Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդը այցելել է Սալմաստ գավառի Սառնա գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին
20-03-2013 15:59:54 | Իրան | Հասարակություն
Թաւրիզ, Ազգային Առաջնորդարան - Ատրպատականի Հայոց Թեմի տարածքում գտնւող պատմական սրբավայրերի ու եկեղեցիների հետազօտական եւ ուսումնասիրական աշխատանքների ծիրում, Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերպ. Տ. Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթճեանը, իր ընկերակիցների հետ, Երեքշաբթի 19 Մարտ 2013-ի առաւօտուն, հասաւ Սալմաստ գաւառի Սառնա գիւղի Ս. Աստւածածին եկեղեցին:
Ստորեւ ներկայացնում ենք Թեմակալ Առաջնորդի տեղագրական ու ազգագրական ամփոփ ուսումնասիրութիւնը, իր գրչից.
«Սառնա գիւղի ծանօթ հայոց Ս. Յովհաննէս «Մարիխնա» եկեղեցու դրան առաջ կանգնած, գիւղացի պատահական անցորդից իմացանք գիւղի արեւելեան կողմում, այգիների մէջ գտնւող եկեղեցու աւերակների մասին: Նա մեզ տարաւ առուների եւ խնձորենիների միջով, որտեղ մեր դիմաց տեսանք մի քարաշէն, բերդանման եկեղեցի, որը Ազգային Առաջնորդարանիս մատեաններում յիշւում է Ս. Աստւածածին անունով:
6.5 մետր բարձրութիւն ունեցող թաղակապ եկեղեցին, քարերով հիւսւած վեց հաստաբուն սիւների վրայ կանգնած է եղել, որոնցից երկուսը խորանի կամարի երկու կողմերում, իսկ մնացած չորսը կենտրոնական գմբէթը պահելու նպատակով զետեղեւած: Դեղին քարերով եւ տեղ-տեղ՝ լուսամուտների կամարների համար, Սալմաստի սեւ բազալդ օգտագործելով, սոյն եկեղեցին կառուցւել է 1625 թւին, համաձայն արխիւում արձանագրւած տեղեկութեան:
Հիւսիսային պատը մեծ մասամբ կանգուն լինելով, կարելի է ենթադրել եկեղեցու երկայնքը, որը մօտ 15 մետր է, իսկ լանքը՝ 10 մետր: Հարաւային պատը մեծ մասամբ փուլ է եկել, իսկ տանիքը՝ ամբողջովին: Հիւսիս-արեւելեան պատի մէջ, վերեւից մինչեւ ցած, ինչպէս նաեւ Արեւելան ճակատի կենտրոնում, մեծ ճաքեր են յառաջացել անձրեւների պատճառով: Խորանի կիսակամարը, կողքի երկու տապանակներով, ինչպէս նաեւ աջակողմեան եւ ձախակողմեան աւանդատները գոյութիւն ունեն, 2x2 տարածքով եւ 2 մետր բարձրութեամբ, որոնց մուտքերը գրեթէ փակւել են տանիքից թափւած քարերի եւ հողի կոյտերից, թէեւ նախապէս էլ երկու աստիճաններով իջանելի խորութիւն ունեցել են: Աւանդատները արեւելեան կողմից փոքր լուսամուտներ ունեցել են, մէկ լուսամուտ էլ կայ խորանի կիսակամարի վերեւ, իսկ աւելի մեծը՝ հարաւային պատի վերեւ, որի նմանները նոյն շարքի վրայ հաւանաբար կային անցեալում: Եկեղեցին հաւանաբար լուսաւորւում էր նաեւ գմբէթի կողերում բացւած լուսամուտներից:
Եկեղեցու կանգուն պատերի կամ փուլ եկած քարերի վրայ արձանագրութիւնների չհանդիպեցինք, սակայն մայր դռան մուտքի տեղի աջ կողմում դեռեւս պահպանւում է մի գեղակերտ խաչքար, կամարաձեւ գլուխով, սեւ բազալդից: Կան նաեւ մաքուր արձանագրութիւններով մի քանի տապանաքարեր, որոնք հարազատներ են: Հաւանաբար 1800-ական թւերին, եկեղեցու վերանորոգութեան նիւթապէս օժանդակող բարերարի զաւակների շիրմաքարերն են, որովհետեւ այլ տապանաքարեր չկան շրջակայքում, ո՛չ էլ հանգստարան: Տէր Ստեփանեանց գերդաստանի ննջեցեալներ են դրանք: Երանուհի եւ Արտաշէս Տէր Ստեփանեանցերը այնտեղ են թաղւել, երկուսն էլ զաւակները Ղազարի, առաջինը մահացած 26 Փետրւար 1877-ին, իսկ երկրորդը՝ նոյն տարւայ Ապրիլի 3-ին:
Մի այլ նշանաւոր անձնաւորութեան հանգիստի քարը կայ այնտեղ, բաւական մեծ՝ 2x1 մետր տրամագծով եւ մէկ մետր բարձրութեամբ, միակտուր սեւ բազարդից, որի վրայ կայ ձիաւորի քանդակ ինչպէս նաեւ գինու բաժակ եւ սափոր: Նրա մահը մեծ սուգի է մատնել ժողովրդին, ինչպէս ասւել է արձանագրութիւնում. “ԱՍՏ ՆՆՋԷ ՄԱՐՄԻՆ ՍԱՀԱԿ ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆԻ ՈՐ ՀԱՆԳԵԱՒ/ Ի ՏԷՐ 70-ԱՄԵԱՅ ՀԱՍԱԿԱՒ ԹՎԻՆ 1901 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԹՈՂ/ԵԼՈՎ Ի ՄԵԾ ՍՈՒԳ ԱԶԳԱՅԻՆՍ ԻՒՐ”: Մեր կարծիքով նշանաւոր գիւղապետ եղած կարող է լինել Սահակ Յովհաննիսեա-նը, որի մասին ցարդ տեղեկութիւններ չենք գտել մեր արխիւներում:
Եկեղեցու շրջակայքում ապրող հայութեան աշխոյժ կեանքի մասին վկայում է նաեւ հիւսիսային պատի դրսում գտնւող ձիթահան կամ ալրաղաց կլոր հսկայ միակտուր քարը, մէջտեղում դրան պտտացնող գործիքի յատուկ 30x30 սմ. ծակով, որը եկեղեցու կրօնական պաշտամունքի խնկաբոյր յիշատակների կողքին, ազգային-գեղջկական կեանքի քաղցր յուշ է, Սառնա գիւղից մեզ հասած»:
Յայտնենք, որ Ատրպատականի Հայոց Թեմի տարածքում գտնւող բազմա-թիւ կանգուն եւ խոնարհւած եկեղեցիների հետազօտական ուսումնասիրութիւնները շարունակւում են Թեմակալ Առաջնորդի գլխաւորութեամբ: Դրանք մեր ժողովրդի զաւակների սեփականութիւնն ենք դարձնելու հերթականութեամբ եւ լուսանկարների ընկերակցութեամբ: