''ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ՀԱԼԵՊՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԴԱՐՁԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿ ԹԱՂԱՄԱՍԻՑ ՄՅՈՒՍՆ ԱՆՑՆԵԼԸ:''


''ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ՀԱԼԵՊՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԴԱՐՁԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿ ԹԱՂԱՄԱՍԻՑ ՄՅՈՒՍՆ ԱՆՑՆԵԼԸ:''

  • 02-09-2012 22:02:14   | ԱՄԷ  |  Հարցազրույցներ

Պետք է խնդրեի Ձեզ , որ մեր այսօրվա զրույցը սկսեինք Արաբական Էմիրատների հայության մասին: Փորձենք, եթե հնարավոր է այդ մեկը, կանգ առնել նախ պատմական ակնարկի վրա. ե՞րբ եւ ի՞նչ հանգամանքների ներքո հայտնվեցին մեր հայրենակիցները այդտեղ, եւ ո՞ր ժամանակվանից հատկապես ստեղծվեց տեղի համայնքն իր բոլոր կառույցներով հանդերձ: Արաբական Միացյալ Էմիրությունները արաբական աշխարհի քսաներկու երկիրներից մէկն է, որ ինքնին կազմուած է էմիրություններ կոչված յոթ միավորներից: Սույն Էմիրութիւնները գտնվում էին Բրիտանիայի իշխանութեան ներքո մինչեւ 1971 թվականը: Հայերը 1950-ական թուականներից սկսեցին հայտնվել այս կողմերում՝ մանավանդ քարյուղի արդյունաբերութեան զարգացման պատճառով: Արաբական մյուս երկրների եւ Իրանի քաղաքական ու ընկերային վերիվայրումների հետեւանքով հայերի թիվը հետզհետե բազմանում է հաջորդող երկու տասնամեակների ընթացքում: Էմիրությունները եւ Ծոցի մյուս երկրները՝ ինչպես Քուվեյթը, Քաթարը եւ Բահրեյնը Միջին Արեւելքի եւ այլ վայրրերից եկած հայության համար դառնում են ապրուստի հայթայթման կարեւոր երկրներ: Ներկայիս հաշվով ԱՄԷ-ում մոտավորապես հինգ հազար հայեր են ապրում՝ մանր արդյունաբերության կենտրոն համարվող Շարժայում, վաճառականական մայրաքաղաք Դուբայում եւ պետությյան մայրաքաղաք Աբու Դապիյում: Այստեղ գտնվող հայերը ավելի քան քսան քաղաքացիություններ են կրում, լաւ դիրքեր են գրավում՝ թէ՛ խոշոր միջազգային ընկերություններում եւ թէ՛ ազատ արդյունաբերության, վաճառականության եւ արհեստների որոլտներում: Օտարախոսության վտանգը կա՝ մանավանդ այն պատճառով, որ անգլերեն լեզուն գերիշխող է այստեղ ( երկրի ներսում ապրող բազմաթիվ ազգությունների ներկայացուցիչներ հենց այդ լեզվով են մեկը մյուսի հետ հաղորդակցվում): Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ օտարներին քաղաքացիություն շնորհելու մասանաւոր ծրագիր ԱՄԷ-ն չի հետապանդում՝ ու չի էլ կարող առհասարակ նման քայլի դիմել, նկատի ունենալով, որ տեղացիները երկրի միայն 15% են կազմում եւ երկրին մեծ վտանգ կսպառնա եթե օտարահպատակներին քաղաքացիության իրավունք տրվի, հայությունն այստեղ ձուլման վտանգ չունի: Հայերն իրենց գաղութային կեանքը սկսում են կազմակերպել 70-ականների վերջերից՝ հատկապես Լիբանանի քաղաքացիական կռիւների պատճառով ԱՄԷ հաստատված հայության թվային աճի հետեւանքով: Բեյրութի Անթիլիաս արվարձանում գործող կաթողիկոսությունը, որ դարեր շարունակ պատմական Կիլիկիայում գործելուց հետո տեղափոխվել էր Լիբանան, մի