Անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել համեմատաբար հաջողված համատիրություններին աջակցելու նպատակով<br />


Անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել համեմատաբար հաջողված համատիրություններին աջակցելու նպատակով

  • 28-02-2011 18:53:16   | Հայաստան  |  Տնտեսություն
Համատիրությունների աշխատանքը պետք է կայանա համակարգային առումով, նշել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որտեղ ներկայացվել է 2010թ.-ին համատիրությունների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ վարչական շրջանների եւ համատիրությունների համատեղ կազմած 2011թ.-ի ծրագրերը: Քաղաքապետի համոզմամբ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել համեմատաբար հաջողված համատիրություններին աջակցելու նպատակով, ինչն իր հերթին խթան կհանդիսանա մյուսների համար. ,Այսինքն` օգնենք կայացածին: Սա, համոզված եմ, ավելի արդյունավետ կլինիե,-ասել է քաղաքապետը: Վարչական շրջանների ղեկավարներին առաջարկվել է պարբերաբար խորհրդակցություններ կազմակերպել համատիրությունների հետ, բացի այդ նույնական եւ պարզ ձեւ մշակել համատիրությունների կողմից օրենքով սահմանված կարգով ներկայացվող հաշվետվությունների համար: Անդրադառնալով Երեւան քաղաքում կառուցապատողների կողմից շինարարության ժամկետների խախտումներին, Կարեն Կարապետյանը հանձնարարել է հետեւողականորեն շարունակել աշխատանքը եւ օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել ժամկետային խախտումները բացառելու ուղղությամբ. <<Մեզ համար նախ եւ առաջ պետք է հստակ լինի, թե քանի՞ կառուցապատող կա քաղաքում, ո՞վ է սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ հող վերցրել ու դրանից հետո ժամկետների համար չի դիմել: Գույքագրման արդյունքում լիարժեք պատկեր ունենալուց հետո կառուցապատողների պայմանագրերի մասին տեղեկատվությունը ուղղորդել վարչական շրջաններ եւ հետեւողական հսկողություն իրականացնել պարտավորությունների հետ կապված>>,- ընդգծել է քաղաքապետը: Շեշտվել է, որ շինարարության ժամկետների պահպանումը լինելու է ոչ թե միանվագ ակցիա, այլ կրելու է ամենօրյա աշխատանքային բնույթ: Գործարար միջավայրի բարելավման եւ ներդրումային միջոցների ներգրավման հետ կապված, Կարեն Կարապետյանն ընդգծել է իրավական ակտերն ու կանոնակարգերը բարեփոխելու եւ ընթացակարգերը պարզեցնելու անհրաժեշտությունը, հանձնարարելով` ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Քաղաքապետարանի եւ վարչական շրջանների հետ շփումը պետք է լինի թափանցիկ, իսկ քաղաքացիների, իրավաբանական անձանց դիմումների, գրությունների, ինչպես նաեւ քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը` պարզեցված, շեշտել է Կարեն Կարապետյանը: Խոսելով մայրաքաղաքի վերելակային տնտեսության բարելավման անհրաժեշտության շուրջ, Երեւանի քաղաքապետը հանձնարարել է մշակել հստակ հայեցակարգ, որը իրատեսորեն կդիտարկի վերելակային տնտեսության առկա խնդիրները: Ըստ այդմ, հանձնարարվել է հաշվարկել մայրաքաղաքում առկա վերելակների վերանորոգման եւ նորացման համար անհրաժեշտ միջոցները եւ համապատասխան առաջարկ ներկայացնել այդ նպատակով վարկային եւ ներդրումային ծրագրեր ներգրավելու համար: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն