Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի լիցենզավորումն առավել թափանցիկ կդառնա


Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի լիցենզավորումն առավել թափանցիկ կդառնա

  • 11-07-2012 17:40:25   | Հայաստան  |  Տնտեսություն

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ակնկալում է, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի լիցենզավորումն առավել թափանցիկ կդառնա: Կովկասում, Մոլդովայում եւ Բելառուսում ՎԶԵԲ գրասենյակի տնօրեն Փոլ-Հենրի Ֆորեսթիերը խոսել է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի ներուժի մասին News.am-ին տված հարցազրույցում: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանում հանքային ոլորտը ընդհանուր առմամբ համապատասխանում է ՎԶԵԲ-ի չափանիշներին, Փոլ -Հենրի Ֆորեսթիերը ասել է, որ կարող է անդրադառնալ այն ծրագրերին, որոնք Բանկը նախատեսում է ֆինանսավորել: «Նման ծրագրերից մեկի (Lydian International-ի ծրագրի) վերաբերյալ մենք այժմ սպասում ենք Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի հաստատմանը` Բնապահպանության նախարարության կողմից: Այդուհանդերձ մենք զարմացած ենք եւ որոշ առումով նույնիսկ հիասթափված նախարարության վերջերս արված հայտարարությունից, որտեղ նրանք պահանջում են եւս 230 օր որոշում կայացնելու համար: Շրջակա միջավայրի եւ Սոցիալական ազդեցության գնահատականը, որ ՎԶԵԲ-ի պահանջն է ծրագրի ֆինանսավորման համար, պետք է հաստատվի հուլիսին եւ հնարավորություն տա մեզ գնահատելու, թե արդյո՞ք ծրագիրը համապատասխանում է մեր շատ բարձր չափանիշներին»: «Առանց հիմնավոր արդարացման, ծրագրի մեկնարկի հետաձգումը կարող է սխալ ազդակներ ուղարկել շուկային եւ բացասաբար անդրադառնալ օտարերկրյա ներդրումների վրա»,- ընդգծել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային ներկայացուցիչը: Նա ընդգծել է, որ Լիդիանը հանքարդյունաբերական ոլորտում ՎԶԵԲ-ի առայժմ միակ գործընկերն է: «Մենք վստահ ենք, որ Լիդիանը գործելու է բարձր բնապահպանական չափանիշների ներքո: Այդ պարագայում մենք պատրաստ կլինենք Ամուլսարի նախագիծը ֆինանասավորելու որոշում կայացնել», - ասել է նա:
Նոյյան տապան  -   Տնտեսություն