հաղորդակցության կապ է ստեղծում տեղի հայ երեւելիների հետ եւ ժամանակաւոր եկեղեցականներ է ուղարկում՝ տոնական որոշ օրերին հայկական ծիսակատարությամբ արարողություններ կատարելու երկրի ներսում գործող կաթողիկե կամ անգլիական եկեղեցիներում: 1860-ական թվականներին Կ. Պոլում մշակված ազգային սահմանադրության հիմունքներով (որ տարիների ընթացքում վերամշակվել եւ հարմարեցվել է Կիլիկիո Կաթողիկոսության կողմից) պատրաստվեց մի տեղական կանոնագրություն, որը տարիներ հետո վավերացվեց Կիլիկիո Կաթողիկոսի կողմից՝ հակառակ որ բավական թերի եւ ժամանակավրեպ կետեր ուներ: 1980 թվականին Գարեգին Բ Կաթողիկոսը (հետագայում՝ Ամենայն Հայոց Գարեգին Ա) այստեղ է ուղարկում Օշական Վարդապետ Չոլոյանին (ներկայիս Առաջնորդը Ամերիկայում), որպէս Քուվեյթի եւ Ծոցի այլ երկրների կաթողիկոսական փոխանորդ: Չոլոյանը կազմակերպում է շրջանի եկեղեցական եւ ազգային կյանքը, սկզբից գործակցելով բոլորի հետ, իսկ ավելի ուշ՝ մասնավորապէս դաշնակցական ենթահող ունեցող անհատների: Նա նշանակում է մի ազգային վարչություն, որն տարբեր անձնակազմերով գործել է մինչեւ 1994 թվականը, երբ տեղի ունեցան թեմական ընտրությււնները (Քուվեյթն ու Ծոցի երկրները 1992-ից ի վեր արդեն Կիլիկյան թեմի էին վերածվել): Ընտրութիւնները մեծ խանդավառություն ստեղծեցին գաղութում, մանավանդ որ Հայաստանի անկախացման առաջին տարիներին ժողովուրդի շրջանում այդ օրերին հայության հարցերով զբաղվելու ալիքն էր բարձրացել: Դժբախտաբար, հաջորդական չորս շրջաններում թեմական ընտրությունները կուսակցական եւ անհատական հաշիվների գերի դառցան: Գործնականապես հայութեան հինգ տոկոսն է միայն մասնակցում այդ ընտրութիւններին, իսկ աթոռ գրավողները երկար տարիներ նույն անձինք են մնում՝ ստեղծելով լճացման իրավիճակ: ԱՄԷ-ում ապրող հայ մեծահարուստների ներդրումով 1998 թվականին Շարժայում տեղի էմիրի կողմից նվիրված մի հողաշերտի վրա հայկական գեղեցիկ եկեղեցի եւ մի կենտրոն է կառուցվում: 2002 թվականից ի վեր հետապնդվում է մայրաքաղաք Աբու Դաբիյում եւս նույնօրինակ մի քայլի իրականացման նպատակը: 2010 թ. մարտին, Հնդկաստանից վերադարձի ճամբին, Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը կանգ է առնում Աբու Դաբիյում եւ հորդորում շրջանի հայությանը, որ միասնական ճիգերով հետապնդեն եկեղեցի կամ մատուռ կառուցելու գործը: 2012 թվականի մայիսին կատարվեց Աբու Դաբիի Նահատակաց եկեղեցիի հիմնարկեքը, որն եկող երեկ-չորս տարիների ընթացքում արդեն պատրաստ կլինի, ունենալով հարակից սրահ եւ դասարաններ շաբաօրյա դպրոցի համար: Գաղութն ընդհանուր առմամբ (թէ Շարժա- Դուբայի եւ թէ Աբու Դաբի մակարդակով) որոշ չափով կազմակերպուած է: Կան շաբաթօրյա երկու վարժարաններ՝ հայերեն լեզվի ուսուցման համար: Գործում են նաեւ երկու կիրակնօրյա դպրոցներ: Շարժայում (որն ընդամէնը 15 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Դուբայից), գործում է հայկական եկեղեցի, կան նաեւ տիկնանց, մշակութային, դպրոցի հոգաբարձության եւ եկեղեցվո թաղականության ավանդական մարմիններ: