Հայաստանը դարձել է Եվրամիության Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի 40-րդ անդամը


Հայաստանը դարձել է Եվրամիության Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի 40-րդ անդամը

  • 23-11-2012 15:30:45   | Հայաստան  |  Մշակույթ

Հայաստանը դարձել է Եվրամիության Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի 40-րդ անդամը: Եվրոպական այս կարեւոր կառույցին Հայաստանի անդամկացության մասին  հայտարարվել է  Ստրասբուրգում` նոյեմբերի 6–9-ը կայացած Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի 20-ամյակին նվիրված գիտաժողովի և գործադիր խորհրդի նիստի ժամանակ: Հայաստանը  ստրասբուրգյան հանդիպանը պաշտոնապես ներկայացրել է  Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, ով եւ հանդես է եկել մեր երկրի այդ կառույցին անդամակցելու կարեւորության եւ նպատակների մասին շնորհակալական խոսքով:

Ազգային կինոկենտրոնի տնօրենը ասել է, որ 20-ամյա աշխատանքային կենսագրություն եւ հստակ սահմանաված առաքելություն ունեցող այս կառույցը կարևորագույն աշխատանք է կատարում կինոյի և տեսալսողական արդյունաբերության այլ ճյուղերում` օգնելով այդ բնագավառի մասնագետներին: Տեսալսողական օբսերվատորիայի էքսպերտների իրականացրած հետազոտությունները արժեքավոր են և կարևոր դեր ունեն միջազգային ասպարեզում: Այս աոումով, Հայաստանի  անդամակցությունը հնարավորություն կտա զանգվածային տեղեկատվության եվրոպական մասնագետներին ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն և անցկացնելու իրավական դաշտի վերլուծություն` Հայաստանի տեսալսողական սեկտորում:
Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի ստրասբուրգյան հավաքի ընթացքում, ի թիվս շատ հարցերի, քննարկվել է նաեւ չափազանց կարեւոր եւ խիստ արդիական` «Թվային դարաշրջանում լրատվամիջոցների համակենտրոնացում» թեման: Թեմայի շուրջ ծավալված  քննարկման ընթացքում արծարծվել են  ԶԼՄ - ների համակենտրոնացման անխուսափելիության,  վերլուծվել դրանց հնարավոր լուծումները, քննարկվել նոր թվային հարթակների և դրանց ազդեցության հարցերը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել  թվային գլոբալ շուկայի զարգացմանը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի    մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ  Եվրոպական տեսալսողական օբսերվատորիան հիմնադրվել է 1992 թվականին, այն հանրային ծառայության մի կառույց է, որը բաղկացած է Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված` Եվրամիության անդամ երկրներից և նպատակ ունի տեղեկատվություն հավաքելու և տարածելու Եվրոպայի տեսալսողական արդյունաբերության վերաբերյալ: Օբսերվատորիան գործում է Եվրոպայի խորհրդի իրավական շրջանակներում և աշխատում է մի շարք գործընկեր կազմակերպությունների ու տեսալսողական արդյունաբերության ոլորտի մասնագետների, ինչպես նաև թղթակիցների ցանցի հետ: Գիտաժողովներ կազմակերպելուց զատ օբսերվատորիան հրապարակում է տեղեկատվական զեկույցներ և տեղեկագրերի տարեկան գրքեր: Եվրոպական տեսալսողական օբսերվատորիան գրանցում է տվյալների բազաները և տեղեկություններ է տրամադրում http://www.obs.coe.int ինտերնետային կայքի միջոցով:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play