Մոտ ժամանակներում սպասվում է քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատումը


Մոտ ժամանակներում սպասվում է քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատումը

  • 14-01-2013 16:10:44   | Վրաստան  |  Իրավունք

2010 թվականի հոկտեմբերին, Աջարիայի հայ համայնքի անվանի գործիչներ Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շեկոյանին, կեղծ մեղադրանքներով, ձերբակալեցին և առանց հիմնավոր ապացույցների դատապարտեցին 11 տարվա ազատազրկման:

2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն, հունվարի 13-ին, մյուս 190 հոգու հետ միասին, կալանավայրից ազատվեցին նաև մեր հայրենակիցներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը:
Հարազատների և ընկերների ուղեկցությամբ, ովքեր վաղ առավոտից գտնվում էին Թբիլիսիի Գլդանի համար 8 կալանավայրի բակում, նախկին կալանավորները ուղևորվեցին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ նրանց դիմավորեց Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգևոր դասի և պաշտոնեության հետ միասին:
Սրբազան Հայրը Եկեղեցում աղոթեց և օրհնեց Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շեկոյանին: Թեմակալ Առաջնորդն իր խոսքում բարձր գնահատեց նոր իշխանությունների արդար և մարդասիրական դրսևորումները: Նա շնորհավորեց և իր հոգևոր խոսքով բարեմաղթեց երիտասարդներին: 
Իր խոսքի մեջ Արմեն Գևորգյանը ի լուր ժողովրդի, իր և մյուս քաղբանտարկյալների անունից երախտագիտություն հայտնեց Վիրահայոց Թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, հոգևոր դասին, կալանավայրերի հետ տարվող աշխատանքների պատասխանատու Տեր Հուսիկ քահանա Հարությունյանին և Առաջնորդի օգնական Միքայել Ավագյանին, ովքեր երկու տարի 2 ամիս շարունակ մշտապես այցելել են նրանց կալանավայրերում գտնված ժամանակահատվածում, քաջալերել են և հուսադրել: Նա նաև իր շնորհակալությունը հայտնեց Վրաստանի նոր իշխանություններին, խորհրդարանին և հայ և վրացի մարդու իրավունքների պաշտպաններին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին նրանց ազատման հարցում:
Արմեն Գևորգյանը երկար տարիներ եղել է Աջարիայի հայ համայնքի ղեկավարը և 90-ական թվականներին կազմակերպել է Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտին են հասել 1996 թվականին:
Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը մեծ հարգանք են վայելում Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ոչ միայն հայերի, այլև Աջարիայում բնակվող ողջ ազգաբնակչության կողմից: 
Մոտ ժամանակներում սպասվում է նաև հայազգի գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատումը: 
 

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմ 

Վիրահայոց թեմի մամլո հաղորդագրություն / 14 հունվարի 2013 թ
 
  
 
Նոյյան տապան  -   Իրավունք