ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ


ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

  • 06-05-2013 22:05:07   | Հայաստան  |  Վերլուծություն

 

 

Սիրիայում մոլեգնող իրադարձությունները հայկական գիտավերլուծական մտքի համար հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանային և աշխարհաքաղաքական փոփոխությունների իմաստով, որոնք իրենց ազդեցությունը կունենան նաև Հայաստանի վրա, այլև Սիրիայի հայ համայնքի անվտանգության նկատառումներով։

Պաշտոնական տվյալներով՝ մինչև սիրիական ճգնաժամի սկիզբը սիրիահայ համայնքի թվաքանակը կազմում էր մոտ 100 հազ. մարդ։ Ոչ պաշտոնական տվյալներն ավելի համեստ ցուցանիշ էին արձանագրում՝ 60-70 հազ.։

Անկախ թվաքանակից՝ Սիրիայի հայ համայնքը Սփյուռքի ամենակազմակերպված և կայացած համայնքներից է։ Ընդունված է այն համարել Սփյուռքի մայր համայնք՝ հաշվի առնելով ինչպես նրա վաղ կազմավորվածությունը, այնպես էլ պատմական հայրենիքին աշխարհագրորեն մոտ գտնվելը։ Լինելով Սիրիայի հնագույն էթնիկ խմբերից մեկը՝ հայ համայնքը չէր կարող որևէ դիրքորոշում չունենալ ներկայիս ճգնաժամի հանդեպ։ Նրա դիրքորոշումներն ունեն դրսևորման երկու հարթություն՝ գործնական և տեսական։

1. Գործնական հարթությունում սիրիահայ համայնքի քաղաքական դիրքորոշումը ներսիրիական հակամարտության նկատմամբ հանգում է դրական չեզոքությանը։

2. Տեսական հարթությունում խնդիրը վերաբերում է հայ համայնքի քաղաքական համակրանքներին։

Սիրիահայ համայնքի քաղաքական դիրքորոշումները մերօրյա սիրիական ճգնաժամի պայմաններում որոշակի լույս են սփռում վերջինիս սպառնացող մարտահրավերների վրա։

Դրական չեզոքություն

Հայ համայնքի ղեկավար կառույցներն առ այսօր փորձել են զերծ պահել վերջինիս սիրիական հակամարտության մեջ անմիջականորեն ներքաշվելուց։ Սակայն որպես Սիրիայի քաղաքացիներ և այդ երկրի հասարակության մեջ լիովին ինտեգրված հանրույթ հայերը չէին կարող անտարբերություն ցուցաբերել տեղի ունեցող զարգացումների նկատմամբ։ Հետևաբար, լավագույն մոտեցումը դրական չեզոքությունն էր։

Պաշտոնապես այս մոտեցումն արտահայտվեց Սիրիայի երեք հայկական հարանվանությունների ղեկավարների՝ Հայ Առաքելական եկեղեցու Բերիո թեմի առաջնորդ Շահան եպիսկոպոս Սարգսյանի, Բերիո թեմի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Պետրոս արքեպիսկոպոս Մարիաթյանի և Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանի համատեղ հայտարարությամբ։

Դրական չեզոքության առանձնահատկությունն այն է, որ այն ենթադրում է ոչ միայն հրաժարում հակամարտության այս կամ այն կողմին սատարելուց, այլև աջակցություն կոնֆլիկտի հաղթահարմանը և խաղաղության հաստատմանը։ Դատելով հայկական երեք եկեղեցիների համատեղ հայտարարության բովանդակությունից՝ սիրիահայ համայնքի դրական չեզոքությունը մերօրյա սիրիական ճգնաժամի պայմաններում հանգում է հետևյալ 4 կետերին.

1. Հրաժարում զինված հակամարտության մեջ ներգրավվելուց։ Սիրիահայության համար ակնհայտ է, որ, ներքաշվելով զինված հակամարտության մեջ հոգուտ կողմերից որևէ մեկի, այն իր դեմ է գրգռելու մյուս կողմին՝ հարուցելով վերջինիս թշնամանքն իր նկատմամբ։ Իսկ դա անմիջական սպառնալիքի տակ է դնում հայ համայնքի անվտանգությունը։ Հետևաբար, դեմ լինելով արյունահեղությանն ու ահաբեկությանը՝ հայ համայնքը ներսիրիական այս պատերազմում ո՛չ իշխանություններին, ո՛չ էլ ընդդիմադիրներին չի սատարում1: Արդ, «Սիրիայում ընթացող զինված մարտերի մեջ սիրիահայերին ներքաշելու բոլոր փորձերն անհաջողության են մատնված»2:

