Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ծանոթացել է Կասյան փողոցի գյուղմթերքի շուկայի պայմաններին


Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ծանոթացել է Կասյան փողոցի գյուղմթերքի շուկայի պայմաններին

  • 05-08-2013 17:03:31   | Հայաստան  |  Տնտեսություն

Արդեն երրորդ տարին անընդմեջ Երևանի Կասյան փողոցի վերին հատվածում շաբաթ և կիրակի օրերին գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ է կազմակերպվում: Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ ծանոթացել է շուկայի պայմաններին և շփվել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաև շուկայի այցելուների հետ:


Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ համաքաղաքացիների կողմից պահանջարկ լինելու դեպքում քաղաքապետարանը նմանատիպ շուկաներ կազմակերպելու համար պատրաստ է տարածքներ հատկացնելու մայրաքաղաքի այլ հատվածներում ևս: 


<<Արդեն երրորդ տարին է, որ գործում են այսօրինակ շուկաները, և փորձը ցույց է տվել, որ դրանք բավականին արդյունավետ են. հանրության արձագանքը, մոտեցումները բավականին լավն են: Այստեղ մեր համաքաղաքացիները նաև ուղղակիորեն գյուղացու հետ բանակցությունների արդյունքում են մթերքը ձեռք բերում և ոչ թե վերավաճառողի, գներն էլ, կարծես թե, համեմատաբար ավելի նորմալ են: Գյուղնախարարության հետ բավականին արդյունավետ աշխատանք է կատարվում>>,-նշել է Արամ Սուքիասյանը:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ տարածքները գյուղմթերք արտադրողներին տրամադրվել են անվճար: Քաղաքապետարանը հոգում է նաև շուկայի սանիտարական վիճակի մասին: Նմանատիպ մեկ այլ շուկա էլ բացվել է <<Այրարատ>> կինոթատրոնի հարևանությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play