«Ոսկե Ծիրան»-ի «Կորիզ» ծրագրում ներկայացվող միակ հայկական ֆիլմը Անդրանիկ Հարությունյանի «Հեքիաթն» է


«Ոսկե Ծիրան»-ի «Կորիզ» ծրագրում ներկայացվող միակ հայկական ֆիլմը Անդրանիկ Հարությունյանի «Հեքիաթն» է

  • 14-06-2013 16:54:42   | Հայաստան  |  Մշակույթ

«Ոսկե Ծիրան» Երեւան 10-րդ միջազգային կինոփառատոնին ընդհանուր առմամբ ներկայացվելու է   200 ֆիլմ: Դրանք ընտրվել են շուրջ 96 երկրներից ստացված 1200 հայտերից: 90 ֆիլմ ներկայացվելու է  ավանդական դարձած չորս մրցույթային ծրագրերում՝ խաղարկային, հայկական համայնապատկեր, վավերագրական եւ   կարճամետրաժ ֆիլմերի ՚«Կորիզ» ծրագրում:
 
«Ոսկե Ծիրան» Երեւան 10-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը հուլիսի 14-ին լրագրողներին տեղեկացրեց, որ  խաղարկային մրցույթում  այս տարի հանրության դատին կհանձնվի 12 ֆիլմ, բայց  ֆիլմերից մեկի հետ կապված դեռ բանակցություններ են ընթանում: Ըստ նրա, 
ֆիլմը թուրքական է, եւ Թուրքիայում տեղի ունեցող անկայուն ներքաղաքական վիճակի պատճառով  դեռ պարզ չէ՝ ֆիլմի ռեժիսորը կկարողանա գալ Հայաստան թե` ոչ: Մ. Ստամբոլցյանը տեղեկացրեց, որ Խաղարկային մրցույթի ժյուրին գլխավորելու է հունգարացի ռեժիսոր Իշտվան Սաբոն: Ժյուրիի անդամներն են ռուս կինոքննադատ Անդրեյ Պլախովը, ամերիկացի կինոքննադատ Ջեյ Վայսբերգը, ով եղել է «Variety» պարբերականի թղթակիցը, Թինա Լոքը, ով Տալինի «Սև գիշերներ» կինոփառատոնի հիմնադիրն է և ֆրանսահայ դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանը:
 
Փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը նշեց, որ  այս տարի Վավերագրական մրցույթում ընդգրկված է 11 ֆիլմ: 
«Այս տարի որակական առումով ֆիլմերը գրեթե հավասար են, սակայն բովանդակության և թեմաների տեսանկյունից դրանք բավականին տարբեր են»,- ասաց փառատոնի փոխտնօրենը: Նա նշեց, որ Վավերագրական մրցույթի ժյուրին այս տարի կգլխավորի ռեժիսոր Սերգեյ Լոզնիցան: Ժյուրիի կազմում ընդգրկված են նաև ռեժիսոր Պիետրո Մարչելլոն, Ռադա Սեսիչը, ով երկար տարիներ եղել է Սարաևոյի կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթի ղեկավարը, Գեորգ Էդուարդ Ռեսթլը, ով մասնագիտությամբ լրագրող է, և Թուրքիայից Օսման Կավալան:
 
Կինոքննադատ, Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրի  համակարգող  Րաֆֆի Մովսիսյանի տեղեկացմամբ, ծրագրում այս տարի ներկայացված է 23 ֆիլմ շուրջ 12 երկրից:
 
Այս մրցույթում հանձնվելու է 3 մրցանակ` առանձին խաղարկային և վավերագրական ֆիլմերի համար, ինչպես նաև ժյուրիի հատուկ մրցանակ: Ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանի գնահատմամբ`«Այս մրցույթի ֆիլմերը ոչնչով չեն զիջում միջազգային մրցութային ծրագրի ֆիլմերին»: Ըստ նրա, Հայկական Համայնապատկեր մրցութային ծրագրի Ժյուրիի կազմում ընդգրկված են Դեյվիդ դ’Արսին, ով «Screen International» պարբերականի վերլուծաբաններից է, Ժան Ռադվան` Փարիզի արևելագիտության պետական ինստիտուտի պրոֆեսոր, Նիք Ջեյմսը, ով «Sight & Sound» պարբերականի խմբագիրն է, երաժիշտ, թատերագետ Մարինա Ալէս Վարդանյանը և դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Միքայել Պողոսյանը:
Կինոռեժիսոր, «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի համակարգող Արամ Շահբազյանն էլ  տեղեկացրեց, որ  ծրագրում ներկայացված է 45 ֆիլմ, այդ թվում   Անդրանիկ Հարությունյանի «Հեքիաթը», որը միակ հայկական ֆիլմն է այս ծրագրի շրջանակներում: «Այս տարի շատ խիստ է եղել հայկական ֆիլմերի ընտրությունը, իսկ ընտրված մեկ հայկական ֆիլմը լիովին մրցունակ է», - ասաց Ա. Շահբազյանը: Նրա խոսքերով, «Կորիզը» ընտրում է կուռ դրամատուրգիա ունեցող ֆիլմեր: Նա տեղեկացրեց, որ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը կներառի ավելի քան 40 ֆիլմ շուրջ 15 երկրից:
 
Նշենք, որ «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:Փառատոնի գլխավոր  գործընկերն է  Վիվա Սել-ՄՏՍ ընկերությունը: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play