Աբու Դաբիյում եւ Դուբայում 1990-2010 թվականներին գործել է նաեւ Հայկական Մշակութային Ընկերակցություն անունով մի կազմակերպություն, որն հայկական կյանքում իրենց ներդրումն ունեցող ոչ-դաշնակցական տարրերի միջոցն է (նկատի առնելով, որ նրանք միայն այդպիսի մի կառոյցում են անկաշկանդ գործելու առիթը տեսնում): Կազմակերպությունը մեծ ներդրում է ունեցել հայ մշակոյթը ԱՄԷ հաստատված օտարներին ծանոթացնելու հարցում: Տասնյակ արժեքավոր եւ մեծածավալ միջոցառումներ է կատարել, Հայաստանից հրավիրելով արվեստի եւ առհասարակ մշակույթի բնագավառի հարյուրավոր մարդկանց: ԱՄԷ-ի հայությունը շատ հնարավորություններ ունի որ օգտագործուած չէ տակավին: Պակասում է հարգանքը ստեղծագործ մտքի հանդեպ եւ տաղանդավոր անձանց նեցուկ կանգնելու ոգին: Հայկական այլ գաղութների հետ կապը ամենացած մակարդակի վրա է գտնվում, Հայաստանի հետ առնչությունները ձեւական ու բարեկամեցողության սահմաններից այնկողմ չեն անցնում: Ընկերային կամ կենցաղային դժվարություններ ունեցող հայերը աննկատ են մնում, եւ անհոգ մեծամասնության մոտ առանց խոկումի ակնթարթն իսկ ստեղծելու, կյանքի անողոք պայմանների ազդեցությամբ՝ տկարանում աստիճանաբար եւ օտարանում ի վերջո: Այդ անհատների կապակցությամբ ոչ մի տեղեկագիր կամ հետապնդում չի պատրաստվում: Հայտնի է պարագան Հայաստանից ԱՄԷ ժամանած հարյուրաւոր մարդկանց պարագան, որոնք թրաֆինկի զոհերն են, եւ բայց որոնց համար գաղութից ներս ոչ մի քայլ չնախաձեռնվեց՝ թեկուզեւ սովորական իրավական խորհրդատվության մակարդակով: Երբ Իրաքի հայությունը անասելի դժուարութիւնների մատնվեց ոչ մի քայլ չձեռնարկվեց այդ գաղութին օգնելու համար եւ նույնն էլ կրկնվում է այսօր Սիրիայի պարագայում: Սիրիայի տագնապից մեկուկես տարի է անցել, իսկ ԱՄԷ-ում լոկ մեկ ճղճիմ հայտարարություն են պատրաստել Սիրիայի դպրոցների օգնություն ցուցաբերելու համար: 2.Ի՞նչ է ներկայացնում իրենից ժամանակակից հայ համայնքն Արաբական Էմիրատներում, ի՞նչ նպատակներ ունի, ի՞նչ տեսակ միջոցներով ու հաստատությունների օժանդակությամբ է իրագործում դրանք, ինչպիսինն է նրա դերն ու նշանակությունը երկրի հասարակական ու թե քաղաքական կյանքում: ԱՄԷ-ում ապրող հայը՝ ազդված երկրում տիրող արեւմտյան ապրելակերպից, որ հիմնված է մասնաւորապես ապրանքների անսահաման սպառման վրա, եւ ինքն էլ այս հոսանքին հետեւելով, այնքան է ընտելացել արդեն այս կյանքին, որ հայության թեմաներով այլեւս նվազագոյն զոհողութիւնների չափսով է զբաղվում: Հաշվի առնելով, որ հայության մեծ մասն այստեղ է եկել այն արաբական երկրներից, ուր տկար է եղել սպառողական հասարակությունը, ապա եւ նրանք դժուարությամբ եմ կարողանում այս նոր հորձանուտում իրենց հաւասառակշռությունը պահպանել: Գաղութն իր առջեւ մասնաւոր նպատակներ չի դրել: Անցյալում ցանկություն կար շաբաթօրյա դպրոցը ամենօրյաի վերածելու, բայց այդ ժամանակ էլ ղեկավարական աթոռը զբաղվեցնող մարդկանց վճառակամության պակասը երեւան եկավ: Դրան միացավ նաեւ ծնողների տատանումները իրենց զաւակներին հայկական կրթություն