2. Բռնության մերժում։ Սիրիայի հայ համայնքի համար ընդունելի չեն քաղաքական պայքարի բռնի մեթոդները, հատկապես երբ դրանք հանգեցնում են եղբայրասպան պատերազմների և զանգվածային զոհերի ու ավերածությունների։ Նման մոտեցումը նույնպես բխում է սիրիահայության անվտանգության շահերից։ Անգամ անմիջականորեն ներգրավված չլինելով ներսիրիական հակամարտության մեջ՝ սիրիահայությունն անուղղակիորեն կրում է դրա բացասական հետևանքները։ Մշտական բախումների, պայթյունների, ռմբակոծությունների, տիրող անիշխանության ու քաոսի պայմաններում սիրիական ճգնաժամի երկու տարիների ընթացքում հայ համայնքը տվել է մոտ 60 զոհ, բազմաթիվ վիրավորներ, մեծ վնաս է հասցվել սիրիահայության թե՛ մասնավոր (տներ, խանութներ և այլն), թե՛ համայնքային (եկեղեցի, դպրոց և այլն) գույքին։ Հազարավոր հայեր, որոշ տվյալներով՝ համայնքի մոտ մեկ երրորդը, լքել են երկիրը։

Ուստի, այսօր՝ սիրիական մերօրյա ճգնաժամի պայմաններում, «Հայկական համայնքը կտրականապես դեմ է ցանկացած դաժանության ու արյունահեղության և, անկասկած, կշարունակի դեմ լինել յուրաքանչյուր բռնության և զինված բախումների»3։

3. Խաղաղության ջատագովություն։ Սիրիահայությունը կողմ է խաղաղությանը և բազմազանությամբ (էթնիկական, կրոնական և այլն) բնորոշվող սիրիական հասարակության բոլոր շերտերի խաղաղ համակեցությանը։ Հետևաբար «...այսօր սիրիահայերը կրկնում են այն խաղաղ գոյակցությունը, որը ձեռք են բերել Սիրիայում տասնյակ տարիների ընթացքում»4:

4. Երկխոսության և խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու ջատագովություն։ Սիրիական ներքին հակամարտության հաղթահարման միակ բանալին հայ համայքը համարում է երկխոսությունը կամ բանակցությունները։ Սիրիահայությունը գտնում է, որ «Միայն երկխոսության միջոցով է հնարավոր Սիրիայում խաղաղություն ու հաշտություն վերահաստատել, միայն երկխոսությունը կարող է ապահովել բոլոր համայնքների խաղաղ գոյակցությունը՝ հիմնված հանդուրժողականության, հարգանքի և սիրո սկզբունքների վրա»5:

Սիրիահայության քաղաքական համակրանքի մասին

Որքան էլ հայ համայնքի ղեկավար կառույցները փորձում են վերջինիս հեռու պահել առճակատման մեջ ներքաշվելուց, պահպանել նրա դրական չեզոքությունը, այնուամենայնիվ, որոշակի քաղաքական կողմնորոշումներից ներկա փուլում հնարավոր չէ լիովին խուսափել։ Իսկ քաղաքական կողմնորոշումն արտահայտվում է հակամարտող կողմերից մեկի նկատմամբ համակրանքով։

Տեղեկատվական դաշտում տարածում է գտել այն կարծիքը, որ Սիրիայի հայ համայնքն ունի իշխանամետ դիրքորոշում։ Այս տեսակետի հիմքում ընկած է նաև ճգնաժամի վաղ փուլում սիրիահայության կողմից Բաշար ալ Ասադին գործնական աջակցության գործողությունների փաստը։ Սիրիահայությունը 2011թ. ցույցեր կազմակերպեց հօգուտ Սիրիայի իշխող վարչակարգի։

Որպես սիրիահայության կողմից Բաշար ալ Ասադի վարչակարգին աջակցության դրդապատճառ տեղեկատվական-վերլուծական դաշտում հիշատակվում է այն հանգամանքը, որ Ասադների իշխանության օրոք6 Սիրիան բարյացակամ քաղաքականություն է վարել ազգային և կրոնական փոքրամասնությունների և, մասնավորապես, տեղի հայ համայնքի նկատմամբ։ Այստեղ, բացի երախտագիտության զգացումից դրդված փոխադարձ աջակցության գործոնից, կարևոր են ևս երկու հանգամանք.

