ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ԵՎ ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ԿՈՆՎԵՐԳԵՆՑԻԱՅԻ ՀԻՊՈԹԵԶԻ ՄԱՍԻՆ


ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ԵՎ ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ԿՈՆՎԵՐԳԵՆՑԻԱՅԻ ՀԻՊՈԹԵԶԻ ՄԱՍԻՆ

  • 15-08-2013 18:07:24   | Ռուսաստան  |  Վերլուծություն

Յան Սոկոլնիկով

Մոտավորապես 20-րդ դարակեսին տնտեսագիտության մեջ լայն տարածում է ստանում այնպիսի եզր, ինչպիսին է «կոնվերգենցիան»։ Այս եզրով նշվում էր երկու մրցակցող համակարգերի՝ արևմտյան (կապիտալիստական) և խորհրդային (սոցիալիստական) համակարգերի մերձեցումը։ Կոնվերգենցիայի տեսության ակնառու կողմնակիցներն ու մշակողներն էին ռուս-ամերիկյան սոցիոլոգ Պիտիրիմ Սորոկինը, հոլանդացի էկոնոմետրիկ Յան Տինբերգենը, ամերիկացի տնտեսագետ-ինստիտուցիոնալիստ Ջոն Գելբրեյթը և էլի մի քանիսը։ Լիբերալները հաճախ նման մտածողներին ու տնտեսագետներին անվանում են «ինտերվենցիոնիզմի», ասել է թե՝ տնտեսության մեջ պետության խոր միջամտության կողմնակիցներ։ Եթե հանգամանալիորեն վերլուծենք, ասենք, Գելբրեյթի եզրահանգումները, ապա կհասկանանք, թե ինչի հետ կապված է նա հանգել դրանց։ Արևմուտքում ձևավորված ինդուստրիալ տնտեսությունը, ի հայտ եկած խոշոր արդյունաբերական կորպորացիաները որոշակի պահի անհամատեղելի դարձան ոչ միայն Laissez-faire ոգով կապիտալիզմի, այլև շատ բանով՝ նաև Ջոն Մեյնարդ Քեյնսի կապիտալիզմի հետ։

Իրականում Քեյնսը բնավ էլ տնտեսական գործընթացներին պետության մշտական և խոր մասնակցության կողմնակիցը չէր։

Նրա կարծիքով՝ պետությունը պետք է ակտիվանա ճգնաժամային իրավիճակներում, իսկ տնտեսության վերելքի շրջանում պետության միջամտությունը կործանարար կլինի։ Էլվին Հանսենը, որին անվանում են «ամերիկյան Քեյնս», լրացնելով Քեյնսին, առաջարկեց հակաշրջափուլային (հակացիկլիկ) քաղաքականության ծրագիր ինչպես տնտեսության վերելքի, այնպես էլ ճգնաժամի ժամանակ։ Այնուամենայնիվ, Քեյնսը և նրա հետևորդները չէին բարձրացնում կապիտալիստական և սոցիալիստական համակարգերի մերձեցման հարցը, չէին պնդում տնտեսության մեջ պետության մշտական և խոր մասնակցության, ինստիտուցիոնալիստների պաշտպանած արդյունաբերական քաղաքականության հարցում։ Մասնակի բացառություն կարող է լինել միայն հետքեյնսականության քեմբրիջյան ճյուղի ներկայացուցիչ Ջոան Ռոբինսոնի մոտեցումը, որը վերաբերում էր մոնոպոլիաների ուսումնասիրությանը, քանի որ խոսքն արդեն արտադրության կառուցվածքի, խոշոր արդյունաբերական միավորումների ձեռքում կապիտալի կենտրոնացման մասին է։ Ավելին, Ռոբինսոնը չէր խորշում մարքսիզմից, ինչը նրան «ստանդարտից դուրս» տնտեսագետ էր դարձնում 20-րդ դ. Արևմուտքի համար։

