«Հայաստանի օր» միջոցառումը Վիեննայում


«Հայաստանի օր» միջոցառումը Վիեննայում

  • 09-07-2012 17:20:17   | Ավստրիա  |  Մամլո հաղորդագրություն
Հուլիսի 5-ին Վիեննայում տեղի ունեցավ «Հայաստանի օր» միջոցառումը, որը կազմակերպել էր «Էներգիայի համայնք» կազմակերպությունը՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչության, ինչպես նաեւ INOGATE-ի մասնակցությամբ: ՀՀ պատվիրակության կազմում էին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցներ, Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի, «Հայռուսգազարտի», «Հայկական էլեկտրացանցեր» ընկերության, Վերականգնողական աղբյուրների եւ էներգիայի արդյունավետության հիմնադրամի եւ այլ շահառու ընկերությունների ներկայացուցիչներ: 2011թ. հոկտեմբերին «Էներգիայի համայնքում» դիտորդի կարգավիճակ ստանալուց հետո սույն միջոցառումը հարթակ հանդիսացավ Հայաստանի էներգետիկ ոլորտի ինստիտուցիոնալ կառուցվածքի, ընկերությունների, իրավական դաշտի եւ զարգացման հեռանկարների շուրջ մտքերի փոխանակման համար: Միջոցառման մասնակիցներն իրենց ելույթներում խոսեցին Հայաստանի էներգետիկ ոլորտում տիրող իրավիճակի, զարգացումների, հեռանկարների եւ համագործակցության հնարավոր ոլորտների մասին: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ընդգծեց, որ Հայաստանը նպատակ ունի անդամակցել «Էներգիայի համայնք» կազմակերպությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառման ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին մի շարք ոլորտներում կիրառել կազմակերպության հիմնադիր համաձայնագիրը: Կողմերը պայմանավորվեցին աշխատել միասին եւ եզրեր փնտրել տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ: Այդ նպատակով «Էներգիայի համայնքի» քարտուղարությունը կմշակի Հայաստանի հետ համագործակցության հատուկ գործողությունների ծրագիր, իսկ հայ փորձագետներն ու պաշտոնյաները կմասնակցեն կազմակերպության կառույցների, աշխատանքային խմբերի եւ սեմինարների աշխատանքներին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն