Մայրաքաղաքի բոլոր դպրոցներում դասերը կսկսվեն 8:30-ին


Մայրաքաղաքի բոլոր դպրոցներում դասերը կսկսվեն 8:30-ին

  • 30-08-2012 17:48:57   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է եղել Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների տնօրենների օգոստոսյան եզրափակիչ խորհրդակցությանը, որտեղ քննարկվել են մայրաքաղաքի դպրոցներում նոր ուսումնական տարվա նախապատրասատական աշխատանքների հետ կապված հարցեր: Խորհրադակցությանը մասնակցել է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ներկայացնելով նախորդ ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը՝ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմանյանը նշել է, որ մայրաղաղաքի դպրոցների ուսուցիչների 20 տոկոսը մասնակցել է ՀՀ ԿԳՆ-ի կողմից իրականացվող մանկավարժների վերապատրաստման դասընթացներին: Վերապատրաստում անցած 1040 ուսուցիչներից 974-ը ատեստվորվել են, մնացածը փաստաթղթերի թերի լինելու պատճառով ատեստավորում չեն անցել, իսկ 2 ուսուցիչ ստացել է տարակարգ: Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկը եւ շնորհակալություն հայտնել մայրաքաղաքի մանկավարժներին նախորդ տարվա աշխատանքի համար: Իր խոսքում ՀՀ ԿԳ նախարարը շեշտել է, որ անցյալ տարի ներդրված "Շախմատ" առարկան դարձել է Հայաստանի կրթական համակարգի խորհրդանիշը. "Աշխարհի շատ հզորագույն պետություններ նման կարեւոր քայլի գնալը ռիսկային են համարում, բայց մենք այդ համարձակ քայլը կարողացանք հաջողությամբ իրականացնել: "Շախմատի" ներմուծումը դեռեւս փորձար կման փուլում է գտնվում, այս տարի շախմատի դասավանդումը կազմակերպվելու է 2-րդ եւ 3-րդ դասարաններում եւ պահանջվում է առավելագույն հետեւողականություն",- նշել է Արմեն Աշոտյանը եւ կարեւորել, որ շախմատի դասավանդման համար անհրաժեշտ գույքի պահանջարկը սեղմ ժամկետներում ներկայացվի ՀՀ ԿԳՆ: Նախարարը շեշտել է նաեւ սիրիահայ երեխաների կրթության համար անհրաժեշտ կարիքների ապահովումը եւ նշել. "Մենք պարտավոր ենք սիրիահայ երեխաներին ընդունել ցանկացած դպրոցում եւ նրանց կրթության համար ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ սկսած լեզվական խոչըդոտների հաղթահարումից մինչեւ կրթական ծրագրերի տարբերությամբ պայմանավորված լրացուցիչ անվճար պարապմունքների կազմակերպումը": Անդրադառնալով դասագրքերի բաշխման հարցին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ դպրոցներում սահմանվի վարձավճարների հավաքագրման սահուն մեխանիզմ, որպեսզի այդ հարցը ծնողի համար սոցիալական բեռ չդառնա: Նշելով, որ Երեւանը անցյալ տարվանից ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության համանախագահությունը եւ Երեւանը հռչակվել է եվրոպական կրթության մայրաքաղաք՝ նախարարը առաջարկել է Երեւանի քաղաքապետին համագործակցության հուշագիր վավերացնել՝ 2015-ին նախատեսվող Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները համատեղ իրականացնելու նպատակով: Խորհրադակցության ընթացքում քննարկվել է նաեւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական եւ ԿԳՆ-ի ենթակայության ավագ դպրոցների միջեւ գույքի փոխանակում կազմակերպելու հարցը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ առաջիկա ձմռանը Երեւանի բոլոր հիմնական եւ ավագ դպրոցները կապահովվեն ջեռուցմամբ: ՀՀ ԿԳ նախարարն ու Երեւանի քաղաքապետը պատասխանել են նաեւ դպրոցների տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են կրթական ծրագրերին, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը եւ այլ խնդիրների: Պարզաբանելով տնօրեններից մեկի մտահոգությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ տնօրենները 65 տարին լրանալուց հետո, սահմանված կարգի համաձայան, պետք է ազատվեն զբաղեցրած պաշտնից: "Օրենքով եւ կառավարության որոշմամբ սահմանված այս դրույթները չեն վերանայվելու: Ես շատ բարձր եմ գնահատում բոլոր փորձառու տնօրենների վաստակն ու ներդրումը, բայց մենք պարտավոր ենք ապահովել կրթական համակարգի առողջ սերնդափոխությունը",-նշել է նախարարը: Ի պատասխան տնօրեններից մեկի հարցի՝ Երեւանի քաղաապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս տարի նույնպես մայրաքաղաքի բոլոր դպրոցներում դասերը կսկսվեն 8:30-ին:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play