ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՂՐՂԶՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ (ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԵՎ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ)


ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՂՐՂԶՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ (ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԵՎ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

  • 04-06-2013 12:12:32   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Հետխորհրդային տարածքում նոր ինտեգրացիոն նախագիծը՝ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), առաջ է բերել բանակռիվներ, բանավեճեր և բուռն քննարկումներ ինչպես բուն նախագծի կենսունակության հարցի, այնպես էլ դրան միանալու հնարավոր «պլյուսների» և «մինուսների» շուրջ։
 
Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի այլընտրանքային առաջարկությունն ակտիվացրել է նաև «Արևելյան գործընկերություն» ծրագրի բոլոր մասնակից պետությունների բանակցային գործունեությունը եվրոպական ուղղությամբ։ Դա հատկապես նկատելի է Ուկրաինայի օրինակով, որի հետ Եվրոպական միությունն արդեն 2013թ. նոյեմբերին, «Արևելյան գործընկերության»՝ Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում կարող է ստորագրել «Համաձայնագիր ասոցիացված գործընկերության մասին»։
 
Կենտրոնական Ասիայի պետություններում, որոնք աշխարհագրական և քաղաքական առումներով գտնվում են ուժի երկու աշխարհաքաղաքական կենտրոնների՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև, Մաքսային միությանը միանալու հեռանկարները նույնպես պակաս լարվածությամբ չեն քննարկվում։
 
Չնայած 2014թ. մայիսի 1-ին Եվրասիական տնտեսական միության պայմանագիրն արդեն պետք է պատրաստ լինի, իսկ 2015թ. հունվարի 1-ից միությունը պետք է գործի որպես նոր միջազգային կազմակերպություն, մի շարք փորձագետներ, քաղաքական գործիչներ և մշակութաբաններ բավական հիմնավոր կերպով թերահավատորեն են վերաբերվում երեք պետությունների վերպետական կառույցի ստեղծման հնարավորությանը։ Միևնույն ժամանակ, նրա տնտեսական բազան՝ Մաքսային միության տեսքով, արդեն գործում է, և դա թույլ է տալիս բավական ճիշտ հաշվարկել նախագծին այս կամ այն պետության հնարավոր միացման տնտեսական հեռանկարները, պարզել նրա ուժեղ և թույլ կողմերն այդ պետությունների տնտեսությունների յուրաքանչյուր առանձին ճյուղի համար։
 
Արդեն բավական մեծ թվով գիտակիրառական հետազոտություններ են անցկացվել, որոնք շահագրգիռ պետությունների իշխանական վերնախավերին թույլ են տալիս կողմնորոշվել, թե ինչ քաղաքականություն մշակեն Եվրոպական և Եվրասիական միությունների հանդեպ։ Հայաստանի համար որոշակի հետաքրքրություն է ներկայացնում այն, թե հատկապես ինչ սպասելիքներ ունեն վերջիններն այս կամ այն ինտեգրացիոն նախագծին իր միանալուց, ինչ խնդիրներ կարող են կանգնել նրանց առջև և ինչն ավելի շատ կմտահոգի նրանց։
 
Մի շարք տնտեսագետներ Մաքսային միությանը Ղրղզստանի միանալու դրական կողմերի մեջ նշում են չինական ներկրվող ապրանքների համեմատ ղրղզական ապրանքների մրցունակության բարձրացումը՝ ի հետևանք արգելափակիչ մաքսատուրքերի։ Դրա հետ մեկտեղ, ՄՄ-ում ներքին մաքսատուրքերի բացակայությունը և Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի շուկաների հասանելիությունը շահութաբեր են դարձնում արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտների տեղակայումը Ղրղզստանի տարածքում։
 
Սա հատկապես վերաբերում է Ղրղզստանի ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքին, որն իր նշանակությամբ և հեռանկարներով գնահատվում է որպես Ղրղզստանից ՄՄ շուկաներ արտահանման թիվ 2 հոդված1։
 
Ուղղակի դրական, և որ գլխավորն է՝ անհապաղ արդյունք սպասվում է թեթև արդյունաբերությունում, որի արտահանական հնարավորություններն այժմ էլ որոշ աճ են գրանցում։
 
