Կյանքից հեռացավ ԳՊՀ թանգարանի հիմնադիր Վարշամ Ավետյանը


Կյանքից հեռացավ ԳՊՀ թանգարանի հիմնադիր Վարշամ Ավետյանը

  • 08-08-2012 15:34:23   | Հայաստան  |  Հասարակություն

Օգոստոսի 8-ին 85 տարեկան հասակում կյանքից հեռացավ պատմական գիտությունների թեկնածու, ԳՊՀ պրոֆեսոր, ԳՊՀ թանգարանի հիմնադիր Վարշամ Ավետյանը: Գավառի պետական համալսարանի գիտական խորհուրդը, պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմը եւ ուսանողները խորապես սգում են իսկական մտավորական եւ մանկավարժ, իր հայրենիքի ու ժողովրդի նվիրյալ զավակ Վարշամ Ավետյանի կորուստը եւ ցավակցում Ավետյանների ընտանիքին եւ բոլոր հարազատներին: Անգնահատելի է պրոֆեսոր Ավետյանի վաստակը ԳՊՀ պատմագիտական եւ հնագիտական թանգարանի ստեղծման գործում: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 9-ին, ժ. 18:00՝ Նոր-Նորքի 2-րդ զանգված, Թոթովենց փողոց, 14-րդ, բն. 45 հասցեում: Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 10-ին, ժ. 14:00 Ավանի գերեզմանատանը: Վարշամ Վահանի Ավետյան Բազմավաստակ գիտնական ու մանկավարժ Վարշամ Վահանի Ավետյանը ծնվել է 1927 թ. փետրվարի 2-ին, Լոռու մարզի Շնող գյուղում: Սովորել է նախկին Թումանյանի շրջանի Թեղուտ գյուղի, ապա Շնողի դպրոցներում: 1943 թ-ին ավարտել է Ալավերդի քաղաքի Միքայել Նալբանդյանի անվան բաներիտ միջնակարգ դպրոցը: Հայրենական մեծ պատերազմի դժնդակ տարիներին թիկունքում բարեխիղճ աշխատանքի համար պարգեւատրվել է «Աշխատանքային արիության» մեդալով: 1946 թ. ուսանել է Երեւանի էներգետիկ տեխնիկումում: 1947-1948 թթ. եղել է Ալավերդու խորհրդի գործադիր կոմիտեի առեւտրի բաժնի ավագ տեսուչ: 1948-1950 թթ. ուսումնառությունը շարունակել է Երեւանի ֆինտնտեսագիտական տեխնիկումում: 1950-1953 թթ. ծառայել է խորհրդային բանակի Թամանյան դիվիզիայի 400-րդ գնդում` որպես ավագ գրագիր եւ ծառայության պետ: 1953-1958 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը: 1958 թ. նշանակվել է Սեւանի շրջանի Լճաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն: 1963-1964 թթ. պատասխանատու պաշտոններ է վարել ՀԿԿ Սեւանի կուսշրջկոմում: 1964-1968 թթ. աշխատել է Սեւանի գյուղական արտադրական վարչության Սեւանի, Կամոյի եւ Հրազդանի միացյալ ժողկրթբաժվար, այնուհետեւ` Սեւանի շրջխորհրդի գործկոմի, ապա քաղխորհրդի գործկոմի ժողկրթբաժվար: 1960-1967 թթ. ընտրվել է Սեւանի խորհրդի գործկոմի, իսկ 1967-1972 թթ. քաղխորհրդի գործկոմի դեպուտատ: Ավարտել է մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան` աշակերտելով բազմավաստակ պատմաբան, հնագետ, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Մորուս Հասրաթյանին: 1970 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ` «Սեւանի ավազանի ուշ բրոնզեդարյան տնտեսության հիմնական ձեւերը» թեմայով: 1959-1972 թթ. Սեւանի ավազանի հնագիտական աշխատանքներին մասնակցել է որպես