Երևանի քաղաքապետարանը կազմակերպում է «Երևան. բիզնես-վազք 2013» վազքի մրցույթը


Երևանի քաղաքապետարանը կազմակերպում է «Երևան. բիզնես-վազք 2013» վազքի մրցույթը

  • 08-06-2013 20:12:04   | Հայաստան  |  Հայտարարություններ
Երևանի քաղաքապետարանը, Ավստրիական ավիաուղիների, SmartRunning ընկերության և AIMS–ի (Մարաթոնների և վազքի միջազգային միություն) հետ համատեղ, Royal Tulip Yerevan և Best Western Congress հյուրանոցների աջակցությամբ ս.թ. հունիսի 9-ին, ժամը 9-ին, կազմակերպում է «Երևան. բիզնես-վազք 2013» (Yerevan Business Run-2013) վազքի մրցույթ։ 
Ծրագրի նպատակը առողջ ապրելակերպի խթանումն է: Միևնույն ժամանակ, քաղաքային տնտեսության մեջ առկա խնդիրների վերաբերյալ կորպորատիվ ընկերությունների իրազեկվածությունը բարձրացնելով՝ ծրագիրը նպատակ ունի վերջիններին մասնակից դարձնել այդ խնդիրների լուծմանը ։
Վազքի մրցույթին մասնակցելու են գործարար ոլորտի, մասնավորապես սոցիալական կորպորատիվ պատասխանատվության քաղաքականություն իրականացնող ընկերությունները, ինչպես նաև այլ հետաքրքրված կազմակերպություններ ու անհատներ: 
2012 թվականին առաջին անգամ անցկացված «Երևան. բիզնես-վազք» մրցույթի արդյունքում հավաքագրված գումարն ուղղվեց մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը։
Այս տարի ևս ծրագրից հավաքագրված գումարը նախատեսվում է ուղղել  մայրաքաղաքի կանաչ գոտիներից մեկի վերականգնմանը: 
Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի հանձնարարականով , Երևանի տեսարժան վայրերին ցանոթացնելու, օրն ավելի հիշարժան դարցնելու նպատակով՝ մասնակից բոլոր երեխաների համար հունիսի 9-ին ժամը 12:30-ին կկազմակերպվի «Երևան սիթի տուր» զբոսաշրջային երթուղային անվճար ծրագիր: 
Բացի այդ, մրցավազքի բոլոր մասնակիցները հրավիրված են մրցույթից հետո կայանալիք միջոցառմանը, որը տեղի կունենա Congress հյուրանոցում (Երևան, Իտալիայի փող. 1) ժամը 18:30–ին: Միջոցառման ընթացքում նաև կկայանա հաղթողների պարգևատրման արարողությունը: 
Հաղթող թիմը կհրավիրվի Վիեննա՝ սեպտեմբերի 5-ին մասնակցելու «Վիեննա. Բիզնես-վազք 2013» մրցույթին: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կհրավիրվեն ընթրիքի համապատասխանաբար Royal Tulip Grand Hotel Yerevan և Best Western Congress Hotel Yerevan հյուրանոցներում: 
Ցանկացողները կարող են գրանցվել անհատական՝ միջազգային 10կմ, կամ թիմային (3 անձ)՝ 10կմ հերթափոխով, յուրաքանչյուրը 3.3կմ վազքին մասնակցելու համար: Ընկերությունները կարող են ունենալ մեկից ավելի թիմեր:
Բիզնես վազքին զուգահեռ՝ անցկացվում է նաև «Ամերիա Քիդս Ռան 2013» մանկապատանեկան երկու մրցավազք՝ 6-10 և 11-14 տարեկան երեխաների մասնակցությամբ: Երեխաների մասնակցությունը անվճար է:
 
Վազքին մասնակցելու համար արդեն իսկ գրանցվել են հարյուրից ավելի մասնակիցներ, այդ թվում նաև տասնյակ մասնակիցներ արտերկրից: Մասնակցության հայտ են ներկայացրել Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի Ազգային Մրցունակության Հիմնադրամը, Զվարթնոց օդանավակայանը, Ավստրիական ավիաուղիները, Իմեքս գրուպը, Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը, Ռեսո ապահովագրական ընկերությունը, Նաիրի ապահովագրական ընկերությունը, Halgard Stolte գերմանական կազմակերպությունը, «Գրանթ Թորոնթոն» ՓԲԸ-ն, «Ազգային հիփոթեկային ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունը, Worldcom International Communications- ը, ROOT ԻՏ Ծառայությունները, Oriflame հայաստանյան գրասենյակը, LaBarra ընկերությունը, daad.news.am-ը: 
 
 
Վազքուղի՝
Royal Tulip Yerevan հյուրանոց (Աբովյան փողոց) – Հանրապետության հրապարակ (մեկ պտույտ)– Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա՝ (Ամիրյան - Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Սայաթ-Նովա - Մաշտոցի խաչմերուկ) – Մոսկովյան փողոց (Մոսկվիչկա սուպերմարկետ) – հետադարձ դեպի Սայաթ-Նովա պողոտա (մինչև Աբովյան խաչմերուկ) - Աբովյան փողոց – Royal Tulip Yerevan հյուրանոց:
 
Մրցավազքի ժամանակացույց՝
Երեխաներ՝ 6-10 տարեկան, սկիզբը 09:20-ին, վազքուղի 500մ
Երեխաներ՝ 11-14 տարեկան, սկիզբը 09:35-ին, վազքուղի 1000մ
Միջազգային 10կմ վազքի սկիզբը 10:00-ին
10կմ հերթափոխ (թիմային) 3 անձ - 3.3կմ, սկիզբը 10:00-ին
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