Բայցևայնպես, ինդուստրիալ պարադիգմի շրջանակում երկու մրցակցող համակարգերի մերձեցման մասին խոսեցին ոչ թե քեյնսականները, նեոքեյնսականները և հետքեյնսականները, այլ՝ ինստիտուցիոնալիստ Գելբրեյթը, էկոնոմետրիկ Տինբերգենը և էլի մի քանիսը։ Գելբրեյթը համակրում էր Քեյնսին, բայց իր հետազոտություններում ավելի հեռուն գնաց։ Նա պարզապես չէր առաջարկում պետության ավելի ակտիվ մասնակցություն տնտեսության մեջ, ինչպես Քեյնսը։ Գելբրեյթը, ըստ էության, խոսում էր նման մասնակցության անխուսափելիության մասին տնտեսվարման փոփոխված պայմաններում։ Հենց ինստիտուցիոնալիստներն էին, որ նկատի ունենալով տնտեսվարման փոփոխվող պայմանները, առաջարկեցին պետական տնտեսական քաղաքականությունն իրականացնելիս օգտագործել այսպես կոչված «ինդիկատիվ պլանավորումը», որը հաջողությամբ գործադրվում էր հետպատերազմյան Եվրոպայում։ Լավ հայտնի է «Մոնեի պլանը» (1947-1953թթ.) Ֆրանսիայում, որի նպատակն էր փլուզված արդյունաբերության վերականգնումը, արտադրության ծավալների ավելացումը։ Բայց «Մոնեի պլանի» իրագործումից հետո էլ ինդիկատիվ պլանավորման համակարգը չհանվեց։

Ֆրանսիայում ինստիտուցիոնալիզմի վառ ներկայացուցիչն էր Ֆրանսուա Պեռուն, որն իր տեսությունը հանգեցնում էր հետևյալին. տնտեսության մեջ հավասարություն չկա։ Կան գերիշխող տնտեսական միավորներ, և կան ենթականեր (ոչ թե ձևականորեն, այլ փաստացի)։ Գերիշխող միավորներն ի վիճակի են ազդեցություն գործել տնտեսական գործունեության մյուս մասնակիցների վրա, ինչն ըստ էության անհնար է դարձնում նրանց միջև իրավահավասար համագործակցությունը։ Պեռուի վաստակն այն է, որ նա ցույց տվեց կատարյալ մրցակցության մոդելի մի որոշ աբստրակտությունը, երբ տնտեսական գործակալները գործում են ինքնուրույն և կողքից ենթարկված չեն հարկադրանքի։ Տնտեսական տարածքը կարող է լինել բևեռացված, նրանում կարող է հարկադրանք լինել ձևականորեն իրավահավասար տնտեսական գործակալի կողմից։ Դա նպաստում է միասնական ամբողջի (մակրոմիավորի) ձևավորմանը։ Որպես եզրահանգում բխում էր այն, որ այդ պայմաններում պահանջվում է պետության ուղղակի մասնակցությունը՝ այդ գործընթացները կարգավորելու համար։ Եվ անգամ այն, որ պետությունն ուղղակիորեն տիրապետում է ակտիվներին, միանգամայն բնականոն երևույթ է։ Պեռուն նույնպես, ինչպեսև Գելբրեյթը, կոնվերգենցիայի տեսության կողմնակիցն էր։

Ըստ էության, Գելբրեյթը և Պեռուն 20-րդ դ. ինստիտուցիոնալիզմի կարկառուն ներկայացուցիչներն էին, ինդիկատիվ պլանավորման և համակարգերի մերձեցման տեսության ակտիվ կողմնակիցներ։

