Երևանում շարունակվում է վթարային էլեկտրասյուները նորերով փոխարինելու գործընթացը


Երևանում շարունակվում է վթարային էլեկտրասյուները նորերով փոխարինելու գործընթացը

  • 29-04-2013 17:09:26   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ վնասված հաղորդուղիների վերականգնման աշխատանքներ իրականացնող ընկերություններին հանձնարարվել է կարճ ժամկետներում վերականգնել նշված աշխատանքների ժամանակ վնասված ասֆալտբետոնե ծածկույթն ու տարածքները բերել բարեկարգ տեսքի: 

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ կանանց անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում շարունակվում է նախապես հերթագրված կանանց տրամադրվող բուժօգնությունը:
Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունն արգելված վայրերում շինարարական և կենցաղային աղբի կուտակումները բացառելու ուղղությամբ:
Տրանսպորտի վարչության պետի զեկույցի համաձայն՝  շարունակական խիստ վերահսկողություն է սահմանված հատկապես երեկոյան ժամերին հասարակական տրանսպորտի երթևեկության ժամանակացույցի պահպանման ուղղությամբ: 
Հանձնարարվել է շաբաթ և կիրակի օրերին կարգավորել ավտոշուկայի գործունեությունն այնպես, որ հարակից տարածքի բնակչության համար անհարմարություններ չստեղծվեն:
Քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման և շինբարեկարգման աշխատանքների մասով հանձնարարվել է հետևողական ուշադրություն դարձնել աշխատանքների ինչպես որակի, այնպես էլ սահմանված ժամանակացույցի պահպանման նկատմամբ: Միաժամանակ հանձնարարվել է նախորդ տարվա աշխատանքներում ի հայտ եկած թերությունները վերացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներն առավելագույն սեղմ ժամկետում ավարտելու համար սահմանել հստակ ժամանակացույց: 
Հանձնարարվել է խիստ վերահսկողություն սահմանել տնտեսվարողների կողմից հարակից տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման ուղղությամբ և մեկշաբաթյա ժամկետում վերացնել առկա թերությունները: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ  բոլոր վարչական շրջաններում շարունակվում է վթարային էլեկտրասյուները նորերով փոխարինելու գործընթացը: Հանձնարարվել է նորերով փոխարինել վնասված էլեկտրալամպերն ու փողոցներում, այգիներում և պուրակներում, ինչպես նաև բակային տարածքներում ապահովել անխափան լուսավորություն, հետևողական ուշադրություն դարձնել նաև շենքերի գեղարվեստական լուսավորության անխափան աշխատանքին:
Համապատասխան կառույցներին հանձնարարվել է կազմել Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքների ժամանակացույց, ինչպես նաև պարբերաբար իրականացնել մայրաքաղաքի հեղեղատարների մաքրման աշխատանքները: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play