Միկրոէլեկտրոնային կրթության ոլորտում Հայաստանը շարունակում է մնալ համաշխարհային դերակատար


Միկրոէլեկտրոնային կրթության ոլորտում Հայաստանը շարունակում է մնալ համաշխարհային դերակատար

  • 05-10-2012 15:54:23   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Սինոփսիսը հյուրընկալում է 418 տաղանդավոր երիտասարդ մասնագետների 14 երկրներից՝ Սինոփսիսի շաբաթվա շրջանակներում անցկացվող Յոթերորդ ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի ընթացքում Ծրագրային ապահովման, մտավոր սեփականության եւ ծառայությունների մատուցման ասպարեզում համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերությունը (Nasdaq:SNPS), որն արագացնում է նորարարություններն ինտեգրալ սխեմաներում եւ համակարգերում այսօր հայտարարեց, որ Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտում (ՍԱՈՒԴ) կայացավ Յոթերորդ ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որում հաղթող ճանաչվեցին 23 մրցանակակիրներ 10 անվանակարգում: Ստորեւ ներկայացվում է հաղթողների ամբողջական ցուցակը: Հայաստանում Սինոփսիսի շաբաթվա շրջանակներում անցկացվող այս տարվա մրցույթն արտացոլում էր մասնակից երկրների բազմազանությունը՝ ներառելով ներկայացուցիչներ 14 երկրներից՝ Հայաստան, Բելառուս, Չինաստան, Եգիպտոս, Գերմանիա, Հնդկաստան, Հորդանան, Մալազիա, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Սերբիա, ՄԱԷ, Ուկրաինա եւ ԱՄՆ: Օլիմպիադայի 418 մասնակիցներից 191-ը հայաստանյան ԲՈՒՀ-երից եւ ՏՏ ընկերություններից էին, իսկ 227-ը՝ միջազգային համալսարանների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ էին: Օլիմպիադան բացահայտում է մինչեւ 30 տարեկան առավել խելացի եւ տաղանդավոր ճարտարագետներին: 2012 թ.-ի օլիմպիադան ընդգրկում էր հետեւյալ թեմաները՝ թվային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում, անալոգային եւ խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում, կիսահաղորդչային սարքեր եւ տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական եւ ալգորիթմական ապահովում: Մրցույթն իրականացվում էր երկու փուլով: Առաջին փուլն անցկացվեց մասնակից բոլոր երկրներում սեպտեմբերին` ստուգարքի ձեւով, իսկ երկրորդը ներառում էր ինքնատիպ լուծումներ պահանջող ճարտարագիտական խնդիրներ: Առաջին փուլի 418 մասնակիցներից 34-ն անցան երկրորդ փուլ, որը տեղի ունեցավ Երեւանում հոկտեմբերի 4-ին ՍԱՈՒԴ-ի մասնաշենքում: Երեսուն չորս մրցակիցներից 14-ը Երեւանից էին, չորսը՝ Գյումրիից, իսկ 16-ը՝ միջազգային մասնակիցներ էին: Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչն ու հովանավորն է Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հանդիսանում է օլիմպիադայի գլխավոր հովանավոր: Օլիմպիադայի հովանավորներից են նաեւ Արմինկո ՓԲԸ-ն, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ՓԲԸ-ն, Մայքրոսոֆթ Արմենիան, ՊԱՐՏՆՅՈՐ ՍՊԸ-ն, Յունիքոմփ ՓԲԸ-ն, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը, Վիասֆեր տեխնոպարկը: Տեղեկատվական հովանավորությունն իրագործեցին ԱՌԿԱ գործակալությունը, Բիզնես էքսփրես շաբաթաթերթը, ԷԿՈնոմիկա ամսագիրը, Հայաստանի հանրային ռադիոն, Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը եւ 168 ժամ օրաթերթը: Յոթերորդ ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադայի հաղթողներին շնորհվեցին մրցանակներ Սինոփսիսի մեծարման երեկոյի ընթացքում, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը: Մրցանակները տրվել են` • 1-ին մրցանակ՝ նոութբուք ՎիվաՍել-ՄՏՍ կողմից Թիանյու Մային (Չինաստան) • 2-րդ մրցանակ` iPad Սինոփսիս Արմենիայի կողմից Մահմուդ Համդի Իբրահիմ ?