Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը քննարկեց շինարարության արժեքի հաշվարկման հարցը


Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը քննարկեց շինարարության արժեքի հաշվարկման հարցը

  • 15-08-2013 10:46:58   | Հայաստան  |  Տնտեսություն

Գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման նոր մեթոդաբանությունը քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
 
Այս անգամ հինականում քննարկումը ծավալվեց շինարարության ոլորտի աշխատավարձի ձեւաչափի սահմանման շուրջ: Հանձնաժողովականների մոտեցումները 2 սկզբունքային տեսակետների էին բաժանվում: Առաջինը` Վերահսկիչ պալատի տեսակետն էր, որի համաձայն առաջարկվում է աշխատավարձի 1 ժամվա դրույքաչափը հաշվարկելիս հիմք ընդունել ազգային վիճակագրական ծառայության տվյալը` ամսական միջին աշխատավարձի վերաբերյալ: Երկրորդ տեսակետը, որի կողմնակից էին շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները` առաջարկվում է աշխատավարձը հաշվարկելիս հիմք ընդունել նվազագույն աշխատավարձի նկատմամբ համապատասխան գործակցը:
 
Նախարար Ս. Թադեւոսյանը շեշտելով հարցի կարեւորությունը հորդորեց ներկաներին զգուշավորություն ցուցաբերել հատկապես աշխատավարձի նոր սխեմայի ձեւավորման հարցում, քանի որ ոչ միայն այս սկզբունքային հարցից են ածանցվում վերադիր ծախսերի, շահույթի չափի, տրանսպորտային ծախսերի եւ այլ կարեւոր հաշվարկները, այլ նաեւ կարող է ուղղակի ազդեցություն ունենալ շինարարության որակի վրա:
 
Նախատեսվում է շինարարության արժեքի հաշվարկման նոր կարգը կառավարություն ներկայացնել սեպտեմբերին, ուստի պարոն Թադեւոսյանը կոչ արեց հանձնաժողովի մասնակիցներին սեղմ ժամկետում ամփոփել ներկայացված առաջարկներ: 
 
Նիստում քննարկում ծավալվեց նաեւ վերադիր ծախսերի, շահույթի չափի, տրանսպորտային ծախսերի հաշվարկների, շինմոնտաժային աշխատանքներում նյութերի եւ այլ հարցերի շուրջ:
 
Հիշեցնենք, որ միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ վարչապետի որոշմամբ` <<Պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների եւ շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը հաստատելու մասին>> որոշման 3-րդ կետի պահանջների կատարման եւ ՀՀ վերահսկիչ պալատի ներկայացրած առաջարկությունների քննարկման նպատակով:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play