25մլն. դրամ` կրթական 2 ծրագրի համար


25մլն. դրամ` կրթական 2 ծրագրի համար

  • 25-12-2012 13:18:32   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

 
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կարևոր է համարում սերունդների կրթությանն ուղղված ջանքերը: ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությունն այդ տրամաբանության արդյունք է: 
Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կայացած համատեղ ասուլիսում ներկայացվել են դպրոցների և բուհերի վարկանշավորման ուղղությամբ` Հայաստանում առաջին անգամ իրականացվող քայլերը: Ասուլիսին մասնակցում էին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը և նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը:
Արդյունավետ կրթության վերաբերյալ վարկանիշի ձևավորումը ներկայում իրականացվում է հասարակական կարծիքի հիման վրա, ինչը կարող է լինել նաև սուբյեկտիվ: Վարկանշավորման այդ եղանակը փոխարինվում է մասնագիտական մեթոդաբանությամբ: Այն, ի դեպ, արդեն մշակվել և հաստատվել է: Նման բարեփոխման հիմքում Հանրակրթության մասին օրենքն ու Բոլոնիայի գործընթացին ինտեգրվելու պահանջներն են:
Վարկանշավորման ազգային մոդել մշակելու արդյունավետ տարբերակը միջազգային լավագույն փորձի տեղայնացումն է: Հայաստանն ընդգրկված է այն 10-15 երկրների ցանկում, որոնք հավակնում են այդ նորարարության ներդրմանը: Տարվա ընթացքում մշակված գործիքները հաջորդ տարի փորձարարական եղանակով կներդվեն և միայն դրա ավարտին` վերջնականապես կբանաձևվի ամբողջ մեթոդաբանությունը:
Առաջին անգամ ներմուծվող այս գործիքները հավակնում են ստեղծել օբյեկտիվ հիմք` բուհերի և դպրոցների  գործունեության գնահատման համար: Այն կարևոր է հասարակության առջև հաշվետու լինելու և թափանցիկության ապահովման տեսակետից: 
«Ժամանակակից աշխարհին հատուկ ինֆորմացիոն առատությունը պարտավորեցնում է գտնել որակյալ կրթություն ստանալու առավել արդյունավետ ուղիները: Երկրի մրցակցային առավելությունն ընդգծելու ամենախոստումնալից միջոցը գիտելիքն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրթական նախաձեռնություններին աջակցել է հետևողական պատրաստակամությամբ: Նպատակը` գիտական ներուժը երկրի առաջընթացին ծառայեցնել է »,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը (մեթոդաբանություն, ցուցանիշներ, հաշվարկի մեխանիզմ) ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, իսկ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգը` նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play