Հայտնի տնտեսագետ Ստանիսլավ Մենշիկովն այսպես է նկարագրում Գելբրեյթի մոտեցումները տնտեսությանը. «Անձամբ ես նրա հետ ծանոթացա 60-ականների սկզբին, երբ Քենեթն առաջին անգամ եկավ Մոսկվա։ Ես նրան ընդունեցի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտում (ИМЭМО), քննարկում էի Պետպլան և Լիխաչովի անվան գործարան նրա այցելության արդյունքները։ Այդ այցելության ժամանակ նա ուշադրություն դարձրեց պլանային և շուկայական տնտեսությունների նման գծերին, ինչն էլ մղեց այն բանին, որ նա առաջադրի սոցիալիզմի և կապիտալիզմի կոնվերգենցիայի մասին հիպոթեզը։ Այն ժամանակ մեկը մյուսի հետևից լույս տեսան Գելբրեյթի երեք գրքերը, որոնցում ձևակերպված է նրա գլխավոր ավանդը տնտեսագիտության մեջ։ «Ամերիկյան կապիտալիզմ» աշխատությունում ներկայացված է «հակադրվող (հավասարակշռող) ուժերի»՝ մեծ բիզնեսի, աշխատավորական շարժման և պետության հայեցակարգը, որոնք դիմակայում են միմյանց և դրանով իսկ սահմանափակում ու մեղմում են մոնոպոլիստական կապիտալիզմի բացասական դրսևորումները։ Գելբրեյթից առաջ ամերիկյան գիտնականներից ոչ մեկը չէր նշել արհմիությունների դրական դերն արդի կապիտալիզմի զարգացման և վերափոխման գործում»։

Հարկ է նշել, որ 70-80-ական թթ. արևմտյան տնտեսությունում տեղի են ունենում ճգնաժամային գործընթացներ, որոնք, կարելի է ասել, «ջրի երես են հանում» միանգամայն այլ հայացքների կողմնակիցների։ Լայն տարածում են ստանում մոնետարիզմը, առաջարկի տնտեսության տեսությունը, ռացիոնալ սպասումների տեսությունը։ Թվում է, թե ինստիտուցիոնալիստների, քեյնսականների և նրանց նման մտածող բոլոր խմբերի հայացքները, գաղափարները, առաջարկները վերջնականապես պատմության գիրկն են անցնում։ Բայց, պարզվում է, որոշակի շրջափուլ անցնելով՝ տնտեսությունը կրկին սկսում է պահանջել նախկինում մշակված մոտեցումների կիրառություն։ 30-40-ական թթ. հետո Արևմուտքի տնտեսությունը կրկին ճգնաժամի մեջ էր, խիստ քննադատության էին ենթարկվում նեոլիբերալ, մոնետարիստական մոտեցումները։ Արևմուտքը, արդյունաբերական քաղաքականության բացակայության պայմաններում, փաստորեն զրկվել էր արդյունաբերությունից, կորպորացիաները վերջին տասնամյակներին աշխատատեղերն ակտիվորեն տեղափոխում էին Ասիա։ Կառուցվածքային ճգնաժամն աշխատանքի շուկայում ակնհայտ էր։ Եվ նման իրավիճակում հանրությունն օբյեկտիվորեն կսկսի և արդեն սկսում է ուսումնասիրել այն տնտեսագետների աշխատությունները, որոնք հանրահայտ էին մինչև Միլթոն Ֆրիդմանը, հարցերի պատասխանները փնտրել ավելի վաղ շրջանի աշխատություններում։

Ինչո՞վ է օգտակար Գելբրեյթի, Պեռուի, Տինբերգենի ստեղծագործական ժառանգությունը Ռուսաստանի համար։ Նախ, ծանոթանալով նրանց աշխատություններին՝ կարելի է տեսնել, որ բարդացող տնտեսության, արտադրաշղթաների ընդլայնման պայմաններում ազատ շուկան առասպել է դառնում։ Երկրորդ, Գելբրեյթը և Պեռուն ցույց տվեցին, որ տնտեսությունում կարող են գործել տնտեսական միավորների մյուս մասնակիցների նկատմամբ ավելի ուժեղները, որոնց հանդեպ ճիշտ մոտեցման պարագայում նրանք կարող են ապահովել ամբողջ տնտեսության զարգացումը։ Նրանց գործունեությունից վտանգ կարող է ծագել միայն թույլ պետության, որակյալ կարգավորման և վերահսկողության բացակայության պարագայում։ Չարաշահումները նույնպես ծագում են այն դեպքում, երբ պետությունը հեռացվում է կարգավորումից։