Ինչ վերաբերում է լեռնահանքային արդյունաբերությանը, ապա առկա ներդրումային հոսքերի (մասնավորապես՝ Չինաստանից և Կանադայից) պարագայում, Մաքսային միությունում ընդգրկված երկրների ընկերությունների ներգրավումը (ՄՄ առաջարկելիք շահավետ պայմաններով) կհանգեցնի ճյուղի օբյեկտների մրցակցային գրավչության բարձրացմանը, ինչը նույնպես դրականորեն կանդրադառնա ճյուղի զարգացման տեմպերի վրա։ Կանխատեսվում է հասնել ընդունելի հավասարակշռության «հին» և «նոր» ներդրողների միջև։ Լեռնային մետալուրգիայի որոշ կլաստերների գծով Ղրղզստանի մասնագիտացումը, ՄՄ պետությունների պրոֆիլային օբյեկտների հետ ճյուղային կոոպերացիայի համատեքստում, միջնաժամկետ հեռանկարում կհանգեցնի տեղական արտադրության շահութաբերության էլ ավելի մեծ աճի։
 
Իսկ հետագայում Միասնական տնտեսական տարածքում (ՄՏՏ) երկրի ընդգրկվելու հեռանկարը կապահովի կապիտալների, ներդրումների և աշխատուժի ազատ տեղաշարժը։ Առաջին փուլում աշխատանքային միգրացիան (որոշ հաշվարկներով՝ Ղրղզստանի մոտ 2 մլն քաղաքացի2), առաջին հերթին, Ռուսաստան և Ղազախստան, պետք է կայունացնի գործազրկության մակարդակը հանրապետությունում, բարձրացնի կենսամակարդակը և որոշակիորեն նվազեցնի սոցիալական լարվածությունը։ Միևնույն ժամանակ, ինչպես ցույց են տալիս սոցիոլոգիական հարցումների արդյունքները, հարցման ենթարկված աշխատանքային միգրանտների ճնշող մեծամասնությունը հաստատ մտադիր է առաջին իսկ հնարավորության դեպքում, աշխատատեղերի ստեղծման պարագայում, վերադառնալ հայրենիք3։
 
Միասնական տնտեսական տարածքը, ինչպես սպասվում է, նախաձեռնում է նաև տուրիզմի զարգացում և դրանում հավելյալ խոշոր ներդրումների ներգրավման հնարավորության մեծացում։
 
Դրա հետ մեկտեղ, Մաքսային միություն մտնելը, մաքսատուրքերի միջին տոկոսադրույքի մինչև 10% աճը առնվազն կարճաժամկետ հեռանկարում կհանգեցնեն գրեթե մեկ երրորդով մաքսային գանձումների կրճատմանը և խիստ բացասաբար կանդրադառնան ղրղըզ գործարարների բավական մեծ այն հատվածի վրա, որը զբաղվում է չինական ապրանքների վերարտահանմամբ (իսկ դա ՉԺՀ-ից ներկրվող ապրանքների մոտ 70%-ն է)։ Սոցիալական առումով դա նշանակում է ամենօրյա պահանջարկ ունեցող չինական արտադրանքի գների և մանրածախ գների ընդհանուր աճ4։
 
Չինական ապրանքների առջև ղրղզական շուկան բացելը, ինչը ժամանակին Պեկինի կողմից լոբբիի ենթարկվեց պետական մակարդակով, հանգեցրեց այն բանին, որ տեղական ապրանքները փոխարինվեցին չինականով, և հիմա հայրենական արտադրողի վերականգնումն ու աջակցությունը բավական բարդ խնդիր կլինի երկրի ղեկավարության համար։
 
Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա Մաքսային միությունում նրա ընդգրկվելու բոլոր «պլյուսներն» ու «մինուսներն» ընդգծվում են Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցիացիայի համաձայնագրի իրականացման այլընտրանքային հեռանկարների ֆոնին։
 
ՄՏՏ-ին Ուկրաինայի ինտեգրման կողմնակիցների կարծիքով, որոնք հենվում են մի շարք հետազոտությունների տվյալների վրա, որ անցկացրել է, մասնավորապես, աշխատանքային խումբը, որը 2010-11թթ. աշխատել է Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար, պրոֆեսոր Վ.Մունտիյանի ղեկավարությամբ, Մաքսային միությանը միանալու դեպքում Ուկրաինան կունենա արտադրության աճ 3-3,5%-ով, ՀՆԱ աճ 2,5%-ի մակարդակով, իսկ պետբյուջեի եկամուտների հավելյալ աճը կանխատեսվում է տարեկան մոտ 9,4 մլրդ գրիվնայի (մոտ $1,2 մլրդ) մակարդակով։ Ընդ որում՝ չհաշված սակագնային, էներգետիկ և այլ փոխհատուցումները5։
 