գիտաշխատող եւ արշավախմբի պետի տեղակալ: 1975-1986 թթ. ղեկավարել է Լճաշենի հնագիտական արշավախումբը: 1968-1972 թթ. եղել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նախապատրաստական դասընթացների վարիչ, աշխատել ԽՍՀՄ եւ Հայոց պատմության ամբիոններում` որպես ավագ դասախոս, իսկ 1972-ից` որպես դոցենտ` դասավանդելով հայոց պատմություն, հնագիտություն, հայրենագիտություն, դրամագիտություն եւ արխիվագիտություն առարկաները: 1972-1983 թթ. եղել է մանկավարժական ինստիտուտի պատմության գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ: Վարշամ Ավետյանը 65 տարի շարունակ իր ներդրումն է ունեցել մանկավարժ մասնագետների պատրաստման գործում: Երկար տարիներ` մինչ իր կյանքի մայրամուտը, դասավանդել է Գավառի պետական համալսարանում, ԳՊՀ պրոֆեսոր է: Հանրապետության տարբեր տարածաշրջաններում` Լոռիում, Սյունիքում, Սեւանի ավազանում, Արարատյան դաշտում, հայտնաբերել է շուրջ 90 հնագիտական հուշարձաններ, պեղել դրանց մի մասը: Իր կատարած պեղումների արդյունքում եւ անձնական միջոցներով ձեռք բերված նյութերով հասարակական կարգով ստեղծել է Լճաշենի, Շնողի, Երեւանի Վահան Թոթովենցի անվան թիվ 57 միջնակարգ դպրոցի հայրենագիտական թանգարանները /վերջինս նվիրել եւ անվանակոչել է ՀԲԸՄ նախագահ Լուիս Սիմոն Մանուկյանին/, Սեւանի երկրագիտական, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական եւ Գավառի պետական համալսարանների պատմագիտական եւ հնագիտական թանգարանները: Շնողի եւ Սեւանի թանգարանները, 1980թ. ՀԽՍՀ Կուլտուրայի մինիստրության կոլեգիայի կողմից արժանացել են «Ժողովրդական թանգարան» պատվավոր կոչմանը: Մի անեզրական սիրով ու նվիրումով էր կապված ոչ միայն իր ծննդավայր Լոռուն, այլեւ Սեւանի ավազանին: Գիտական ողջ կյանքը նվիրել է Սեւանի ավազանի բրոնզեդարյան պատմության եւ մշակույթի ուսումնասիրմանը: Զբաղվել է նաեւ ազգագրությամբ, բանահավաքչությամբ եւ բնապահպանական հիմնախնդիրներով, հասարակական տարբեր հարցերով: 1947 թվականից զբաղվել է Խ. Աբովյանի անհետացման առեղծվածով` ներկայացնելով դրա պարզաբանումը: Հեղինակ է շուրջ 100 գիտական աշխատանքների, այդ թվում` 12 մենագրությունների, 80-ից ավել հրապարակախոսական հոդվածների, ձեռնարկների եւ ուղեցույցերի: Պատվավոր Շնողցի է: 2010թ. «Լոռվա Ձոր» հայրենակցական միության կողմից արժանացել է «Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսի հետնորդ» պատվավոր կոչմանը: Մահից օրեր առաջ լույս տեսավ նրա վերջին աշխատությունը` «Լորուտի հին եւ հնագույն մշակույթը»: Պարոն Ավետյանը ձգտում էր ամեն ինչ հասցնել, գործն անավարտ չթողնել` առաջնորդվելով իր Մեծ Հայրենակցի` Հովհաննես Թումանյանի պատգամով` «Գործն է անմահ... »: Վարշամ Ավետյանի լուսավոր ու բարի հիշատակը վառ կմնա իր հարազատների, գործընկերների, հազարավոր սաների եւ մտերիմների սրտերում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play