Քրիստոնեությունը Կիեւյան Ռուսիա են մտցրել հայերը


Քրիստոնեությունը Կիեւյան Ռուսիա են մտցրել հայերը

  • 29-07-2012 16:58:33   | Հայաստան  |  Վերլուծություն

Այս օրերին սլավոնական աշխարհը նշում է Կիեւյան Ռուսիան քրիստոնեացնելու տարելիցը: Խնդրին անպայման պետք է անդրադառնանք նաեւ մենք, քանի որ Քրիստոնեությունը Կիեւյան Ռուսիա են մտցրել հայերը: Հիմնվելով Բյուզանդիայի հայազգի կայսր Կոստանդին Ծիրանածինի այն գրավոր տեղեկության վրա, որ Կիեւը կոչվել է նաեւ ՍԱՄԲԱՏՈՍ (հայոց աղբյուրները Կիեւն անվանում են ՄԱՆՔԵՐՄԱՆ, երբեմն` Սմբատակերտ), օտար մի քանի պատմաբաններ (Ֆ. Բրաուն, Սեն-մարտեն, Հ. Լովմիանսկի եւ ուրիշներ) եզրակացրել են, որ Կիեւը Սամբատոս է կոչվել ի պատիվ Բյուզանդիայի հայկազուն կայսր Լեւոն Ե-ի (Լեւոն Հայ, գահակալել է 813 թվականից) որդի Սմբատի` ի երախտագիտություն Լեւոն կայսեր, որի ուղարկած հայ վարպետները ամրացրել են Կիեւի բերդն ու պարիսպները: Սա կնշանակի, հայերը սլավոնական հնագույն աղբյուրներում հիշատակվում են որպես Կիեւ քաղաքը բերդի վերածող շինարարներ` 9-րդ դարից սկսած: Կիեւյան Ռուսիայում (միջնադարյան հայոց աղբյուրները Կիեւյան Ռուսիան կոչում էին Ռութենիա) քրիստոնեությունը եւ լուսավորությունը Կոստանդնուպոլսի Փոտ պատրիարքի (մորական կողմից հայ, գահակալել է 858-867 եւ 877-886) ձեռամբ, 9-րդ դարում սկսել են հայերը: Կիեւյան Ռուսիա- Ռութենիայում քրիստոնեությունը տարածվել եւ վերջնականապես ընդունվել է 988-989 թթ., Վլադիմիր Սվիատոսլավիչ իշխանի օրոք, որի կինը Բյուզանդիայի մակեդոնական (հայկական) արքայատոհմի Վասիլ Բ հայազգի կայսեր (976-1025) քույր Աննան էր: Բյուզանդիան Կիեւյան Ռուսիան իր ազդեցության տակ պահելու համար այդ տարածքը քրիստոնեացրեց հենց Վասիլ Բ-ի քույր Աննայի միջոցով: Սա ամուսնանալով Կիեւի իշխան Վլադիմիրի հետ, հայերից բաղկացած իր շքախմբով` եկեղեցականներ, գրիչներ, շինարարներ, արհեստավորներ, բժիշկներ, առեւտրականներ եւ այլն, մտավ Կիեւ: Աննայի շքախմբի այդ անդամներին պետք է կոչել Ռուսիայի լուսավորիչներ, որովհետեւ հենց նրանք Ռուսիայ-ռութենիայում հիմնեցին դպրոցներ, ձեռագրատներ եւ գիտամշակութային այլ օջախներ: Հայերը Ռութենիա են մտել նաեւ 1060 թ.` Կիեւի իշխան Թեոդոր Դմիտրիեւիչ Զուբի (որոշ աղբյուրներ սրան կոչում էին Իզյասլավ) հրավեր-հրովարտակով: Հնագույն ռութեն, հայոց եւ լատին աղբյուրներում նշվում է, որ նրանք կոչվում էին ՆԱՇՈԽԱՉՅԱՆ, այսինքն` խաչակիրներ: Դա այդպես է, քանի որ Կիեւ մտած հայերն իրենց վրա խաչ էին կրում, իսկ ՆԱԾՈԽԱՉ բառը հին սլավոներեն ՆՈՇՈ եւ հայերեն ԽԱՉ բառերի բարդույթն է, որը