Պայքար ժողովրդագրական ճգնաժամի դեմ


Պայքար ժողովրդագրական ճգնաժամի դեմ

  • 24-02-2011 13:20:13   | Վրաստան  |  Վերլուծություն
Աշխատանքային միգրացիան, ծնելիության ցածր մակարդակը եւ այն հանգամանքը, որ հասարակությունը նախապատվությունը տալիս է արական սեռի երեխաներին, հանգեցրել է Վրաստանի բնակչության թվաքանակի կրճատմանը: Այս ամիս Վրաստանի կառավարական պաշտոնյաները եւ ժողովրդագրական հարցերով փորձագետները հայտարարել են, որ հաջորդ 40 տարիների ընթացքում երկրի բնակչությունը կարող է կրկնակի կրճատվել, եթե համապատասխան քայլեր չձեռնարկվեն ծնելիության մակարդակի աճի ուղղությամբ: Փետրվարի 11-ին խորհրդարանին ուղղված ամենամյա ելույթում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին 2015 թվականի համար երկրի բնակչության թվաքանակի թիրախային ցուցանիշ սահմանեց 5 միլիոնը: Պաշտոնական տվյալների համաձայն`անցյալ տարի Վրաստանի բնակչությունը կազմել է 4,4 միլիոն, ինչը մեկ միլիոնով զիջում է խորհրդային տարիներին` 1989-ին անցկացված վերջին մարդահամարի ցուցանիշին: Փորձագետների խոսքերով` բնակչության թվաքանակի նշանակալի անկում է տեղի ունեցել` նույնիսկ հաշվի առնելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողության կորստի փաստը: Թբիլիսիի Իլյա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի Ժողովրդագրության եւ սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ավթանդիլ Սուլաբերիձեն նշում է, որ Վրաստանում մահացության մակարդակը բարձր է, կյանքի միջին տեւողությունը` կարճ, ծնելիության մակարդակը` ցածր, իսկ բնակչության քանակը կրճատվում է միգրացիայի պատճառով: Սուլաբերիձեի հաշվարկներով` վերջին տարիներին Վրաստանից 1,5 միլիոն մարդ է հեռացել, եւ միայն 300 000 են եկել երկիր, ինչի արդյունքում բնակչության իրական թիվը ներկայում կազմում է շուրջ 3,9 միլիոն: Փորձագետները նշում են, որ վերջին 20 տարիների ընթացքում Վրաստանում ծնելիության մակարդակը մշտապես ցածր է եղել, եւ երկրի շատ հատվածներում շարունակում է զիջել մահացության ցուցանիշին: Տնտեսական փորձագետներն իրենց հերթին նախազգուշացնում են, որ բնակչության թվաքանակի կրճատումը կարող է խոչընդոտել տնտեսական աճին եւ զարգացմանը հետագայում: Մինչդեռ իշխանությունները նշում են, որ ընթացիկ տնտեսական մեծ նախագծերը նշանակալի մարդկային ռեսուրսներ կպահանջեն: Վերջին տարիների հիմնական միտումներից մեկը աշխատանքային տարիքի անձանց արտագաղթն է, ովքեր ավելի լավ կյանքի ակնկալիքով հեռանում են երկրից: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն` երկրում գործազրկության մակարդակը կազմում է 16,9 տոկոս, սակայն անկախ փորձագետների գնահատմամբ` այս ցուցանիշն իրականում ավելի բարձր է: Չնայած ամուսնությունների քանակի աճին` ընտանիքներից շատերն ընդամենը մեկ երեխա ունեն, եւ այստեղ տնտեսական գործոններն ունեն իրենց դերը: ,Շատ կուզենայի երկրորդ երեխան ունենալ, բայց միայն ամուսինս է աշխատում, դժվարությամբ ենք ծայրը ծայրին հասցնում: Քչերն են կարող իրենց թույլ տալ շատ երեխաներ ունենալե, - ասում է Թբիլիսիի 37-ամյա բնակչուհի Մարինա Մայսուրաձեն: Իսկ ժողովրդագրական հարցերով փորձագետ Անձոր Թոթաձեն բնակչության թվաքանակի անկման պատճառը տեսնում է արական սեռի ծնունդներին նախապատվությունը տալու մեջ: ,Վրաստանում, ինչպես մյուս կովկասյան երկրներում, ընդունված է տղա երեխաներին պաշտամունքի առարկա դարձնելը, այսպիսով, վիժեցումների [աբորտների] մեծ մասի պատճառը հիմնականում երեխայի ոչ ցանկալի սեռն էե, - նշում է նա: Թոթաձեի խոսքերով` 1995-2004 թվականների ընթացքում ծնված աղջիկ երեխաների թիվը կրկնակի զիջում էր 1980-1989 ժամանակահատվածում գրանցված ցուցանիշներին, մինչդեռ բնակչության ընդհանուր թվաքանակի ցուցանիշները համարյա համընկնում էին: Փորձագետը նշում է, որ հավասարակշռության նման խախտման, այսինքն` պոտենցիալ մայրերի թվի կրճատման հետեւանքով բնակչության թվաքանակի անկումը կշարունակվի: Թոթաձեն կարծում է` ժողովրդագրական պատկերը կարելի է բարելավել, եթե կառավարությունը նպաստի ծնելիության աճին` բազմանդամ ընտանիքներին եւ հղի կանանց նպաստներ վճարելու եւ օգնություն տրամադրելու միջոցով: Ներկայում պետությունը հոգում է ծննդաբերության հետ կապված ծախսերի մի մասը, իսկ բազմանդամ ընտանիքներին նպաստներ չեն վճարում: Անցյալ ամիս Վրաստանի խորհրդարանի առողջապահական եւ սոցիալական հարցերով հանձնաժողովը հայտարարեց, որ շուտով կսկսի աշխատել բնակչության խնդիրների լուծման ռազմավարության մշակման ուղղությամբ, սակայն [հանձնաժողովի] հետագա նախագծերը դեռեւս անհայտ են: Վրաստանի Ուղղափառ եկեղեցին եւս որոշել է միջամտել խնդրին` հայտարարելով, որ այսուհետ յուրաքանչյուր ընտանիքում ծնված չորրորդ երեխան համարվում է ,Կաթողիկոսական գահի պաշտպանըե: 2008 թվականին Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը հանձն առավ անձամբ կնքել ընտանիքում ծնված յուրաքանչյուր երրորդ երեխային: Թեա Տոպուրիա, ազատ լրագրող, Թբիլիսի Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի ,Կովկասյան լրատուե պարբերական (www.iwpr.net)
Նոյյան տապան  -   Վերլուծություն