տալու վերաբերյալ, քանի որ մեծամասնության հասկացողությամբ մայրենի լեզվով կրթությունը զրկում է ուսանողին ապագայիում հարմար գործ գտնելու հնարավորություններից: Թեեւ ծրագիր եւ պատրաստություն էլ չկա իսկական արդիական մակարդակով հայկական կրթօճախ ստեծելու համար: Հուսահատ՝ որոշ մարդիկ առաջարկեցին գոնե ամենօրյա մանկապարտեզ ունենալ, բայց պատկառելի թեմական երեսփոխանների մոտ դա էլ օրակարգի նյութ չդարձաւ իրենց տարեկան մեծածախս հանդիպումների ընթացքում: Վերոհիշյալ հանդիպումների մասին ժողովուրդը տեղեկանում է պարզապես, տեսնելով հաւաքական նկարները եւ առանց իմանալու, թէ ճիշդ ինչ նյութեր են շոշափվել երկարաշունչ ժողովների ժամանակ: Դրանք մի տեսակ փակ ակումբների ընտրանի անդամների տարեկան հավաքներն են հիշացնում եւ արդյունքը,բնականաբար, շատ ճղճիմ է լինում՝ այն աստիճան, որ եթե դրանց մասին ոչ մի բան չգրվի, որեւէ պակաս չի զգացվի (ըստ ամենայնի, այդ հավաքների մանրամասնութիւնները գաղթնի են մնում): Ընդունենք, որ գաղութի երեւելիները բարձր դիրքեր են գրավել իրենց անհատական տքնաջան աշխատանքով, բայց շատ անգամ առանց որեւէ գիտական պատրաստության եւ հենց այդ պատճառով է համայնքում պակասում գիտական կամ ընկերային հանգամանք ունեցող մարդկանց հանդեպ հարգանքն ու ակնածանքը: Տարիների ընթացքում այդպիսինները հեռացվել են հաճախ եւ նրանց բացակայությունը այսօր հայտնի է: Որպէս հավաքականություն, հայերն ապրում են կղզիացած եւ ինքնամփոփ կյանքով, ինչի շնորհիվ հաջողում են որոշ չափով պահպանել իրենց ավանդական դիմագիծը: Փոխարենը սակայն, այնքան հեռու են պահում իրենց կյանքի առաջխաղացումներից, որ այլեւս իբրեւ հայ պահպանվելն է դառնում որեւէ մեկի մեծագույն ու միակ իրագործումը: Նոյնիսկ վարչական անձերի խոստովանությամբ այդպիսի մի հեռանկար հրապուրիչ չէ իրեց արդեն իրենց իսկ զաւակների համար: Անշուշտ, մեր հայրենակիցներն այստեղ լավ համբավ են վայելում՝ հանգամանք, որը բացատրվում է տասնմյականեր շարունակ հայերի պարտաճանաչության դրսեւորումով եւ զանազան արաբական երկրներում քաղաքական ու ընկերային արտակարգորեն չափավորյալ վարվելակերպով: Նույն համբավն են վայելում նաեւ ԱՄԷ եւ քանի որ այստեղ էլ են շարունակել պահպանողական «տասը չափի՛ եւ մեկ գործի՛» սկզբունքով շարժվել, ապա կարողացել են շահել տեղական եւ օտարազգի այլ բնակիչների համակրանքը (կամ կարող ենք ասել, որ իրենց հանդեպ հակակրանք չեն առաջացրել): Այս դրական մտնոլորթի ստեղծումով Թուրքիան եւ Ադրբեջանը, հակառակ որ ամեն անգամ նորանոր հնարքների են դիմում եւ քարոզչության նոր ձեւեր որդեգրում, արաբական եւ Ծոցի շրջաններում դժվարությունների են հանդիպում տեղական իսլամական բնակչությանը հայության դեմ լարելու հարցում: Շատ են մարտահրավերները, իսկ գործելու եւ ստեղծագործելու հնարավորություններն՝ աւելի շատ: Մեր աշխատունակությունը, սակայն, դեռ այդ մակարդակին չէ: Պետք է նշել, որ 2000 թվականից ի վեր Աբու Դաբիյում սկսել է գործել Հայաստանի դեսպանությունը, որն 2008-ին օժտվեց մի շքեղ շենքով: Այն կատարում է իր