Ստեփան Սաֆարյան. Տնօրենը շշկռվել էր և կես ժամ ուղղակի յուղ վառեց


Ստեփան Սաֆարյան. Տնօրենը շշկռվել էր և կես ժամ ուղղակի յուղ վառեց

  • 30-01-2013 13:54:50   | Հայաստան  |  Մամուլի սրահ

 

Երեկ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում մի հաղորդագրություն էր տարածել,  որտեղ նշում էր. «Ահազանգեր են ստացվում, որ այս նախընտրական շրջանում հանրապետության տարբեր դպրոցներում, մանկապարտեզներում ծնողական ժողովներ, իսկ տարատեսակ հիմնարկներում, բուհերում աշխատողների եւ ուսանողա-դասախոսական կազմի ժողովներ են հրավիրվում…. Թե բացի աշակերտների, սաների, ուսանողների, հիմնարկների խնդիրներից, էլ ինչի մասին են խոսում եւ/կամ պատրաստվում խոսել դրանց տնօրենները, ռեկտորները քաջ հայտնի է (փոքր է աշխարհը, առավելեւս` Հայաստանը)… Նաեւ հավաքագրվում են անձնագրերի պատճեներ` խախտելով մարդու անձնական տվյալների գաղտնիությունը»:
 
Aravot.am-ը պարոն Սաֆարյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ կոնկրետ դեպքեր ու փաստեր ունե՞ն: Նա մանրամասնեց. «Ես էլ մի այդպիսի ծնողական ժողովի եմ գնացել, և տնօրենը շշկռվել էր, չգիտեր՝ ինչ խոսեր: Նա սփրթնել էր և կես ժամ ուղղակի յուղ վառեց, ու ծնողներն այդպես էլ չհակացան՝ ինչու են իրենց կանչել: Այլ կոնկրետ փաստ ունենք, որ հիմնարկի աշխատողներին էլի հանձնարարել են անձնագրային տվյալներ ապահովել: Մտերիմ մարդիկ են, չեմ կարող անունները տալ, քանի որ աշխատանքից կազատեն: Որ պայքարը այդ մարդկանց ուսերին չընկնի, դրա համար էլ հաղորդագրությունը տարածել եմ, ինչը շատերն են ողջունել: Բոլոր տվյալները կտրամադրենք շտաբին, և շտաբն ինքը կորոշի ինչ անել»:
 
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանն էլ Aravot.am-ին տեղեկացրեց, որ իրենք թեժ գծին նման ահազանգեր չեն ստացել: Իսկ տարածված հաղորդագրության կապակցությամբ հայտնեց. «Մանկավարժական խորհրդի նախագահը կարող է հրավիրել ժողովներ, դրանք ընդունված պրոցես են՝ աշակերտների խնդիրները, դաստիարակության հետ կապված խնդիրներ քննարկելու համար: Բայց քանի որ կոնկրետ որևէ դպրոցի անուն նշված չէ, մենք այդ հայտարարության հիմքն ու հավաստիությունը ստուգել չենք կարող»:
 
«Առավոտ»
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play