Ինչպես կարծում է «Ֆոլիո» հրատարակչության (Խարկով) գլխավոր խմբագիր Ա.Կրասովիցկին, ՄՄ-ին ինտեգրմամբ շահագրգռված են Ուկրաինայի միջին և մանր բիզնեսը (որը կկարողանա էապես ընդլայնել իր ներկայությունը ՄՄ լայն շուկայում) և երկրի հասարակ բնակչությունը։ Իսկ ահա քաղաքական վերնախավը և խոշոր բիզնեսը շահագրգռված չեն ՄՄ մտնելով6, թեև դրանց ներկայացուցիչները մետալուրգիական, քիմիական, նավթային արդյունաբերությունում և էլեկտրաէներգիայի արտադրությունում «ԵՄ-ի հետ ասոցիացիայի համաձայնագրի» ուժի մեջ մտնելուց հետո կարող են բախվել շատ մեծ խնդիրների։ Մասնավորապես, Համաձայնագրի հավելվածում խոսվում է «գոյություն ունեցող գործարանների համար արտանետումների սահմանային մեծությունների» մասին։ Այսինքն՝ Ուկրաինան ստիպված կլինի շտապ կարգով զտիչ համակարգեր տեղակայելու միջոցներ ընդունել։ Հաշվի առնելով արդյունաբերական օբյեկտների տարիքը՝ չի բացառվում, որ օրակարգային կլինի դրանցից առնվազն մի քանիսի փակման հարցը։
 
Ի դեպ, Համակարգային վերլուծության և կանխատեսման կենտրոնի նախագահ Ռ.Իշչենկոյի տվյալներով՝ անկախության քսան տարիների ընթացքում Ուկրաինան առանց այդ էլ պահպանել է 1991թ. արդյունաբերական պոտենցիալի ընդամենը 30%-ը։ Միայն 2012թ. փակվել է մետալուրգիական հզորությունների 40%-ը, իսկ 2013-ին նախատեսվում է փակել ածխարդյունահանող ձեռնարկությունների և հանքերի 30%-ը7։
 
Բացի այդ, Ուկրաինան էլ ավելի է կորցնում ներդրումային գրավչությունը Ռուսաստանի համար, արդյունքում՝ ուկրաինացի գործարարներն իրենք են իրենց արտադրությունները տեղափոխում ՌԴ։ «Շոկոլադի արքա» Պյոտր Պորոշենկոն, օրինակ, Ռուսաստան է տեղափոխել և՛ իր շոկոլադի բիզնեսը, և՛ «Բոգդան» ավտոբուսներ արտադրող գործարանը։
 
Եվրոպական միությանն Ուկրաինայի ինտեգրման կողմնակիցներն իրենց փաստարկներն ունեն։ Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրի դիրքերն, օրինակ, ԵՄ ագրոարդյունաբերական արտադրանքի շուկայում ավելի են ամրապնդվում. ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ուկրաինայի և Եվրամիության երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 46%-ով և հասել $2,5 մլրդ-ի։ Ագրարային քաղաքականության և պարենի նախարար Նիկոլայ Պրիսյաժնյուկի խոսքով՝ հեռանկարային է նաև Ուկրաինայի միանալը գյուղատնտեսության գծով եվրոպական հարևանության և գյուղական տարածքների զարգացման ENPARD ծրագրին. «Եվրոպայում այդ ծրագիրն արդեն արդյունքներ է տվել։ Եվրոպան արդեն մշակել է մի ծրագիր, որը նախատեսում է տեխնիկական, ֆինանսական օգնություն կոոպերատիվների ստեղծման համար։ Իսկ մենք, այն բանից հետո, ինչ վերացրինք կոլտնտեսությունները, պետք է գյուղում տնտեսվարելու արդյունավետ ձև առաջարկենք»8։
 
Միևնույն ժամանակ, ըստ Համաձայնագրի՝ Ուկրաինայի արտահանվող գյուղարտադրանքի բոլոր տեսակները խստորեն կանոնակարգվելու են։ Օրինակ, 3 մլն տ հացահատիկի փոխարեն, որը երկիրը վերջին մի քանի տարիներին արտահանում էր Եվրոպա, քվոտան իջեցվելու է մինչև 1 մլն տոննայի, շաքարի արտահանման տասնակի կրճատում է նախատեսվում՝ 300 հազարից մինչև 30 հազար տոննա։
 
Առևտրի համաշխարհային կազմակերպությանն Ուկրաինայի միանալու պայմանագրով դեռ 2010 թվականից երկիրը պարտավոր էր արգելք մտցնել տնային տնտեսություններում արտադրված մսի, ճարպի, կարագի և կաթի վաճառքի վրա։ Իսկ հիմա արգելքը տարածվում է թթու կաղամբի, աղը դրած մթերքի, բռնվածքի խնձորների (моченые яблоки), բնական յուղի, հորթի սուկիի, մեղրի և այլնի վրա. «Գյուղատնտեսական բուսատեսակների ընդհանուր տեսականու վերաբերյալ դիրեկտիվը» հստակ նշում է, թե Ուկրաինայի տարածքում աճեցված ինչն է կարելի, որ հայտնվի շուկայում։
 