առաքելությունը միայն երկու-երեք դիվանագիտական եւ հյուպատոսական անձնակազմով: Զբոսաշրջիկական կապերը Հայաստանի հետ գրեթե ամբողջապես հայերի վրա են հիմնված, ինչը նշանակում է, որ այս շրջանից դեպի Հայաստան մեծ քանակությամբ օտարների այցեր տեղի չեն ունենում: Դա այն պարագայում, երբ Ծոցի երկրներում հաստատված բազմաթիվ օտարներ ամեն տարի պարտադիր այլ վայրեր են այցելում: 3. Ոչ միայն բուն Արաբական Էմիրատներում, այլեւ` չափազանցություն չլինի ասել, ամբողջ սփյուռքում է լրատվական կարեւորագույն միջոցներից մեկը դարձել Ձեր կողմից հիմնադրած ''Ազատ հայ'' կայքէջը, որն արժանացել է նաեւ Սփյուռքի Նախարարության Պատվոգրին: Կցանկանայի հարցնել. Իսկ որո՞նք են Ձեր անձնական վերլուծությունների համաձայն, այդ հաջողության ստույգ պատճառները: Սփյուռքյան մամուլի ո՞ր պակասներն եք հատկապես հաշվի առել ''Ազատ հայ''ի հայտնությունից առաջ եւ հետո: Եվ. որքա՞ն մարդ է միջին հաշվարկով օրական ձեր կայքէջը մտնում: Միջին հաշվով օրական մենք մինչեւ երեք հազար ընթերցողներ ունենք՝ հանգամանք, որ աճի բոլոր հնարավորությունները ունի, քանզի ամեն տարի ավելանում է նոր նյութեր փնտրող ընթերցողների քանակը: Աշխարհացրիվ հայերին ու հայության մասին տեղեկություններ որոնող օտարներին պետք են նման աղբյուրներու: Անշուշտ, ԱՄՆ-ում կան մի քանի անգլիատառ հրատարակություններ (օրինակի համար ''Ասպարեզ''-ի եւ ''Հայրենիք''-ի անգլերէն տարբերակները, որոնք նաեւ համահայկական վարկ ունեն), բայց դրանք շատ քիչ բան են խոսում Միջին Արեւելքի, Արեւելjան Միջերկրականի եւ Ասիայի մեր հայրենակիցների մասին: Ուրախալի է իհարկե, որ Սփյուռքի նախարարությունն արդեն նորանոր լրատվական միջոցներով է փորձում լրացնել կամաց-կամաց հայության պահանջները: Երբ 2009-ին այցելեցինք Սփյուռքի նախարարություն, տեսանք թե ինչպես են տասնյակ ժրաջան պաշտոնյաները ամենօրյա հեվքով հավաքում, դասավորում եւ վերլուծում նյութերը ու տարածում դրանք նորանոր կայքերի եւ հեռասփռումի միջոցներով: Ինչ խոսք, որ նրանց մեջ նույնպես կան մարդիկ, որոնք սովորական պաշտոնյաի մտայնությամբ են մոտենում հարցերին, բայց ինչ որ նկատելի էր մեզ այցելության ընթացքում՝ դա մեծամասնության անկեղծ ու անշահախնդիր վերաբերմումն էր: Նրանց մոտ նշմարելի էր հյուրերի հետ կապ հաստատելու եւ նույն կապերը ապագայում նախարարության լրատվական եւ հայապահպանման գործին ծառայեցնելու միտումով: Մյուս կողմից, այս կառոյցի ղեկավարող Սփիւռքի Նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը ստիպված է սուղ ժամանակը օգտագործել քաղաքավարական այցելությունների ընդունման եւ իրագործման համար: ''Ազատ Հայ'' կայքէջը, ուրեմն, երեւան հանվեց Միջին Արեւելքի, Արեւելյան Միջերկրականի եւ Ասիայի հայության մասին տեղեկությունները հայթայթելու եւ տարածելու նպատակով: Հակառակ որ ավելի քան 600 հազար հայեր են ապրում այդ տարածքում, իրենց նյութերը շոշափող հարազատ լրատվամիջոց, այդուհանդերձ, չկար: 2003 –ից ի վեր գործող մեր կայքը փորձում է իրականացնել այդ բանը: Ունեցել ենք, այո, որոշակի հաջողություններ, բայց նյութականի պակասության պատճառով չենք կարողացել ներգրավել մնայուն աշխատակիցներ՝ այլապես պետք է ավելի հրաշալի մի կառույց ունենայինք: Մի պարահանդեսին մասնակցող ԱՄԷ-ի հայը ի վիճակի է մեկ պնակի համար հարյուր դոլարից աւելին վճարել, բայց տաս անգամ կմտածի, եթե հարցը վերաբերվի հայկական լրատուամիջոցներին նպաստելուն: Հայտարարել էինք, օրինակի համար, որ այս կայքը շահութաբեր ձեռնարկ չէ եւ այն ինչ ստանանք անմիջապես պետք է հոդվածագրեր ունենալու համար տրամադրենք: Եվ սակայն,այն հայությունը, որ կարողացավ հինգ միլիոն դոլար գոյացնել Դուբայում Դաշնակցության Հայ Դատի գրասենյակի բացման համար, չուզեց տասը դոլար անգամ տալ ''Ազատ Հայ'' կայքին (գոնե արաբական տարբերակի համար, որ շրջանում տեղացիներին ուղղված եւ հայկական թեմաները շոշափող միակ պարբերականն է եւ որ փորձում է իր պարզ միջոցներով թրքական եւ ազերական տասնյակ արաբական կայքերին հավասառակշռվել): Ինչ արած. այդպիսինն է մեր պետական եւ կուսակցական մարդկանց մտածողությունը: ''Ազատ – Հայն'' ի վերջո, անձնական նախաձեռնություն է, որ կշարունակվի այնքան, որքան մենք անձամբ կամք եւ ժամանակ ունենք այս գործը հետապնդելու: Այդքան կարեւոր գործ լինելով հանդերձ, այն ակամա անհատական մակարդակի վրա է մնացած եւ դա էլ մեր մեծագոյն ցավն է, որն այնուամենայնիվ հաղթահարելի է, քանզի հույս ունենք, որ մեր վերաբերմունքը ժամանակի հարկադրանքների ներքո պետք է հասունա անպայման եւ մենք ազգովին ենք սկսելու մտածել լրջորէն մտածել մեր տրամադրության տակ եղած հնարաւորությունների մասին՝ ընբռնումով, որ աշխարհի վրա մի պատվաբեր տեղ գրավելու համար պէտք է որպես հավաքականություն գործենք,եւ ոչ թէ որպէս անհատներ: Բարձր դիրքեր գրաւած հայը որ ինքն իր մասին մեծ համարում ունի եւ իր ազգին մասին միայն հպարտութեամբ կ՛ուզէ արտայայտուիլ, պիտի անդրադառնայ ի վերջոյ թէ ժառանգած համբաւին ապաւինելու փոխարէն ան կարեւոր աշխատանք ունի իր առջեւ: Բաւարար չէ թութակաբար ըսել թէ Թուրքիան Եւրոպա մտնելու համար այս կամ այն բանը պէտք է ընէ, այլ նայինք նախ եւ առաջ թէ մենք ինչ պէտք է ընենք: Համայն հայությանն է հետաքրքրում այսօր Սիրիայի մեր հայրենակիցների վիճակը: Չենք կարող ասել, որ սփռվող լրատվությունն այս հարցում ամբողջական պատկեր է հաղորդում: 4.Ի՞նչ կարող եք հաղորդել ընթերցողներին տիրող իրավիճակի եւ հայերի դրության մասին: Տիրող իրավիճակն իհարկե, ծանր է եւ եթե նույնիսկ Սիրիան ապահով ձեւով իրականցնի իշխանափոխությունը, դա միեւնույն է, իր հետեւանքներն է թողելու գաղութի վրա: 2011-ի մարտից ի վեր տեղի Սիրիայում տեղի ունեցած դեպքերը արդէն իսկ իրենց դրոշմն են դրել համայնքի վրա: Հարյուրավոր հայեր հեռացել այդ երկրից, եւ շատերն են ծրագրում այդ քայլին դիմել: Մեծամասնությունը սակայն տնտեսական եւ ապահովական պատճառներից ելնելով, չունի ով երկրից դուրս գալու հնարավորությունը: Այս օրերին Հալեպում վտանգավոր է դարձել մինչեւիսկ մեկ թաղամասից մյուսն անցնելը: Հալեպի օդանավակայանը