ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրեց սփյուռքահայ երգիչ Ադիս Հարմանտյանին


ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրեց սփյուռքահայ երգիչ Ադիս Հարմանտյանին

  • 13-12-2012 18:35:10   | Հայաստան  |  Մշակույթ

Դեկտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Համազգային հայ կրթական և մշակութային միության Լիբանանի Շրջանային վարչության ատենապետ Հակոբ Լատոյանին, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանին, լիբանանահայ էստրադային երգիչ Ադիս Հարմանտյանին, ինչպես նաև` Լիբանանում անցկացվող Համազգային երգի 2012թ. մրցույթի մրցանակակիրներ Վարանդա Յակոբյանին, Ալիս Իփրաջյանին:

ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը բարձր գնահատեց Համազգային հայ մշակութային հիմնադրամի դերը` Լիբանանում ապրող և ստեղծագործող հայ արվեստագետներին աջակցելու և Հայրենիքում նրանց գործունեությունը ճանաչելի դարձնելու գործում: 
Ապրելով և ստեղծագործելով Լիբանանում` երգիչ Ադիս Հարմանտյանը կարողացել է տարիներ շարունակ ներկայացնել հայ երգը Սփյուռքի մշակութային մայրաքաղաք Լիբանանում, տարբեր երկրների հայ համայնքերում, նաև` Հայրենիքում: 
«Հայ երգը լավագույն զենքն է, որով կարելի է Հայրենիքից դուրս հային հայ պահել», - ընդգծեց նախարար Հակոբյանը` հավելելով. «Դուք կարողացել եք օգտագործել այդ զենքը: 
Ձեր  երգն ու գործը գնահատվել է նաև Արամ Առաջինի կողմից: Իրավամբ, դժվար է արժանանալ Արամ Առաջին Կաթողիկոսի բարձր գնահատականին»:
Սփյուռքում հայկական արվեստը տարածելու, երգարվեստում ստեղծագործական և կատարողական բարձր վարպետության, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ադիս Հարմանտյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:
Վաստակաշատ արվեստագետ Ադիս Հարմանտյանը, նշեց, որ իր համար իսկապես անակնկալ էր նման բարձր պարգևի արժանանալը` հավելելով.  «Շատ երկրներում եմ արժանացել գնահատանքի և սիրո, սակայն, ամբողջ կյանքում ներկայացնելով հայ երգարվեստը, ժողովրդիս մշակույթը, ինձ համար կարևոր էր Հայրենիքում ճանաչվելը և այստեղ գնահատանքի արժանանալը»: 
Համազգային հայ կրթական և մշակութային միության Լիբանանի Շրջանային վարչության ատենապետ Հակոբ Լատոյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարին սիրիահայության հանդեպ մշտառկա հոգատար վերաբերմունքի և անընդմեջ գործուն աջակցության համար: Նրա հավաստմամբ` Սփյուռքն այժմ գիտակցում է, որ այլևս անտեսված չէ:
Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանն իր ուրախությունը հայտնեց, որ Հայրենիք-Սփյուռք հարաբերություների գիծը ու մերձեցումն այլևս ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով է անցնում. «Հերթական հանդիպումն այս թանկ օջախում  գալիս է վկայելու, թե որքան կարևոր է տիկին Հակոբյանի ուշադրությունը Սփյուռքի հայ համայնքների համար»: 
Հ.Հակոբյանը հրավիրեց երգչին մասնակցելու նաև նախարարության կողմից կազմակերպվող միջոցառումներին և փառատոններին: 
Պարգևատրման հանդիսավոր արարողության ավարտին ժողովրդական երգերի կատարումներով հանդես եկան Ադիս Հարմանտյանը, Վարանդա Հակոբյանը եւ Ալիս Իփրաջյանը:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play