Վահագն Չախալյան.Սաակաշվիլիի համար աշխատողները աշխատում են Ջավախքի հայաթափման ծրագրերի իրականացման օգտին
29-09-2012 10:13:53 | Վրաստան | Իրավունք
Վահագն Չախալյանի ուղերձը ջավախքահայությանը.
«Սիրելի հայրենակիցներ,
2012թ. հոկտեմբերի 1-ին Դուք գնալու եք քվեարկության՝ ընտրելու Վրաստանի խորհրդարանի կազմը:
Ես կոչ եմ անում Ձեզ ընտրություն կատարելիս քաջ գիտակցել, որ քանի դեռ բանտում կամ աքսորում են գտնվում «Միասնական Ջավախքի» անդամները, այլ ջավախքահայ քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ, Ջավախքում ոչ մի ընտրություն չի կարող ազատ, արդար եւ լեգիտիմ համարվել:
Ընտրություն կատարելիս քաջ գիտակցեք, որ Սաակաշվիլիի իշխանության մնալու դեպքում նոր թափ են ստանալու դեպի Ջավախք թուրքական ներթափանցման գործընթացները: Սաակաշվիլիի իշխանության մնալը նշանակում է, որ Ջավախքում բազմապատկվելու են անօրինական ձերբակալությունները եւ սեփականության բռնագրավման դեպքերը, բանտում են մնալու ջավախքահայ քաղբանտարկյալները, շարունակվելու է հայկական դպրոցների դեմ գրոհը, աշխատանքից են ազատվելու հայ ուսուցիչները եւ ծառայողները, խոնարհվելու են հայկական եկեղեցիները, մի խոսքով՝ շարունակվելու են այն բոլոր խայտառակ երեւույթները, որոնց մենք ականատես ենք 2004-ից՝ Սաակաշվիլիի իշխանության գալու տարուց:
Այսօ՛ր, ա՛յս ընտրություններում Սաակաշվիլիի համար աշխատողները աշխատում են Ջավախքի հայաթափման ծրագրերի իրականացման օգտին, ինչը հանցանք է սեփական ազգի դեմ եւ պատժելի է ամբողջ խստությամբ:
Սիրելի հայրենակիցներ,
Ես կոչ եմ անում Ձեզ քվեարկության ժամանակ որոշում կայացնելիս կուլ չգնալ ճնշմանը եւ սպառնալիքներին: Առաջնորդվեք բացառապես Ձեր խղճի եւ համոզմունքների թելադրանքով եւ հայրենի Ջավախքի շահի գիտակցմամբ»:
Վահագն Չախալյան,
Ռուսթավի N1 քրեակատարողական հիմնարկ
27 սեպտեմբերի 2012թ.