Ադրբեջանը՝ բրիտանացու աչքերով (Տեսանյութ)


Ադրբեջանը՝ բրիտանացու աչքերով (Տեսանյութ)

  • 09-03-2013 15:41:18   | Ադրբեջան  |  


 

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ բրիտանացի ռեժիսոր Լիզ Մերմինը նկարահանել է «Տարօրինակ Ադրբեջան» (Amazing Azerbaijan) վավերագրական ֆիլմը: Ֆիլմի տևողությունը կազմում է մեկ ժամ, դրանում խոսք է գնում Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների մասին:
 
Ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Մերմինը հայտարարել է. «Ինձ մշտապես զարմացրել են Պարսից ծոցի երկրների երկնաքերերը (Աբդու Դաբիում, Դոհայում): Ես զարմացել եմ, թե ինչի՞ համար են դրանք անհրաժեշտ: Ո՞վ է ապրելու դրանցում: Ու՞մ են պետք դրանք: Ի՞նչպիսի պլան է գործում:
 
Նույն հարցերը ես ինձ ուղղել եմ Բաքվի վերաբերյալ. ի՞նչ է տեղի ունենում այդ երկրում: Մեզ ամենաշատն ապշեցրեց օդանավակայանից քաղաք տանող ճանապարհի երկայնքով ձգվող արգելապատը: Մենք միմյանց հարցրեցինք, թե սա ի՞նչ պատ է, ինչո՞ւ են դեպի քաղաք տանող խճուղու երկայնքով կառուցել այն: Ավելի վաղ ես աշխարհի ոչ մի երկրում չեմ տեսել նման պատկեր»:
 
Ֆիլմում պատմվում է, թե ինչպես են ադրբեջանցի լրագրողները, քաղաքական գործիչները և հասարակական շարժման ակտիվիստները պատմում թանկարժեք նախագծերի իրագործման մասին և մակերեսային տպավորություն են թողնում, որ Ադրբեջանում կոպտորեն ոտնահարվում են մարդու իրավունքներն ու ազատությունները:
 
Դա, մասնավորապես, վերաբերում է լրագրողներին, որոնք հետաքննում են բարձրաստիճան անձանց բիզնեսը: Ֆիլմում ներկայացված են նաև կառավարամետ անձինք: Ֆիլմը ցուցադրվել է եվրոպական 9 երկրում, իսկ օրեր առաջ էլ ցուցադրվեց One World վավերագրական կինոնկարների փարիզյան փառատոնում:
 
Լիզ Մերմինն ընդգծել է, որ Եվրոպայում ֆիլմը դիտած անձինք զարմանքով նկատել են, թե որքան քիչ բան գիտեն Ադրբեջանի մասին: Ֆիլմը դիտած եվրոպացիները զարմացել են, թե եվրոպական երկրները և հատկապես Մեծ Բրիտանիան որքան մեծ ներդրումներ են արել Ադրբեջանում: