Ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը


Ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը

  • 29-04-2013 17:14:04   | Հայաստան  |  Միջազգային

Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշվում է Պարի միջազգային օրը: Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության ամբիոնն այդ առթիվ  հյուրընկալել էր կարճատեւ այցով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսին: 

Վերջինս  ուրախությամբ նշեց, որ կրկնակի ուրախ է  մասնագիտական տոնը նշել պարային հարուստ ավանդույթներ ունեցող Հայաստանում. «Յուրաքանչյուր երկիր ունի իրեն հատուկ պարատեսակը, որով հայտնի է ամբողջ աշխարհում. Իսպանիայում` ֆլամինգոն, Կուբայում` սալսան, Արգենիտնայում`տանգոն: Հազարամյակների պատմություն ունեցող հայկական ժողովրդական պարն ու հատկապես քոչարին այս առումով չեն զիջում դրանցից և ոչ մեկին: Ուրախ եմ և հաճելիորեն զարմացած, որ ազգագրական, ժողովրդական  պարերից բացի հայը բարձր վարպետությամբ կատարում է նաև  այլ ժողովուրդների պարեր»:
Պարագետն ընդգծեց`հայկական պարը չափազանց լավն է ու գրավիչ. այն անպայմանորեն պետք է ճանաչելի դարձնել  աշխարհին. «Եկեք մեր երկիր, ներկայացրեք, տարածեք և նորաձև դարձրեք ձեր պարերը:  Վստահ եմ` Հայաստանի, մասնավորապես, Մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության ամբիոնի հետ մեր համագործակցությունը նոր ընթացք կստանա»:
Ի դեպ, Միջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսը  Պարարվեստի միության նախագահ,  Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանին հանձնեց ամբիոնի` խորհրդին անդամակցելու հավաստագիր և տեղեկացրեց` 2014 թվականին նախատեսվող Պարի համաշխարհային կոնգրեսը կանցկացվի Երևանում:  
Պարի միջազգային օրը Մանկավարժականում նշանավորվեց նաև ազգագրագետ, բանահավաք, հայ պարարվեստի մեծ երախտավոր Սրբուհի Լիսիցյանի`«Հայ ժողովրդի հինավուրց պարերը և թատերական ներկայացումները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսով: 
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատար  Հասմիկ Պողոսյանը: Նա, շնորհավորելով պարարվեստի երախտավորներին և կարևորելով  միջոցառման անցկացումը Մանկավարժականում, ընգծեց.«Պրոֆեսոր Սրբուհի Լիսիցյանի գրքի շնորհանդեսն ու  մի շարք կարևոր իրադարձությունները ևս մեկ անգամ մեզ հավաքեցին արդեն ձևավորված ավանդույթներ ունեցող Կուլտուրայի ֆակուլտետի հարկի ներքո:  Պարը ազգի  կերպարը, կենսակերպն ու զգացմունքերներն արտահայտող արվեստ է. վստահ եմ` ինչպես նախկինում, այնպես էլ  ներկայումս կատարվող ծավալուն աշխատանքները  կնպաստեն ՀՀ-ում ազգային պարարավեստի զարգացմանը»: Հասմիկ Պողոսյանը Միջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսին նվիրեց օրը խորհրդանշող հուշանվեր՝ պարուհու արձան:
Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում Պարարվեստի մանկավարժության բաժնի ուսանողներն ու  «Բերդ» պարային համույթը ներկայացրին երկու նոր` Հայ արիներ և Խաղողօրհնություն  պարային բեմադրությունները:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) որոշմամբ՝ 1982-ից սկսած ամեն տարի ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play