Աննա Օհանյան. Ինքներս պիտի մեր հարցերը պահենք միջազգային հանրության ուշադրության կենտրոնում


Աննա Օհանյան. Ինքներս պիտի մեր հարցերը պահենք միջազգային հանրության ուշադրության կենտրոնում

  • 30-11-2012 11:38:17   | ԱՄՆ  |  Հարցազրույցներ

 

Քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողովին Ամերիկայի Միացյալ Նահանգներից մասնակցում էր քաղաքագետ, միջազգայնագետ Աննա Օհանյանը: Նրա հետ զրուցել է «Հայերն այսօր»- ի թղթակիցը:
 
-Ի՞նչ ակնկալիքներով եք մասնակցում այս համաժողովին:
 
-ՀՀ սփյուռքի նախարարությունը, աշխարհի տարբեր ծայրերում սփռված հայ քաղաքագետներին, միջազգայնագետներին հավաքելով այստեղ, կարողանում է մասնագիտական մի ցանց ստեղծել, և եթե կառավարությունը և ոչ կառավարական կազմակերպությունները կարողանան համաժողովի ընթացքում արծարծված գաղափարները կիրառել, դա մեր քաղաքական դաշտն ավելի ճկուն կդարձնի. հենց սա էլ ակնկալում եմ:
 
-Ունենք մի քանի հիմնախնդիրներ` Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիր, Ցեղասպանության միջազգային ճանաչում, սիրիահայության հիմնախնդիրներ… Ո՞րն եք համարում առաջնային:
 
-Այս խնդիրները սերտորեն կապված են իրար. ես դիտում եմ դրանք իբրև մի ցանց: Օրինակ` Ղարաբաղյան հարցը լուծելու համար, անշուշտ, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների լուծումն էլ կօգներ, այսինքն` Թուրքիան ճնշում կգործադրեր Ադրբեջանի վրա… Բայց մենք տեսանք, թե Ադրբեջանն ինչ քայլեր արեց, որպեսզի կանխարգելի հայ-թուրքական հարաբերությունների լավացման գործընթացը: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ասեմ, որ դա մեծ, աշխարհասփյուռ հարց է, գերխնդիր. դա մեր ազգի մարդկային իրավունքների ոտնահարումն է, Սփյուռքի հարցն է, ցավը:
 
-Ի՞նչ թեմայով է Ձեր զեկուցումը:
 
-Զեկուցմանս վերնագիրն է «Ռեգիոնալիզմը կոնֆլիկտային շրջաններում»: Սա, ճիշտն ասած, հատուկ այս համաժողովի համար չեմ պատրաստել. սա իմ գիտահետազոտական աշխատանքն է, երկրորդ գիրքս է: Ասեմ` ինչու հետաքրքրվեցի այս թեմայով. երբ նայում ենք կոնֆլիկտային շրջաններին, ասենք` Բալկաններին, որը շատ եմ ուսումնասիրել, տեսնում ենք, որ այնտեղ եվրոհամայնքը շատ հետաքրքիր ինստիտուցիոնալ մոդելներ է կիրառում: Չնայած այնտեղ պատերազմը վերջացած է, սակայն քաղաքական լարվածությունը դեռ շատ մեծ է, բայց ռեգիոնալ կոոպերացիան զարգացնելու միջոցով կարողանում են ընդհանուր խնդիրներ լուծել, և դա նաև օգնում է իրենց հարաբերությունները լավացնելուն: Հարավային Կովկասն արդեն ամբողջովին կտրտված է հակամարտություններով, և մարդկանց մոտ առաջին տպավորությունն այն է, որ Հարավային Կովկասում ռեգիոնալիզմի մասին խոսք լինել չի կարող: Պետք է մտածել ռեգիոնում, տարածաշրջանում Հայաստանի դերը տնտեսական, քաղաքական միջոցներով բարձրացնելու մասին, որը մեզ կօգնի Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների ընթացքում ավելի ամրապնդել մեր դիրքերը:
 
-Որպես միջազգայնագետ, քաղաքագետ, Դուք մի փոքր հույս գոնե ունե՞ք, որ մոտ ապագայում խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ ի մի կբերվեն բոլոր կարծիքները, և Ղարաբաղի հարցը կլուծվի միայն այդ ճանապարհով:
 
-Այս ձևաչափով` ո΄չ:Ադրբեջանը ավտորիտար պետություն է, նրա հիմնական եկամուտը նավթն է:Այդպիսի պետությունները, որոնք ունեն իրենց բնական պաշարները, համարվում են հատուկ կատեգորիայի երկրներ:Այսինքն` կառավարությունը կախում չունի ժողովրդից, դրսից ճնշման չի ենթարկվում: Ադրբեջանը շահագրգռված է պահպանել ստատուս-քվոն, քանի որ եղած իրավիճակում կարողանում են Ղարաբաղի կոնֆլիկտն օգտագործել որպես վախեցնող փաստարկ: Ամբողջ երկիրն Ալիև ընտանիքի ձեռքում է: Այսինքն` Ղարաբաղի հանդեպ դիրքորոշումը կախված է ներքին քաղաքականությունից: Եթե ամեն ինչ այս ձևաչափով մնա, ոչ մի փոփոխություն չեմ տեսնում, եթե անկանխատեսելի դեպքեր լինեն Ադրբեջանում, դրանք դրական կազդեն Ղարաբաղի հարցի խաղաղ, բանակցային գործընթացի լուծման վրա:
 
-Արդյոք ողջ աշխարհը հետաքրքրվա՞ծ է մի բուռ Հայաստանի և հայերի հիմնախնդիրներով, և եթե հետաքրքրված է, ապա ի՞նչն է նրա հետաքրքրության դրդիչը` ցա՞վը մեր երկրի խնդիրների համար, թե՞ ինչ-ինչ այլազան շահերը…
 
-Եթե ճիշտն ասենք, Հայաստանն ուղղակի մի մասնիկ է, և մեր խնդիրները գլոբալ չեն այս էտապում: Շատ վերլուծաբաններ ասում են, որ այսքան ձգձգվող Ղարաբաղի հարցը միջազգային կառույցներում, գերտերությունների ցուցակի մեջ կարևոր տեղ չի զբաղեցնում: Եվրոպայի համար կարևորը էներգիայի ուղիների հաստատումն է և դրան կարողացավ հասնել` Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու համար:
 
Այսպիսի մի ասացվածք կա` «Ճռճռացող անիվը յուղ է ստանում», այսինքն` մենք պիտի կարողանանք անընդհատ մեր հարցերը պահել միջազգային հանրության և կառույցների ուշադրության կենտրոնում:
 
Զրուցեց Կարինե Ավագյանը 
 
«Նորավանք» հիմնադրամ
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play