ուդային (Սաուդյան Արաբիա) • 3-րդ մրցանակ՝ նեթբուք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից Վաչե Գալստյանին (Հայաստան) • 3-րդ մրցանակ՝ նեթբուք Յունիքոմփ ՓԲԸ-ի կողմից Բենջամին Ալեքսանդր Լա Ռիվիերեին (ԱՄՆ) • Լավագույն ճարտարագիտական լուծման համար մրցանակ` Վիասֆեր տեխնոպարկի կողմից Վարդան Գրիգորյանցին (Հայաստանից) • Ամենայուրօրինակ լուծման համար մրցանակ` Մայքրոսոֆտ Արմենիայի կողմից Ռեզա Ասադփուրին (Մալազիա) • Ամենաստեղծագործ լուծման համար մրցանակ` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից Սամվել Անտանյանին (Հայաստան) • Լավագույն աղջիկ մասնակից` մրցանակ ՊԱՐՏՆՅՈՐ ՍՊԸ-ի կողմից Նելլի Խաչատրյանին (Հայաստան) • Ամենաերիտասարդ մասնակից` մրցանակ Արմինկո ՓԲԸ-ի կողմից Գրիգոր Հակոբյանին (Հայաստան) • Լավագույն արդյունք Գյումրուց՝ մրցանակ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության կողմից Խորեն Տիգրանյանին (Հայաստան) • Լավագույն արդյունք յուրաքանչյուր երկրից՝ մրցանակ օլիմպիադայի կազմկոմիտեի եւ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի կողմից՝ Վիտալի Գավրիլյուկին (Բելառուս), Թիանյու Մային (Չինաստան), Արջուն Սինգալին (Գերմանիա), Նիխիլ Սուդհիր Ուպադհյային (Հնդկաստան), Անաս Մաջդի Դահաբրային (Հորդանան), Ռեզա Ասադփուրին (Մալազիա), Թայլան Դարիբաեւին (Ռուսաստան), Մահմուդ Համդի Իբրահիմ ?ուդային (Սաուդյան Արաբիա), Հելենա Զդրավկովիչին (Սերբիա), Հեբատալլա Սալահ Աբդուլքարիմ Ա Ալհամադանիին (ՄԱԷ), Վոլոդիմիր Միզին (Ուկրաինա), Բենջամին Ալեքսանդր Լա Ռիվիերեին (ԱՄՆ): Յոթերորդ ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադայի հաղթողների հետ մեկտեղ, տոնական երեկոյին էին հրավիրված նաեւ Ութերորդ նախագահական կրթական պարգեւի հաղթողները, 2012թ.-ի «Լավագույն ՏՏ մենեջեր» մրցույթի հաղթողները: Երեկոն ավարտվեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգով եւ ընդունելությամբ: «Իր գոյության յոթերորդ տարում Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադան շարունակում է տպավորիչ թափ հավաքել: Երեք տարի առաջ Ռուսաստանից եւ Ուկրաինայից ուսանողների մասնակցությամբ օլիմպիադան միջազգային դառնալու առաջին երերուն քայլերն արեց: Այս տարի օլիմպիադան ներգրավել է մասնակիցներ 14 երկրներից: Մեր հրաշալի գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի առատաձեռն հովանավորության շնորհիվ օլիմպիադային մասնակցելու համար Երեւան ժամանելու հրավերը բավական գրավիչ առաջարկ է դառնում եւ օլիմպիադան աշխարհում միկրոէլեկտրոնիկայի ոլորտի աննախադեպ միջոցառման է վերածվում», - ասում է օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն եւ Սինոփսիս ընկերության մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը: «Համաշխարհային հարգանք վայելող մասնագիտական ճարտարագիտական կազմակերպության՝ IEEE-ի կողմից օլիմպիադայի ճանաչումը վկայում է մրցույթի աճող միջազգային հեղինակության մասին: Սա շահավետ է նաեւ Հայաստանի համար, քանի որ այն բարձրացնում է Հայաստանի վարկանիշը՝ որպես միկրոէլեկտրոնիկայի կրթության գերազանցության կենտրոն եւ Հայաստանին ողջ աշխարհում արժեքավոր համագործակցություններ ստեղծելու հնարավորություն է ընձեռում: Վստահ եմ, որ օլիմպիադայի շրջանակներում սկիզբ առած համագործակցությունը կփոխհատուցի Հայաստանի կազմակերպիչների ներդրած ջանքերն աննախադեպ եւ անկանխատեսելի ձեւով»: «Հայաստանում կրթության որակը կկանխորոշի մեր ապագան՝ այն էական է երկրի մրցակցային առավելությունները խթանելու համար», - ասում է օլիմպիադայի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն պ-ն Ռալֆ Յիրիկյանը: «Նման նախաձեռնություններն անհրաժեշտ է հնարավորինս քաջալերել: Որպես Հայաստանի առաջատար բջջային օպերատոր եւ կորպորատիվ քաղաքացի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւորում է ցանկացած նախաձեռնություն, որը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին բացահայտումներ անել եւ խրախուսում ստեղծագործականությունը»: «Հայաստանյան օլիմպիադայի տարեցտարի աճող մասնակիցների եւ հովանավորների քանակը ցույց է տալիս, որ այն ծառայում է իր հիմնական նպատակներին՝ տարածաշրջանում միկրոէլեկտրոնիկայի հետագա զարգացման խթանմանը եւ մասնակիցների գիտելիքների մակարդակի բարձրացմանը», - ասում է օլիմպիադայի ծրագրային հանձնաժողովի նախագահ եւ ՍԱՈՒԴ-ի տնօրեն, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը: «Ես ուրախ էի այս տարի եւս մասնակցել Միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադային: Սինոփսիս Արմենիա ընկերություն իմ այցը եւ ընկերության ԲՈՒՀ-երի հետ արդյունավետ համագործակցությանն ականատես լինելը հրաշալի փորձ էր», - ասում է Սաուդյան Արաբիայից Աբդուլայի արքա գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանի ասպիրանտ Մահմուդ Օուդան: «Հաջորդ տարի հույս ունեմ այստեղ հանդիպել ավելի մեծ թվով մասնակիցների ավելի շատ երկրներից»: Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադայի մասին Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադան մեկնարկել է 2006 թ.