Ավարտվեցին «Ապահով դպրոց» նախաձեռնության շրջանակներում կազմակերպված քառօրյա միջոցառումները


Ավարտվեցին «Ապահով դպրոց» նախաձեռնության շրջանակներում կազմակերպված քառօրյա միջոցառումները

  • 11-10-2012 17:31:04   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հոկտեմբերի 11-ին Երեւանում ավարտվեցին <<Ապահով դպրոց>> նախաձեռնության շրջանակներում կազմակերպված քառօրյա միջոցառումները: Նախաձեռնությունը կազմակերպել էին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ ՀՀ ոստիկանությունը: Երեւանի Դավթաշեն եւ Արաբկիր համայնքների 189 եւ 130 դպրոցներում տեղի ունեցած միջոցառումները ուղղված էին դպրոցում անվտանգության խնդիրների` թմրամոլության, ծխախոտի օգտագործման, ոգելից խմիչքների չարաշահման, բռնության եւ ճանապարհային անվտանգության լուծմանը, ինչպես նաեւ ոստիկանության եւ համայնքի միջեւ համագործակցության ամրապնդմանը: Միջոցառումը հաջորդեց ապրիլին ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացված հայ ոստիկանների Նիդեռլանդներ այցին, որի նպատակն էր ոստիկանության եւ դպրոցի միջեւ համագործակցության հոլանդական փորձին ծանոթանալը: <<Համայնքային ոստիկանությունը ոստիկանության եւ տեղի բնակչության միջեւ սերտ համագործակցությունն է, խնդիրների եւ մտահոգությունների վերհանումը, համայնքային խնդիրների արդյունավետ լուծումներ գտնելը եւ որակյալ ոստիկանական ծառայությունների մատուցումն է: Ոստիկանական այս մեթոդի վերաբերյալ երիտասարդ սերնդի շրջանում իրազեկության բարձրացումը կօգնի նրանց հասկանալու այն դրական փոփոխությունները, որոնք այդ մեթոդը կարող է բերել հասարակության մեջ>>,- նշեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուն: Վերոհիշյալ միջոցառումները ներառում էին հանդիպումներ տարածքների համայնքային ոստիկանների, աշակերտների, ծնողների եւ ուսուցչական կազմի միջեւ, ինչպես նաեւ` համայնքային ոստիկանության գաղափարի ներկայացում: Մինչ այս նախաձեռնությունը աշակերտների շրջանում հարցում էր անցկացվել` պարզելու նրանց առավել լուրջ մտահոգությունները կապված անվտանգության հետ: Այդ արդյունքները ներկայացվել եւ քննարկվել են դպրոցական հանդիպումների ժամանակ: Նիդեռլանդներից ժամանած համայնքային ոստիկանության փորձագետ Նիկո վան Օյկը նշեց. <<Համայնքային ոստիկանների համար կարեւոր է ազդել քաղաքացիների վրա եւ համագործակցել անվտանգության հարցերում: Սա լավ կանխարգելիչ մեխանիզմ է հատկապես երիտասարդ սերնդի համար, որպեսզի նրանք չներգրավվեն հակասոցիալական վարքագծի մեջ, ինչպիսին է` թմրանյութերի եւ ալկոհոլի չարաշահումը>>: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը արդեն մի քանի տարի աջակցում է համայնքային ոստիկանության մոդելի ներդրմանն ու կիրառմանը Հայաստանում` երկրում ժողովրդավարական ոստիկանական գործելակերպի տարածմանը խթանելու շրջանակներում: Համայնքային ոստիկանությունը Երեւանում մեկնարկեց հունիսին:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play