1. Անցյալի բարօրությունը։ Ասադների օրոք Սիրիայի հայ համայնքը ողջ սիրիական հասարակության հետ մեկտեղ ապրում էր կայունության և ապահովության մեջ։ Սիրիահայերն ունեին անվտանգության երաշխիքներ, օգտվում էին քաղաքացիական իրավունքներից և ազատություններից, ինչպես նաև համայնքային կյանքում որոշակի արտոնություններից։ Հայ համայնքը միակն էր Սիրիայի ազգային փոքրամասնություններից, որ ուներ դպրոցներում Հայոց պատմություն և կրոնագիտություն առարկաները մայրենի լեզվով դասավանդելու իրավունք։ Սիրիական իշխանությունների հանդուրժողական քաղաքականությունը հիմք էր նաև հայ համայնքի տնտեսական բարգավաճման և բարեկեցության ապահովման համար, քանի որ այդ հանդուրժողականության արդյունքում վերջինս «...շատ լավ ինտեգրվել է սիրիական հասարակության մեջ»7:

Այս ամենի հետևանքով հայերը Սիրիայի գործող վարչակարգի պահպանման մեջ են տեսնում այնտեղ իրենց հետագա գոյատևման գխավոր երաշխիքը8:

2. Հեռանկարի անորոշությունը։ Ասադների վարչակարգի անկման պարագայում սիրիահայությանը սպասում է մշուշոտ ապագայի հեռանկարը, ինչը պայմանավորված է հետևյալ գործոններով.

• Իսլամիստ արմատականների իշխանության գալու հնարավորությունը։ Բազմաթիվ տեսակետների համաձայն՝ «արաբական գարունը» Մերձավոր Արևելքում արմատական իսլամի վերելքի արդյունք է։ Այս պարագայում «...արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների հիմնական առանձնահատկությունն այն է, որ երկար տարիներ իշխող ազգայնական կողմնորոշում ունեցող ուժերը տեղը զիջում են իսլամիստական ուժերին, որոնք ծայրահեղ բացասական վերաբերմունք ունեն այս երկրներում բնակվող բոլոր քրիստոնեական համայնքների, այդ թվում նաև հայության նկատմամբ»9։

Ինչ վերաբերում է Սիրիային, ապա, ըստ փորձագիտական գնահատականների, այստեղ քաղաքական հակամարտությունն աստիճանաբար վեր է ածվում կրոնականի։ Չի բացառվում, որ Սիրիայում էլ Բաշար ալ Ասադի վարչակարգի հնարավոր տապալումից հետո իշխանության կգան իսլամիստ ծայրահեղականները, քանի որ «մեծամասամբ իսլամիստական կողմնորոշում ունեն նաև ներկայումս Սիրիայում իշխող Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող ուժերը»10:

Եվ այդ պարագայում էական սպառնալիքի տակ կդրվի սիրիահայ համայնքի անվտանգությունը, քանի որ, Հայաստան ժամանած մի սիրիահայի բնորոշմամբ՝ «...բոլոր քրիստոնյաները ստիպված կլինեն լքել երկիրը»11:

• Թուրքական գործոնը։ Սիրիայում հեղափոխական ալիքի ծավալումը զուգորդվեց թուրք-սիրիական հարաբերությունների շարունակական վատթարացմամբ։ Այսօր թուրք-սիրիական հարաբերություններում սկիզբ առած լարվածության աստիճանը թույլ է տալիս ասել, որ այդ երկու երկրները գտնվում են պատերազմի շեմին, ինչի մասին վկայում է թեկուզ թուրք-սիրիական սահմանի մոտ ՆԱՏՕ-ի կողմից Patriotհակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումը։

Այս համատեքստում ամենաէականն այն է, որ սիրիական ներքին ճգնաժամում Թուրքիան (Սաուդյան Արաբիայի և Կատարի հետ միասին) աջակցում է ապստամբներին։ Այդ աջակցությունը դրսևորվում է հետևյալ հիմնական ձևերով.