նշանակում է ԽԱՉԱԿԻՐ: Հետեւաբար` խաչակրաց առաջին արշավանքի սկզբից (1089 թ.) 34 տարի առաջ խաչակրաց արշավանքները հայերը սկսել են Կիեւյան Ռուսիայից (մանրամասն տե'ս ռաֆայել Համբարձումյան, Սադոկ բարոնչը լեհահայոց պատմության ուսումնասիրող, Երեւան, 1998 թ., էջ 39, 42, 45, 34-46): Այսպիսով` քրիստոնեությունը Կիեւյան Ռուսիա-ռութենիա է մտել հայերի ձեռքով... Կիեւյան Ռուսիա-ռութենիայի իշխանական հարստության (դինաստիա) մեջ նույնպես եղել են հայկական ծագում ունեցողներ: Օրինակ` Չեռնիգովի իշխան Վլադիմիր Մոնոմախը, որը Կիեւի իշխան դարձավ 1113-1125 թթ.: Նա իր մորական պապ բյուզանդիայի Կոստանդին Մոնոմախ կայսեր հետեւությամբ իրեն կոչում էր Մոնոմախ: Վլադիմիր Մոնոմախը կազմել-հրապարակել է «Կանոնադրություն» երկը `սկզբնավորելով Կիեւյան Ռուսիայի իրավագիտությունն ու օրենսդրությունը: Նա միավորեց հին Ռուսիայի բոլոր իշխանությունները , գրեց հին սլավոնական գրականության լավագույն էջը` իր որդիներին ուղղած «Խրատ»-ը: Վլադիմիր Մոնոմախ հայկազունի վեցերորդ որդի Յուրի Դոլգորուկին (1125-1157) արեւելյան սլավոն ժողովուրդների պատմության մեջ մնաց նաեւ որպես իրեն պատկանող Մոսկվա աննշան գյուղը քաղաքի վերածած իշխան (վստահ եմ, որ Յուրի Դոլգորուկիին պատկանող Մոսկվա աննշան գյուղը նույնպես հայերն են հիմնել): Սլավոնական աղբյուրների իսկ տեղեկությամբ Յուրի Դոլգորուկիի պատվին ԺԲ դ. Վլադիմիրի մեջ ս. Գեւորգ եկեղեցին, որը սլավոնական ճարտարապետության հնագույն կոթողներից է, դարձյալ կառուցել են հայ վարպետները: Մոսկվա աննշան գյուղ-բնակատեղին ճոխ քաղաք դարձրին Յուրի Դոլգորուկիի հրավերով այստեղ եկած միջնադարում «Ծովահայաց Հայաստան» անվանվող Ղրիմի Սուդակ քաղաքը շենացրած հայ վաճառականները, որոնց սլավոնական աղբյուրները անվանում են «Սուրոժցի» վաճառականներ: Նրա «Դոլգորուկի» մականունը հայոց Բագրատունիների «Երկայնաբազուկ» մականվան թարգմանությունն է սլավորենի , իսկ իր զինանշանի վրայի առյուծը` բագրատունյաց զինանշանի առյուծն է: Սլավոնական-ռուսական բազմապիսի աղբյուրների վկայություններով հայերը 10-19-րդ դդ. ընթացքում Կիեւյան Ռուսիայում եւ Ռուսաստանում կառուցել են բազմաթիվ տաճարներ, ծաղկազարդել-գրել են բազմաթիվ ձեռագրեր, նկարել են հարյուրավոր սրբապատկերներ եւ մեծանուն անձանց դիմանկարներ, նկարազարդել եկեղեցիներ, զարգացրել են այդ տարածքների գիտությունը, մշակույթը, գրչության արվեստն ու մանրանկարչությունը, առեւտուրը, տնտեսությունը, արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը: Ռաֆաել Համբարձումյան
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play