ՀՀ կառավարություն.Կապահովվի կրթության մատչելիությունը


ՀՀ կառավարություն.Կապահովվի կրթության մատչելիությունը

  • 10-10-2012 14:43:56   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն եւ լրացումներ, որոնք ուղղված են բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխմանը եւ ուսանողների ֆինանսական աջակցության համակարգի բարելավմանը։ Որոշմամբ կապահովվի բարձրագույն կրթության մատչելիությունը` ուսանողների աջակցության եւ ընտանիքների անապահովության գնահատման համակարգերի միջոցով։ Հաջորդ որոշմամբ Հայաստանի տեխնոլոգիաների եւ նորարարության զարգացման նպատակով «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» ՊՈԱԿ-ում ազգային ճարտարագիտական լաբորատորիա հիմնադրելու նպատակով համաֆինանսավորման կարգով հատկացվել է ավելի քան 142 մլն դրամ։ Նախահաշվով նախատեսված ծախսի շուրջ 59 տոկոսը կիրականացվի համալսարանի արտաբյուջետային միջոցների հաշվին։ Այս որոշումների առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է երկու հանգամանք. առաջին` «ընտանիքի ֆինանսական վիճակը չպետք է պատճառ դառնա, որ երեխաները զրկված լինեն կրթություն ստանալուց։ Երկրորդ, մասնավոր հատվածի հետ համագործակցության ընթացքում մենք ստանձնել էինք ֆինանսական միջոցներ հատկացնելու պատասխանատվություն։ Նաեւ գիտության ֆինանսավորման տեսակետից սա խիստ արդիական է, մանավանդ որ այս խնդիրները մեր նախընտրական ծրագրի կարեւորագույն խոստումներից են եւ գտնվում են Հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում, ուստի մենք պարտավոր ենք մեր հասարակությանն իրազեկել դրանց մասին»։ Վարչապետի հանձնարարությամբ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել ՀՀ կրթության եւ գիտության նախարարը (տե՛ս առանձին)։ Վերաբաշխում կատարելով 2012 թ. պետբյուջեում, փոփոխություններ եւ լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում` կառավարությունը ս.թ. հոկտեմբերի 18-19-ը Երեւանում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների ուսուցիչների եւ կրթության ոլորտի աշխատողների երկրորդ համագումարի կազմակերպման նպատակով հատկացրել է շուրջ 6.5 մլն դրամ։
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play