հասնելու համար պետք է անցնել ընդիմադիր ուժերի պահակակետը: Քաղաքում լսվում են շուրջօրյա ռմբակոծության եւ հրաձգության ձայները: Երբեմն ռումբի կտորները ընկնում են հայաբնակ թաղերի մե,ջ պատճառելով մարդկային զոհեր: Ընդիմադիրների «Ազատ Բանակ» կոչվող զինվորական ուժը նպատակ ունի գրավել հայաբնակ թաղամասերում գործող կառավարական մի քանի շէնք: Սիրիական դեպքերի սկիզբից ի վեր հայերը զանազան հանգամանքերի ներքո կորցրեցին շուրջ 15 հոգի, որոնցից ոչ մէկը՝ իր ազգային կամ կրոնական պատկանելիության համար: Հայ անհատների մոտ այն մտավախությունը կա, թե մեր հայրենակիցների վիճակը կվտանգվի, եթե նախագահ Ասադը հեռանա իշխանությունից, բայց, իմ կարծիքով, ապագայ Սիրիայի քաղաքական եւ ընկերային կառոյցը այնքան մտահոգիչ չէ հայութեան համար, որքան այսօրվա կիսաքաոսային զինվորական առճակատումի վիճակը, որ հղի է ամէն րոպէ վայրագությամբ եւ բռնությամբ: Հայերը փորձում են չէզոքություն պահպանել. չնայած որ իրենց համակրանքը մեծամասամբ թեքվում է իշխող նախագահի կողմը, բայց եւ գիտակցում են, որ քաղաքական ու զինվորական լուծումներն այլեւս երկար ժամանակ են պահանջելու, ինչն էլ իր հերթին առաջացնում է մտավախությունը, թե գաղութն այդ ընթացքում տնտեսական ու մարդկային կորուստների առումով ուժասպառ կդառնա՝նույնիսկ եթե ապահովական իրավիճակն ինչ-որ չափով ընդունելի մակարդակի վրա պահպանվի: 5. Գլոբալիզացիայի նորագույն այս պայմաններում ի՞նչ պետք է Ձեր անձնական կարծիքով անի երրորդ հազարամյակում ապրող սփյուռքահայը իր ազգային ինքնությունը պաշտպանելու ու պահպանելու համար: Բնական է, որ այս հարցի լուծումը կայանում է Հայաստանն իր բոլոր կողմերից ճանաչելու ձգտման մեջ: Հայը պետք է միշտ Հայաստան այցելի, դիմի իր Հայրենիքի քաղաքացիությունը համար, իսկ լավ եկամուտներ կամ ամսավճար ապահովելու պարագաներում՝ այնտեղ ապրի եւ ապրեցնի իր ընտանիքը: Եթե հայը պարտաւորուած է դրսում ապրել, ապա պետք է հետեւի անպայման Հայրենիքի լուրերին եւ առհասարակ համահայկական նշանակություն ունեցող իրադարձություններին՝ օգտագործելով արդի հաղորդակցական բոլոր միջոցները: Նա պէտք է մոտ լինի ազգային իրականությանը: Հարկ է, որ մենք ընդունենք ամէն մի հայի՝ առանց կանխապես արժեւորումներ կատարելու իր քաղաքական կամ այլ կարգի մտածողության վերաբերյալ: 6. Ի՞նչ կցանկանայիք ավելացնել վերջում: Կցանկանայի շնորհակալություն հայտնել Արթիւր Ղուկասյանին, որ մեր ամեն մտքի հասկցողն ու զգացողն է: Նա ներկայիս մեզ հետ միասին սփյուռքահայի ճակատագիրն է բաժանում: Հաղորդակցությունն իր հետ սփոփում է մեզ՝ տեսնում ենք, թե ինչպես կարող է հայի տոկուն ոգին թեկուզեւ համացանցային կարգով անծանոթ ափերի վրա փոքր հայրենիքներ կերտել : Շնորհիվ Արթուրի պրպտող մտքի ահա, կամուրջներ են ստեղծվում հայության զանազան հատուածների միջեւ՝ առիթ ընծայելով մեր հայրենակիցներին եւ հայության խնդիրներով զբաղող օտարներին որ հանգիստ քայյլեն այդ կամուջի վրայով եւ հասնեն ապահով ափեր:
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