-ին՝ ընդգրկելով 82 մասնակից: Այդ օրվանից միջոցառումն ընդլայնվել է` ներառելով բազմաքանակ անվանակարգեր եւ հյուրընկալելով ավելի քան 400 մասնակից 14 երկրներից: Այցելեք Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադայի կայքը՝ www.microolymp.am. IEEE TTTC-ի մասին IEEE-ին աշխարհի խոշորագույն մասնագիտական ասոցիացիան է, որի նպատակն է խթանել տեխնոլոգիական նորարարությունը ի շահ մարդկության: Հովանավորված լինելով IEEE-ի Համակարգչային հասարակության (Computer Society) կողմից՝ Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհուրդը (TTTC) ծառայում է համաշխարհային թեստային տեխնոլոգիաների մասնագիտական համայնքին՝ կազմակերպելով մի շարք ամենամյա գիտաժողովներ, ապահովելով տեխնոլոգիական ստանդարտներ եւ տպագրելով հրատարակություններ, ինչպես նաեւ ծավալելով մասնագիտական ու կրթական գործունեություն: Մանրամասն տեղեկատվության համար այցելել http://tab.computer.org/tttc Սինոփսիս ընկերության եւ Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի մասին Սինոփսիս ընկերությունն արագացնում է նորարարությունները համաշխարհային էլեկտրոնային շուկայում: Որպես էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) եւ կիսահաղորդչային ԻՍ-ի առաջատար, ընկերության ծրագրային ապահովումը, մտավոր սեփականությունն ու ծառայությունները օգնում են ճարտարագետներին հաղթահարել նախագծման, ստուգման եւ արտադրության ոլորտում առկա լուրջ մարտահրավերները: 1986թ.-ից ամբողջ աշխարհի ճարտարագետներն օգտագործում են Սինոփսիսի տեխնոլոգիաները՝ միլիարդավոր ինտեգրալ սխեմաների եւ համակարգերի նախագծման եւ ստեղծման համար: Սինոփսիս ընկերությունը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին՝ որպես Սինոփսիս Արմենիա փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ): Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն զբաղվում է գիտահետազոտական եւ ճարտարագիտական աշխատանքներով ԷՆԱ, արտադրության համար նախագծման (ԱՀՆ) եւ կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) մշակման ոլորտներում: Ունենալով հարյուրավոր որակյալ հայ ճարտարագետներ՝ Սինոփսիսը Հայաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է: ՏՏ ոլորտում ուսանողների համար հաջողությունների բարձրագույն մակարդակը խթանելու նպատակով ընկերությունը հովանավորում է տարբեր մրցույթներ, ինչպես ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւը, Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադան: Սինոփսիս Արմենիայի նախաձեռնություններից են ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի շնորհումը եւ «ՏՏ ոլորտի լավագույն կառավարիչներ» ամենամյա մրցանակաբաշխության: Սինոփսիս Արմենիայի ներդրումները ՏՏ ոլորտով չեն սահմանափակվում: 2010թ.-ին Սինոփսիս ընկերությունը ճանաչվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից Կորպորատիվ գերազանցության ամենամյա մրցանակաբաշխության համաշխարհային լավագույն 12 ընկերություններից մեկը՝ Հայաստանում օրինակելի կորպորատիվ քաղաքացի լինելու, նորարարության եւ հաջողված բիզնեսի իրականացման համար: Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն տեղակայված է Երեւանում: Սինոփսիսի գլխամասային գրասենյակը Կալիֆորնիայի Մաունթին Վյու քաղաքում է: Ընկերությունն ունի ավելի քան 70 գրասենյակ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում եւ Հնդկաստանում: Կարող եք այցելել Սինոփսիսի եւ Սինոփսիս Արմենիայի կայքերը հետեւյալ հասցեներով՝ www.synopsys.com, www.synopsys.am:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play