1. Ապստամբների զինում,

2. նրանց ֆինանսավորում,

3. նրանց մարզում։

Համաձայն որոշ տեղեկությունների՝ Ադանայում հիմնվել է Սիրիայի ազատ բանակի կենտրոնատեղին12։

Ապստամբների հաղթանակը հանգեցնելու է ինչպես Սիրիայում, այնպես էլ տարածաշրջանում Թուրքիայի քաղաքական ազդեցության էլ ավելի մեծացմանը, քանի որ «պաշտոնական Անկարան կարողացավ շատ հմտորեն օգտագործել արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացները, ինչի արդյունքում այս երկրներում իշխանության են գալիս Թուրքիայի հետ ավելի ջերմ հարաբերություններ ունեցող կառավարող վարչակարգեր»13: Իսկ դա հղի է բացասական հետևանքներով ինչպես Հայաստանի, այնպես էլ սիրիահայ համայնքի համար։

Այսպիսով, Թուրքիայի քաղաքական ազդեցության հնարավոր աճը Մերձավոր Արևելքում ինքնաբերաբար պայմանավորում է հայ համայնքի համակրանքը Բաշար ալ Ասադի նկատմամբ։

• Մյուս արաբական երկրների փորձը։ Եգիպտոսի և Թունիսի փորձը ցույց տվեց, որ «արաբական գարնան» արդյունքում տապալված վարչակարգերին փոխարինած նոր վարչակարգերը պակաս բռնապետական չեն։ Տեղին է հիշատակել այն դրույթը, համաձայն որի՝ բռնապետության տապալումն ուժի միջոցով հանգեցնում է նոր բռնապետության։ Իսկ դա, ինչպես ցույց է տալիս հատկապես Եգիպտոսի օրինակը, հղի է երկիրը տևական անկայունության մեջ ներքաշելու սպառնալիքով, քանի որ մեկ բռնապետին տապալած ժողովրդական զանգվածները դրանից հետո ստիպված են լինելու պայքարել նոր բռնապետի դեմ։ Սիրիայի պարագայում նույնպես նման հնարավոր հեռանկարը հուշում է, որ Ասադների վարչակարգը, իր բոլոր թերություններով հանդերձ, այնուամենայնիվ, նախընտրելի է տևական անկայունությունից և հուզումներից։

Այսպիսով, սիրիահայ համայնքն Ասադների վարչակարգի պայմաններում ուներ անվտանգության և համայնքային ինքնավարության որոշակի երաշխիքներ, ինչը գերադասելի է անորոշությունից և մշուշոտ ապագայի հեռանկարից։ Միևնույն ժամանակ, զինված հակամարտության մեջ ներքաշվելը լուրջ սպառնալիք է սիրիահայ համայնքի անվտանգությանը։ Այս հանգամանքներով է պայմանավորված տեսական հարթությունում սիրիահայության համակրանքն իշխող վարչակարգի նկատմամբ և դրական չեզոքությունը՝ գործնական հարթությունում:

1 Սիրիահայ եկեղեցականները հայտարարել են, որ պատերազմում չեզոք դիրք են գրավում` ոչ իշխանությանը, ոչ ընդդիմադիրներին չեն սատարելու, http://www.aravot.am/2012/09/18/110608/

2 Սիրիայի հայկական եկեղեցիների առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, http://mardik.am/am/միջազգային/մերձավոր-արևելք/item/147281-սիրիայի-հայկական-եկեղեցիների-առաջնորդները-հանդես-են-եկել-համատեղ-հայտարարությամբ

3 Նույն տեղում։

4 Նույն տեղում։

5 Նույն տեղում։

6 1970թ. Սիրիայում իշխանության եկավ նախագահ Հաֆեզ ալ Ասադը, որի մահից հետո, 2000թ. նրան փոխարինեց որդին՝ Բաշար ալ Ասադը։

7 Ռուբեն Սաֆրաստյան, Սիրիահայ համայնքը լիովին աջակցում է երկրի ներկայիս իշխանություններին,http://www.panorama.am/am/politics/2011/12/08/safrastyan/

8 Արաքս Փաշայան, Սիրիահայ համայնքը աջակցում է Բաշար ալ Ասադին, http://www.panorama.am/am/politics/2011/06/02/a-pashayan/

9 Ռուբեն Սաֆրաստյան, Սիրիահայ համայնքը լիովին աջակցում է երկրի ներկայիս իշխանություններին,http://www.panorama.am/am/politics/2011/12/08/safrastyan/

10 Նույն տեղում։

11 Սիրիահայերը մտավախություն ունեն երկրում «Մահմեդական եղբայրության» կառավարման հաստատման մասին,http://www.aravot.am/2012/08/29/103791/

12 Սիրիահայ համայնքը Սիրիայում չի վերանա, http://www.aravot.am/2012/08/06/98122/

13 Ռուբեն Սաֆրաստյան, Սիրիահայ համայնքը լիովին աջակցում է երկրի ներկայիս իշխանություններին,http://www.panorama.am/am/politics/2011/12/08/safrastyan/

 

Վահրամ Հովյան 
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Նոյյան տապան  -   Վերլուծություն