր վրա էր վերցրել քուրդ Մեհմեդը: Այս անգամ այցելությունը Վարագա վանք շատ տխուր էր, որովհետեւ Վանի երկրաշարժից փլվել էր վանքի մի մասը եւ փակել մուտքը: Չնայած դրան, այնուամենայնիվ, մենք մտանք ներս, արեցինք մեր աղոթքը, մոմեր վառեցինք եւ ցավ ապրեցինք, որ կործանումից փրկած մեր սրբավայրը նորից այդ վիճակում է: Փլվել էր նաեւ Մեհմեդի տունը: Մենք նրան էլ օգնեցինք մի քիչ գումարով, եւ նա խոստացավ, որ գյուղի երեխաների օգնությամբ կմաքրի վանքի մուտքը, բայց աղբը հեռացնելու համար եւս գումար անհրաժեշտ կլինի … Ես կարծում եմ, որ մենք անպայման նորից կայցելենք Վարագավանք, այլապես այն լրիվ կվերանա աշխարհի երեսից: Դեռ շատ վաղուց Մեհմեդը Վարագա վանքի բանալին, որն իրեն փոխանցվել էր պապից, հանձնել էր մեզ: Այն, որպես սուրբ մասունք, մենք պահում ենք մեզ մոտ, եւ ես չեմ ուզում, որ Վարագա վանքից մնա միայն այդ բանալին: Ես այսօր նորից երազիս թեւով գնացի Երկիր, Ունկնդրեցի մեր Վանա ծովի հառաչուն երգին, Երկյուղացությամբ շրջեցի ես մեր սրբավայրերում, Արդ, որպես շանթված կաղնին անտառում՝ այրվու՜մ եմ, այրվում: Այցի գնացի մեր այնքան սիրված Վարագա վանքին, Ու կարծես մեկից փլատակվեցին իմ սիրտն ու հոգին, Երբ տեսա միայն ահեղատեսիլ մի սեւ շեղջակույտ, Մի ամայություն եւ մի լռություն՝ մահից էլ անգութ: Հրիփսիմե Առուշանյան «Անի տուր» պատմամշակութային տուրիստական գործակալության տնօրեն
Նոյյան տապան  -   Վերլուծություն