Բացի այդ, Համաձայնագրի ստորագրումից հետո առաջին տարիներին Ուկրաինան ստիպված կլինի լիովին փոխարինել իր չափորոշիչների (իսկ դրանք ավելի քան 20 հազար են) համակարգը եվրոպականով։ Ուկրաինայի գործատուների ֆեդերացիայի փորձագետների հաշվարկներով՝ ՄՄ անդամ պետությունների չափորոշիչների համակարգերի հետ ունեցած տարբերությունների պատճառով երկիրը կկորցնի տարեկան ոչ պակաս, քան $15 մլրդ9։ Եվ հազիվ թե հաջողվի այդ շուկան «ծածկել» Եվրամիության շուկայով։
 
Ըստ էության, Ուկրաինան կանգնած է ճակատագրական ընտրության առջև. կամ մնալ հետխորհրդային տարածքի՝ իր համար սովորական շուկայում, կամ արմատապես փոխել, իսկ փաստացի՝ ստեղծել գրեթե նոր տնտեսություն և փորձել նվաճել սպառման նոր շուկաներ։
 
Հարցն այն է, թե արդյոք կհաջողվի նրան անցումային շրջանում խուսափել դեֆոլտից և սոցիալական պայթյունից։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում երկրի իրավիճակը, 1990-ական թթ. ԵՄ-ին միացած պետությունների համեմատ, շատ ավելի անբարենպաստ է, իսկ հեռանկարները՝ շատ ավելի աղոտ։ Թեկուզև այն պատճառով, որ վերոնշյալ պետությունները Եվրամիություն մտնելու երաշխիքներ ունեին, իսկ Ուկրաինայի համար «Ասոցիացված գործընկերության մասին համաձայնագրի» ստորագրումը նշանակում է «մերձեցման» լոկ առաջին (և ոչ վերջին) փուլի սկիզբ, որը տասը տարուց պակաս չի ձգվի։
 
Իհարկե, հետխորհրդային տարածքի յուրաքանչյուր պետություն իրեն հատուկ հարաբերություններ է հաստատել Եվրամիության հետ, և ձևավորվող Եվրասիական տնտեսական միության հետ նույնպես այդ հարաբերությունները տարբեր կերպ են կառուցվում։ Բայց, մեր կարծիքով, այլ երկրների փորձի ուսումնասիրությունը կարող է և պետք է օգնի Հայաստանին խուսափել հիասթափություններից և սխալներից, ավելի վստահ կողմնորոշվել և իր համար առավելագույն արդյունավետությամբ մասնակցել ինտեգրացիոն գործընթացներին։
 
1 Ղրղզստանի եկամուտների թիվ 1 հոդվածը աշխատանքի արտահանումն է։
 
2 «Новая шоковая терапия» - вступление Киргизии в ТС: закрытый ситуационный анализ. REGNUM լրատվական գործակալություն, 26.03.2013. http://www.regnum.ru/news/1640314.html
 
3 Ռուսաստանում մշտական բնակություն հաստատել ցանկանում է «Մաքսային միությանը և ՄՏՏ-ին Ղրղզստանի միանալու հետևանքները երկրի աշխատանքային շուկայի և մարդկային կապիտալի համար» հետազոտական նախագծի շրջանակներում հարցվածների միայն 6%-ը, Ղազախստանում՝ 9%-ը։ Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոն, Սանկտ Պետերբուրգ, 2013։
 
4 «Новая шоковая терапия» - вступление Киргизии в ТС: закрытый ситуационный анализ. REGNUM լրատվական գործակալություն, http://www.regnum.ru/news/1640314.html
 
5 «Украина и Таможенный союз: время дискуссий заканчивается», http://rusedin.ru/2013/02/20/ukraina-i-tamozhennyj-soyuz-vremya-diskussij-zakanchivaetsya/
 
6 Նույն տեղում:
 
7 Նույն տեղում:
 
8 «Коммерсантъ (Украина)», 30 ապրիլի 2013թ., http://www.kommersant.ua/news/2182837
 
9 «Несколько вопросов к украинской власти», http://vybor.ua/article/economika/neskolko-voprosov-k-ukrainskoy-vlasti.html, 3 մայիսի 2013թ.։
 
Սերգեյ Սարգսյան 
 
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play