Ոստիկանությունը խախտում է ազատ տեղաշարժի իրավունքը


Ոստիկանությունը խախտում է ազատ տեղաշարժի իրավունքը

  • 15-02-2011 14:37:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 15-ի առավոտյան ժամը 10:00-ին Գյումրի քաղաքում վրացական պետհամարանիշներով շահագործվող ավտոմեքենաների վարորդները պետք է մեկնեին Վանաձոր` մասնակցելու ժամը 12:00-ին կազմակերպված բողոքի ակցիային` ուղղված ՀՀ մաքսային օրենսդրության վերջին փոփոխությունների դեմ: Այն նախաձեռնել են Վանաձորի այն վարորդները, որոնց ավտոմեքենաները եւս վրացական պետհամարանիշներով են: Սակայն ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են մեքենաների շարժը դեպի Վանաձոր: Վարորդները, այնուամենայնիվ, ուշացումով` ժամը 11:20-ին, ուղեւորվել են Վանաձոր:Արդեն Ջաջուռ գյուղի մոտ պարզվել է, որ ճանապարհը փակ է ոստիկանության աշխատակիցների կողմից: Ինչպես տեղեկացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, շուրջ հիսուն մեքենաների շարժը միակողմանիորեն Գյումրիից Վանաձոր դադարեցվել է: Ախուրյանի ոստիկանության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Գալստյանը հայտնել է հավաքվածներին, որ իրենք ունեն համապատասխան հրաման փակել ճանապարհը եւ թույլ չտալ վրացական պետհամարանիշներ ունեցող մեքենաներին ուղեւորվել Գյումրիից Վանաձոր ակցիային մասնակցելու նպատակով: Սաքունցի այն հայտարարությանը, որ վերջինի գործողությունները հակաօրինական են, Գալստյանը պատասխանել է, որ դրանք օրինաչափ են եւ ինքը պատրաստ է պատասխանատվություն կրել իր գործողությունների համար: Ժամը 1:30-ի դրությամբ բողոքի ակցիան դեռեւս շարունակվում էր: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն