«Դոմոդեդովո»-ում տեղի ունեցած պայթյունից զոհվածների թվում Հայաստանի քաղաքացիներ դեռեւս չեն արձանագրվել


«Դոմոդեդովո»-ում տեղի ունեցած պայթյունից զոհվածների թվում Հայաստանի քաղաքացիներ դեռեւս չեն արձանագրվել

  • 24-01-2011 22:16:24   | Հայաստան  |  Հասարակություն
ՄՈՍԿՎԱ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Նախնական տվյալներով` Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում հունվարի 24-ին տեղի ունեցած պայթյունից զոհվածների թվում չկան Հայաստանի քաղաքացիներ, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: Ռուսաստանյան լրատվամիջոցների ժամը 20:00-ի սահմաններում հաղորդած տվյալներով, պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 35-ի: Հիվանդանոց տեղափոխվածների թվի մասին տարբեր աղբյուրներ հաղորդում են տարբեր թվեր 46-ից մինչեւ 58 մարդ: Չի ճշգրտվում այն անձանց թիվը, որոնց օգնություն է ցուցաբերվել տեղում: Ավելի վաղ հաղորդվել էր 31 զոհերի եւ շուրջ 130 վիրավորների մասին։ Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:32 ուղեւորների ժամանման սրահում։ Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության, սպանության եւ ապօրինի զենք-զինամթերքի հատկանիշներով: Իրավապահները չեն բացառում, որ պայթյունը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կարգադրել է անվտանգության հատուկ ռեժիմ սահմանել երկրի բոլոր օդանավակայաններում եւ այլ տրանսպորտային հանգույցներում: Ինչպես «Սիբիր» ավիաընկերությունից տեղեկացրել էին «Ազատություն» ռադիոկայանին, Երեւանից ժամը 17:55-ին Մոսկվա թռչող ինքնաթիռը (թռիչքը 2.5 ժամ է տեւում) վայրէջք էր կատարելու հենց «Դոմոդեդովո»-ում: Իսկ Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռը ժամը 16:35-ին նորմալ վայրէջք է կատարել Երեւանում:
Նոյյան տապան  -   Հասարակություն