Ռուսաստանում գերիշխող տնտեսական միավոր հանդիսացող խոշոր կորպորացիաների թվում կարելի է առանձնացնել Գազպրոմը, Ռոսնեֆտը, Ռոստեխնոլոգիաները, Ռուսաստանի երկաթուղիները։ Գաղափարախոսական նախապատվություններից կախված՝ կարելի է տարբեր ձևով վերաբերվել նրանց գործունեությանը, բայց Գելբրեյթը հաստատ խորհուրդ կտար ձեռք չտալ այդ կորպորացիաներին, «չփոքրացնել», չքանդել դրանք, քանի որ դա կհանգեցնի անկանխատեսելի հետևանքների, այլ բարձրացնել դրանց գործունեության արդյունավետությունը։ Եվ հավանաբար, նման մոտեցումն ընթացիկ պայմաններում ամենաճիշտն է։ Մեր կարծիքով՝ Գելբրեյթի ոգուն միանգամայն համահունչ՝ ռուսաստանցի հայտնի տնտեսագետ Յուրի Սահակյանը գրել է «Մի քանդեք ՌԵՈւ-ն։ Դա կարող է չափազանց թանկ նստել»հոդվածը։ Հոդվածում հեղինակը գրում է, որ «լիբերալ պարադիգմը հենվում է այն առասպելների վրա, թե մրցակցությունը միշտ էլ տնտեսական զարգացման լոկոմոտիվն է հանդիսանում. շուկայի անտեսանելի ձեռքն ի վիճակի է լուծելու բոլոր խնդիրները, իսկ շուկան ինքը լավը կլինի ամենուրեք և միշտ, անգամ տնտեսական գործունեության այն ոլորտներում, որտեղ ինքն անհնար է։ Սա հին վեճ է»։

Ըստ էության, սա հղում է ռուսաստանյան իսթեբլիշմենթի լիբերալ հատվածին, որ չպետք է շտապել խոշոր ռուսաստանյան կորպորացիաները «մանրատելու», մասնավորեցնելու հարցում։

Երրորդ, ինստիտուցիոնալիստները ցույց տվեցին, որ արդի տնտեսությունում առանց պլանավորման անհնար է։ Անգամ եթե այդ պլանավորումը տեղի է ունենում խոշոր կորպորացիայում։ Բայց բանն այն է, որ խոշոր կորպորացիաները երբեմն վիթխարի դեր են խաղում ազգային տնտեսության մեջ, ըստ էության՝ նրա առանցքային մասն են հանդիսանում։ Ուստի, կարելի է եզրակացնել, որ կոնվերգենցիան տեղի է ունեցել։ Եթե չընդունենք այս փաստը, չընդունենք պլանավորումը՝ որպես տնտեսական գործունեության անհրաժեշտ տարր, ապա դժվար կլինի ապահովել տնտեսության զարգացումը։ Ինստիտուցիոնալիստներն իրենց աշխատություններում դա հստակ ցույց են տվել։ Ընդ որում՝ այնքան էլ կարևոր չէ, որ նրանց աշխատությունները գրվել են մի քանի տասնամյակ առաջ։ Հասկանալի է՝ այսօր ոչ ոք համատարած պլանավորման կոչ չի անի։ Դա հսկայական սխալ կլիներ։ Բայց շատ ավելի վտանգավոր է ամեն բան տնտեսական տարերքի քմահաճույքին թողնելը։ Պահանջվում է մշտապես ձեռքը պահել հավասարակշռության զարկերակին։ Ուստի, արժե ուշադրություն դարձնել տնտեսագիտության՝ մինչև ոչկոնսերվատիվ հեղափոխությունը ձեռք բերած նվաճումներին։

 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն