Ռոբոտների մրցույթում հաղթեցին «Այբ» ավագ դպրոցի սաները


Ռոբոտների մրցույթում հաղթեցին «Այբ» ավագ դպրոցի սաները

  • 26-10-2012 11:00:11   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հոկտեմբերի 25-ին կայացավ «Գծին հետեւող ռոբոտ» մրցույթը, որին մասնակցում էին դպրոցականներից կազմված 7 թիմ` 3 թիմով հանդես եկավ «Այբ» ավագ դպրոցը, 1 թիմով` Ախթալայի թիվ 1 դպրոցը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ներկայացրեց 2 թիմ, իսկ Պոլիտեխնիկի հենակետային վարժարանը` 1 թիմ: «Այբ» ավագ դպրոցի թիմերը լավագույնս ներկայացան մրցույթում` զբաղեցնելով առաջին երկու հորիզոնականները: Առաջին տեղը գրավեց «Սինուս» թիմը` ստանալով 250.000 դրամ, երկրորդ տեղը` «Կոսինուս» թիմը: Մրցանակն է 100.000 դրամ: Երրորդ տեղը զբաղեցրեց Պոլիտեխնիկի հենակետային վարժարանի «Պոլիտեխնիկ» թիմը, որի մրցանակն է 50.000 դրամ եւ Arduino Uno ծրագրավորվող էլեկտրոնային պլատֆորմ: Խրախուսական մրցանակի արժանացավ Ախթալայի թիվ 1 դպրոցի թիմը` ստանալով 30.000 դրամ եւ Arduino Uno ծրագրավորվող էլեկտրոնային պլատֆորմ: «Լինելով կորպորատիվ պատասխանատու քաղաքացի` ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Արմռոբոտիքսին` տեխնոլոգիայի այս ոլորտը զարգացնելու նպատակով: Դա կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանում հարակից ոլորտների զարգացման վրա, ինչպես նաեւ նպաստել միջազգային շուկաներում մեր երկրի համար մրցունակության ապահովմանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն այնտեղ է, որտեղ առկա է զարգացման ներուժ, եւ որտեղ մենք կարող ենք քաջալերել մեր ժողովրդի ստեղծագործ միտքը»,- նշում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Աշակերտների մոտ ռոբոտատեխնիկայի ոլորտի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու եւ ճարտարագիտական մտածելակերպը զարգացնելու նպատակով 2009 թվականից միությունը ձեռնամուխ եղավ դպրոցներում ռոբոտատեխնիկայի խմբակներ ստեղծելուն: Խմբակների արդյունավետ գործունեության արդյունքն ակնհայտ է, քանի որ այժմ յուրաքանչյուր մրցույթի մասնակցում է դպրոցականներից կազմված թիմ` գրանցելով լուրջ հաջողություններ, իսկ «Գծին հետեւող ռոբոտ» մրցույթն այժմ նախատեսված է միայն ավագ դպրոցների աշակերտների համար»,- նշում է ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Ներկայումս ԱրմՌոբոտիքս խմբակներ գործում են Երեւանի 5 կրթահամալիրներում` Քվանտ եւ Պոլիտեխնիկի հենակետային վարժարաններում, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, «Այբ» եւ Թիվ 131 միջնակարգ դպրոցներում, ինչպես նաեւ 5 մարզային դպրոցում` Սյունիքում, Լոռիում եւ Թալինում: Ռոբոտատեխնիկայի ոլորտն ավելի զարգացնելու նպատակով նախատեսվում է նաեւ ստեղծել ԱրմՌոբոտիքս լաբորատորիա, որտեղ մրցույթների մասնակիցները, դպրոցական խմբակների սաները եւ ռոբոտոտեխնիկայով հետաքրքրվողները հնարավորություն կունենան նախագծել, հավաքել ու փորձարկել իրենց ռոբոտները: Բացի այդ կիրականացվի «Ռոբոտիքս Թու Բիզնես» ծրագիրը, որի շրջանակներում մասնակիցները կսովորեն` ինչպես սեփական գաղափարները վերածել բիզնես ծրագրերի: Հիշեցնենք, որ Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման եւ Աջակցման Ծրագիրը (Արմռոբոտիքս) կազմակերպվում է 2008թ.-ից, եւ առաջին նախագիծը հենց «Գծին հետեւող ռոբոտ» մրցույթն էր: Մրցույթին գրանցվել էր 25 թիմ Հայաստանից եւ Իրանի Իսլամական Հանրապետությունից: Առաջին մրցույթում հաջողություններ գրանցելուց հետո միությունն այնուհետեւ կազմակերպեց «Իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» եւ «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթները: ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: ԱրմՌոբոտիքսի նպատակներն են` զարգացնել ռոբոտատեխնիկան Հայաստանում, նպաստել ոլորտի ընկերությունների ստեղծմանը, իրականացնել ոլորտին առնչվող կրթական ծրագրեր դպրոցներում եւ համալասարաններում: Կազմակերպիչ Գլխավոր հովանավոր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության մասին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով: Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, «Տեղեկատվական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարքը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play